հետ ձգեց իմ դեմքին. բայց նա ոչինչ չարտասանեց, միայն ձեռքը հանեց վերմակի տակից և կամաց, քնքշորեն ուղղեց ճակատիս վրա թափված մազերը։
— Այսօր հայրիկի մոտ եղե՞լ ես,— հարցրեց երկար լռությունից հետո։
— Եղել եմ։
— Ի՞նչպես է։
— Ինչպես առաջ։
— Քեզ դարձյալ չճանաչեց։
— Ոչ։
— Մեզանից ոչ ոքի անունը գոնե չի՞ տալիս։
— Ոչ։
— Մայրիկին է՞լ չի ճանաչում։
— Ոչ ոքի։
— Ի՞նչ է խոսում։
— Համարյա ոչինչ, միշտ լռում է։
— Երևի չի կարողանում խոսել։
— Երևի։
Երկուսս էլ լռեցինք։
— Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, քույրիկ,— հարցրեց նա, լռությունը խզելով։
Հանկարծ զգացի, որ արտասուքը խեղդում է ինձ։ Արագությամբ համբուրեցի նրա ճակատը, թողի և ուղղվեցի դեպի դուռը։
— Ա՛ննա,— կանչեց ետևիցս։ Կանգ առա, առանց նրա կողմը նայելու։— Մայրիկին ոչինչ չասես։
Հասկացա, որ խոսքն արյան մասին էր։
— Չեմ ասի,— պատասխանեցի որքան կարող էի հանգիստ ձայնով, որ, սակայն, չհաջողվեց ինձ, և շտապով դուրս գնացի։ Եվ այդ ժամանակ թե ո՛րքան և ինչպես լաց եղա, սիրելի քույրիկ, դրա մասին լռում եմ։ Միանգամից սրտիս մեջ փշրվեց բոլո՜ր, բոլո՜ր հույսս...