Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/21

Այս էջը հաստատված է

ուներ երկու ձեռքով շուտ-շուտ ուղղելու մազերը և ականջների ետևը քաշելու։ Երբ ժպտում էր, նրա աչքնրը հեգնական, կծու արտահայտություն էին ստանում, իսկ զարմանալիս նրա այնքան շարժուն դիմագծերը հանկարծ սառչում, քարանում էին և առանց այն էլ խոշոր աչքերը զարմանալի կերպով մեծանում էին ու խորանում։

Ժամանակը թռչում էր աննկատելի կերպով։ Շահյանի ձանձրույթը չքացել էր։ Խոսակցությունը շարունակվում էր անվերջ։ Բացի Սուրենից, որ, գլուխը հոր ծնկան վրա դրած, քնել էր, խոսակցությանը չէր մասնակցում մեկը. դա Մարությանի եղբոր աղջիկն էր — Աշխենը։

Նա նստած էր նստարանի ծայրին, լուսամուտի մոտ, գունատ ու վտիտ և կարծես աշխատում էր, որ իր ներկայությունն աննկատելի մնա։ Շահյանը երբեմն հետաքրքրությամբ նայում էր Աշխենին, և նրան զարմացնում էր այդ աղջկա երկայն նիհար դեմքի վերին աստիճանի անշարժ, քարացած արտահայտությունը։ Այնինչ՝ Աշխենը տգեղ չէր. նա մինչև անգամ կարող էր գեղեցկուհի համարվել, եթե չափից դուրս նիհար չլիներ։ Եվան շատ հաճախ դիմում էր նրան զանազան հարցերով, բայց նա պատասխանում էր կարճ, կտրուկ և բոլոր ժամանակ նայում էր լուսամուտից դուրս, որտեղ անվերծանելի խավարի մեջ դեպի հակառակ կողմն էին թռչում շոգեմեքենայի ցանած կայծերը։ Երբեմն միայն իր խելացի աչքերը հեռացնում էր լուսամուտից և հանդարտ, անտարբեր հայացքով նայում էր Շահյանին, նայում էր այնպես, որ կարծես նրա բռնած տարածությունը դատարկ տարածություն լիներ, և ինքը նայում էր այդ դատարկ տարածության մեջ և չէր տեսնում Շահյանին։ Այդ միջոցներին միայն Շահյանը կարողանում էր ուղիղ նայել նրա դեմքին և ամենևին չէր կարողանում հասկանալ, թե ինչ տպավորություն է թողնում այդ աղջիկն իր վրա. միայն զգում էր, որ եթե Աշխենը խոսեր իր հետ, ինքը չէր կարողանալ նրա հետ խոսել այնպես ազատ, ինչպես խոսում էր Մարությանի, նրա կնոջ և նրա աղջկա հետ։

Ինչ-որ զսպող և ճնշող բան կար Աշխենի խելացի աչքերի և կրծքային ձայնի մեջ։