Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/132

Այս էջը հաստատված է

եղել Հայաստանում: Այս մծղնե աղանդի հետևողները կոչվում են «պղծագործ». նրանք «անխտիր հաղորդակցություն էին պահանջում տղամարդկանց և կանանց մեջ»: Կորյունն էլ իր հիշած «բորբորիանոսներին» բնորոշում է «ժանտագործ» բառով, որ նշանակում է «պղծագործ», «պոռնիկ»: Թե այդ նշանակությունը ճիշտ է, պարզ է. նա Ս. Գրքի մեջ հիշված պոռնիկ Րահաբին էլ անվանում է «ժանտագործ Րահաբ»[1]: Մեր մատենագիրներն ուրիշ դեպքերում էլ պոռնկությունն այդ բառով են արտահայտում, ինչպես, օրինակ, Ագաթանգեղոսի մեջ[2] «ժանդագործ երկիրն Սոդոմացւոց»: Եփեսոսի ժողովն ուրիշների թվում՝ բանադրել է և մեսալյաններին—մծղնե աղանդի հետևողներին:

Այդ «բորբորիանոս» աղանդավորներին շփոթել են նեստորականների հետ: Բայց այդ սխալ է, քանի որ Նեստորը բնավ շատագով չի եղել պոռնկության: Բացի այդ՝ «Նեստորը Կոստանդնուպոլսի պատրիարք է դարձել 428 թ., որից հետո բացվել է նրա քարոզած վարդապետությունը, որ և մերժվել է Եփեսոսի ժողովում 431 թ.»: Իսկ Մաշտոցի հիշյալ հալածանքը տեղի է ունեցել Եփեսոսի ժողովից տարիներ առաջ: Չնայելով դրան՝ Կորյունի հիշված կտորն այնպես են հասկացել, թե իբր Մաշտոցը հալածել է նեստորականներին և նույնիսկ կենդանի այրել է տվել այդ աղանդավորներին։ Եվ այսպես ոչ միայն այլազգիները (Ֆրիդ. Կոնիբեր), այլև հայերից ոմանք. իբր թե Մաշտոցն «աղանդավորներին կենդանի այրել է», թե դա «մի արատ է մնում Մաշտոցի մեծ արարքի վրա» և թե «աղանդավորների հալածանքը նրա կողմից ավելի մեղմ չի եղել, քան քրիստոնյաների հալածանքը հեթանոսների կողմից»[3]: Հալածանքը, անշուշտ, եղել է և հրամայված է եղել Կոստանդնուպոլսից, թերևս,–ինչպես կան կարծողներ,– իբրև պայման Արևմտյան Հայաստանում հայերեն դպրություն ուսուցանելու թույլտվության։ Այն ժամանակներում այդպիսի հալածանքները - բանտ դնել, ծեծել, գելարաններով տանջել – միայն Մաշտոցի միջոցով չէ, որ կատարել են տվել, և Մաշտոցն էլ իր ժամանակի որդին լինելով՝ չէր կարող կայսեր հրամանն այլ կերպ կատարել. բայց «աղանդավորներին կենդանի այրել», այսինքն խարույկի վրա բարձրացնել, դա Մաշտոցի վերաբերմամբ մի զրպարտություն է, որ ծագել է, ըստ երևույթին, հին հայերենը և առհասարակ հայերեն լավ չիմանալուց։ Կորյունը գրում է. «ապա խ ա ն ձ ե ա լ ս, մ ր ե ա լ ս և գունակ գունակ խայտառակեալս, և յաշխարհէն կորզէին»- ապա խանձեցին, մրեցին ու պեսպես ձևերով խայտառակեցին և աշխարհից դուրս հանեցին (=քշեցին): Այդ թշվառական «խանձել, մրել» բառերը բացատրել են իբրև «կենդանի այրել», առանց մտածելու, թե էլ ի՛նչպես կարող էին «կենդանի այրված» աղանդավորներին զանազան ձևերով խայտառակել և աշխարհից դուրս հանել։ «Խանձել» չի նշանակում մարդուն «կենդանի այրել» խարույկի վրա, այլ նշանակում է՝ խարել, դաղել, խարանել, կեծ երկաթով խարել։ Այսպես վարվում էին պղծագործ, չարագործ աղանդավորների, դյութերի և ուրիշների վերաբերմամբ՝ նրանց վրա խարան, դրոշմ դնելով, ինչպես «աղուեսադրոշմ» կամ «աղուեսախարան» ասածը։ Իսկ «մրել» նշանակում է պարզապես՝ մրոտել, մուր քսել երեսին, մի բան, որ ամենամեծ անարգության, խայտառակության նշան էր և եկեղեցում պահված էր նույնիսկ մինչև մեր օրերը[4]: Թե «խանձել, մրել» բառերով կարելի չէ հասկանալ «կենդանի այրել», բերենք դրա համար մի օրինակ։

  1. Անդ, էջ 26։
  2. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909, էջ 157։
  3. M. Abeghian, Altarmenische Bibelübersetzung, Marburg i. H. 1906, էջ 31:
  4. Կարգաթող հոգևորականներին՝ առանձին արարողությամբ եկեղեցու մեջ կարգալույծ անելուց հետո՝ երբեմն երեսներին մուր էին քսում։– «Հիմար-իմաստուն» կույսերի տոնի օրը երեկոյան ժամերգության ժամանակ եկեղեցում տասն երեխայի ժամաշապիկ էին հագցնում և եկեղեցու ատյանում կանգնեցնում։ Համապատասխան ավետարանը կարդալու ժամանակ՝ վիճակահանությամբ որոշում էին նրանցից հինգն իբրև հիմար կույսեր, և նրանց երեսին մուր էին քսում և զանազան ձևերով խայտառակելով՝ եկեղեցուց դուրս էին հանում։