― Անտո՜նիո,— կանչեց նա։
Պատանի երաժիշտը, որ վերցրել էր դրամը և ուզում էէր հեռանալ, կանգ առավ և նայեց վերև։
— Համաձայնիր գոնե, որ ամեն երեկո, ճիշտ այս ժամին, կգաս կնվագես պատուհանիս տակ։
— Կգամ։ Բայց ոչ նորից սրա համար,– ասաց Անտոնիոն ցույց տալով ձեռքի դրամը։
― Ա՞յլ։
— Գեղեցկության համար։
Այս անգամ պատանի երաժշտի ոտների առջև ընկավ գեղեցիկ աղջկա կրծքի կարմիր մեխակը։
Ու գալիս էր։
Ամեն երեկո, երբ արևի վերջին ճառագայթները էլեկտրական լույսեր էին վառում պալացցոների պատուհաններին, Ջուլիետտայի լսողությունը փաղաքշում էին միշտ նոր, միշտ դյութիչ հնչյունները։
— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի բարձրանալ ինձ մոտ, իմ սենյակում նվագելու։
Անտոնիոն լուռ բարձրացավ Ջուլիետտայի սենյակը։
— Անտոնիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի ինձ հետ մի զբոսանք կատարելու ծովի վրա։
Լուսնի կաթնագույն լույսի տակ, ծովի հանդարտ ջրերի վրա մեղմիկ սահում էր մակույկը և գիշերային անհուն խաղաղության մեջ տարածվում էին դյութական հնչյունները։ Ամբողջ բնությունը, կարծես լսողություն դարձած, ականջ էր դնում այդ հնչյուններին, որոնք թևատարած, սահուն ու թեթև, թռչում տարածվում էին չորս բոլորը և մարում ծովի խաղաղ ջրերի մեջ, պարզ ու թափանցիկ օդի մեջ։
— Անտո՜նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ թույլ չես տա գլուխս դնեմ ծնկանդ վրա։
— Օ՜․․․— հառաչում է միայն պատանի արտիստը վառված աչքերով և նրա կնտկնտոցի տակ ջութակի հնչյունները նոր թափ են առնում նոր, մինչև այդ չլսված նյուանսներով։
Ջուլիետտայի ոսկեգանգուր գլուխը հանգչում է Անտոնիոյի ծնկան վրա և թավշյա աչքերը հիացքով, սիրով ու երջանկությամբ վարից վեր նայում են պատանի երաժշտի վերասլաց դեմքին։ Մակույկի մեջ, լուսնի կաթնագույն լույսի տակ, ինչպես ձյուն, փայլում էր նրա սպիտակ