Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/110

Այս էջը հաստատված է

որպես ճշմարտություն և նրանցից իր ցանկացած եզրակացությունը դուրս բերել։ Օրինակ, Ֆարհադը հարցնում է Սագոյից իրանց մի երրորդ ընկերի, Հասոյի մասին, թե ինչ է շինում նա։ Սագոն պատասխանում է.— Գրողը անի նրան, հիմա տուն ու տեղի տեր է դարձել, վար է վարում, ցանք է անում, կնիկ ունի, ամեն տարի երկու հատ ծնվում են, տունը լիքն է երեխաներով, ճանճերի նման վժվժում են (եր. 156)։

Պ. Հայկունին այդ խոսքերից դուրս է բերում այն միտքը, որ Հասոյի կինը «խոզի ցեղից է եղել, որ կարողացել է ամեն տարի երկու հատ զավակ ծնել։ Զզվելի է խոսակցության մեջ, այդ տեսակ ասացվածները կարելի է պարզել հետևյալ օրինակով. Ես ասում եմ, որ տիրացու Գեղամը ամեն մի րոպեում յոթանասունյոթ անգամ սուտ է խոսում։ Այդ չէ նշանակում, որ ոչ մի անգամ չէ պատահել, որ տիրացու Գեղամը յոթանասունյոթ անգամից պակաս սուտ խոսեր։ Այլ այդ նշանակում է, որ նա չափազանց ստախոս է։ Այնպես էլ Սագոյի խոսքերից երևում է, որ Հասոյի կինը բազմածին է և ոչ թե «խոզի ցեղից»։

Այս բոլորից հետո հասկանալի է, թե ինչ արժեք պետք է տալ պ. Հայկունու կրիտիկային։ Հիմա դառնանք նրա մի քանի այլ նկատողություններին։

Որքա՜ն մեծ դժվարությունների պիտի հանդիպի վիպասանը երբ ձեռնարկում է մեր ազգային թե ներկա և թե անցյալ կյանքից մի վեպ գրելու։ Մեր գրականությունը վիպասանի համար համարյա ոչինչ պաշար չէ պատրաստել, որ նրա աշխատությունը հեշտացնե: Իմ խոսքը գլխավորապես տաճկաց և պարսկաց հայերի մասին է։ Մենք չունենք այդ երկրների նոր քարտեզն անգամ, մենք չունենք լավ հետազոտված էտնոգրաֆիական գրվածքներ այդ երկրների ազգաբնակության մասին, մենք համարյա ոչինչ չունենք, ինչ էլ որ ունենք, բոլորը թերի, անկատար, խառնի խուռն և երկբայական են։ Վիպասանը ստիպված է անձամբ ճանապարհորդել և ուսումնասիրել բոլորը։ Իսկ այդ ամեն վիպասանի հազիվ կհաջողվի։ Մինչ դեռ մի եվրոպացի գրող իր կաբինետի մեջ կարող է ձեռքի տակ ունենալ այն բոլոր գրքերը, ինչ որ նրան պետք են։ Հարյուրավոր մարդիկ նրա համար աշխատել, նրա գործը հեշտացրել են։

Չնայելով այդ բոլոր դժվարություններին, «Կայծերը» ներկայացնում է մեզ որպես կատարյալ նկարագիր իր պատմական,