Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/286

Այս էջը սրբագրված է

ճշմարտութեամբ, և ոչ մեք ի Պատմութեանս հիւսել հաւանիմք։ Զի և ես այր եմ ծերացեալ և հիւանդոտ և անպարապ ի թարգմանութեանց, և զերագելն միայն խոկացի, ոչինչ մաքրագունից պարապեալ բանից, զի և քո կամքդ կատարեսցին, և ես ճողոպրեցայց ի քոց հարկեցուցանող բանից և աղաչանաց. մարդ զքեզ վարկանելով, կարեկցութեամբ մեզ հաւասարեալ, և ոչ, որպէս քերթողքն ասեն, մերձազաւակք և մօտասերք գոլ և նոյնասերմանք աստուածոց՝ իշխանք» (Գ. 65):

Ո՞վ է եղել այդ երիտասարդ իշխանը, որ այնքան հետաքրքիր է եղել դեպի հայոց պատմությունը և շարունակ հարկադրել Խորենացուն գրել այն։— Հավանական է համարվում, որ նա այն Սահակ Բագրատունին է, որին 480-ական թվականներին ապստամբող հայերը մարզպան են կարգում և կանչում։ «Ազդ եղև,— գրում է Ղ. Փարպեցին,— առ տէրն Բագրատունեաց Սահակ, զոր Հայք և զօրավարն Հայոց Վահան ի ժամանակին յայնմ մարզպան կարգէին Հայոց» (Ղ. Փ., էջ 267)։ Ժամանակակից Պատմագիրն այս իշխանին գովելով է հիշում, ասելով՝ «սքանչելի ասպետն Սահակ մարզպան», «լաւի առն Սահակայ մարզպանին ասպետի» (էջ 283, 284)։ Նա եռանդուն մասնակցություն է ունեցել պարսիկների դեմ կռվին և սպանվել է մի մարտի մեջ, ինչպես հաշվում են, 482 թ.։ Շատ պարզ է, որ նա եղել է ազգային կուսակցության պատկանող մի արժանավոր անձ, և բնական է, որ այդպիսի մեկը ցանկանար գրել տալ հայոց պատմություն, ինչպես տարիներ հետո նույնն անել է տվել նրա մարտակիցը, մարզպան Վահան Մամիկոնյանը։

Խորենացին իր Պատմությունը վերջացրել է այդ իշխանի կենդանության օրով, քանի որ նրա գիրքը վերևում հիշված Գ. 65 գլխից հետո ունի միայն երկու գլուխ ևս և վերջին ողբը։ Այսպիսի դեպքում նա Պատմությունը վերջացրած կլինի մոտ 480 թվականին, երբ մոտավորապես 65—70 տարեկան կլիներ նա և կարող էր ասել՝ «ես այր եմ ծերացեալ»։

Պատմության վրա նա անշուշտ աշխատել է մի շարք տարիներ։

4. Աղբյուրները։— Պատմագրի առաջին գործը բնականաբար եղել է հոգալ աղբյուրների համար, որոնց նա առանձին ուշադրություն է դարձնում։ Նա սովորաբար հիշում է իր աղբյուրները։ Չգտնելով ազգային հայկական գրականություն, նա դիմում է օտար հեղինակների, առանձնապես հունականներին, կամ հունարեն լեզվով թարգմանվածներին։ Բայց նրանցից էլ նրան անծանոթ են մնացել կարևորները, ինչպես՝ Քսենեփոն, Ստրաբոն, Ամմիանոս և ուրիշները, որոնցից նա իսկապես կարող էր օգտվել հայոց պատմության համար։

Նա շատերի պես իր Առաջին գրքի պատմությունը՝ «Ծննդաբանութիւն Հայոց Մեծաց», սկսում է սկզբից՝ Ադամից։ Առաջին չորս գլուխները (4 — 7), Ադամից մինչև Նոյ, հայոց պատմությանը չեն վերաբերում, այլ այդտեղ նա խոսում է նախաջրհեղեղյան և ետջրհեղեղյան շրջանի մասին ըստ Ս. Գրքի։ Բայց հիշատակում է նաև «այլ պատմագիրներ». Բերոսոս, Աբյուդենոս, Բազմավեպ, Կեփաղիոն։ Սակայն այդ հին նշանավոր