Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/11

Այս էջը հաստատված է

Հորինելու և բաղադրելու ձիրքը, որը կազմում է հնարամտության հիմքը և որին գանգաբանները (ըստ իս՝ բոլորովին անհիմն) հատուկ օրգան են հատկացրել, երբեմն նկատվում է նաև այնպիսի մարդկանց մոտ, ում բանականությունը մնացած բոլոր ոլորտներում սահմանակից է բթությանը։ Այդ փաստը բազմիցս արժանացել է մարդկային բարքերով հետաքրքրվող գրողների ուշադրությանը։ Հնարամիտ և վերլուծող կերպարների տարբերությունը նույնիսկ ավելի խորն է, քան այն, որն անջատում է երևակայությունը ցնորաբանությունից, չնայած այդ տարբերությունները նույն բնույթն ունեն։ Փաստորեն դժվար չէ նկատել, որ հնարամիտ մարդիկ մեծ մասամբ հակված են երազել, մինչդեռ իսկապես վառ երևակայությամբ օժտվածները միշտ էլ վերլուծական նկարագիր ունեն։

Հետևյալ պատմությունը ընթերցողին կներկայանա որպես վերը շարադրված դիտողությունների յուրօրինակ մի մեկնաբանություն։ 18... թվականի գարունը և ամռան որոշ մասը ես անցկացրի Փարիզում, ոմն մսյո Օգյուստ Դյուպենի հետ։ Այդ երիտասարդ պարոնը սերում էր մի ճանաչված, ես կասեի նույնիսկ հռչակավոր ընտանիքից, բայց տարաբախտ հանգամանքների բերումով այն աստիճան ողբալի դրության էր հասել, որ կորցրել էր իր բնական եռանդն ու ձգտումները և թողել էր իր երբեմնի կարողությունը վերադարձնելու բոլոր փորձերը։ Վարկատուների սիրալիության շնորհիվ նա դեռ տնօրինում էր հայրական ժառանգության մի չնչին մասը, որի տոկոսներով մի կերպ քարշ էր տալիս իր անպաճույճ կենցաղը։ Միակ շռայլությունը, որ նա իրեն թույլ էր տալիս, գրքերն էին, իսկ գրքասիրությունը Փարիզում բավական մատչելի հաճույք է։

Առաջին անգամ մենք հանդիպեցինք Մոնմարտրի փոքրիկ գրախանութներից մեկում և իսկույն ծանոթացանք, որովհետև բախտի բերումով երկուսս էլ միևնույն հազվագյուտ գիրքն էինք փնտրում։ Դրանից հետո մենք բավական հաճախ էինք հանդիպում։ Ինձ շատ հետաքրքրեց Դյուպենի տոհմի պատմությունը, որը նա ինձ պատմեց իր մասին խոսող յուրաքանչյուր ֆրանսիացուն հատուկ կատարյալ անկեղծությամբ։ Ինձ ապշեցրեց նաև նրա սպառիչ կարդացածությունը և թարմ ու պայծառ երևակայության ջահելական ավյունը։ Ես այն ժամանակ Փարիզում հատուկ հետաքրքրություններ ունեի և այդպիսի մի մարդու