Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/139

Այս էջը հաստատված է

նորոգությունների և միաբանության պահպանության համար ոմանք սեփականացնում էին գյուղեր, ագարակներ և զանազան անշարժ կալվածքներ։ Այդ բոլորը համարվում էր բարեգործություն։ Տեսնում ենք, միևնույն դարում, համարյա միևնույն ժամանակ կառուցվել են զանազան մեծ ու փոքր գետերի վրա բազմաթիվ կամուրջներ։ Շինողները նույնպես ապահովացրել են կամուրջների գոյությունը, թողնելով նրանց ապագա նորությունների համար անշարժ կալվածքների եկամուտներ։ Այդ նույնպես բարեգործություն էր համարվում։ Նույնպիսի բարեգործական նպատակներով մեր իշխաններից շատերը հարթել են ճանապարհներ և լեռնային բարձրավանդակների վրա, բնակությունից մեկուսացած տեղերում, կարավանները ցրտից և բուքից պատսպարելու համար, շինել են իջևաններ, պանդոկներ։ Բարեգործություն էր համարվում և անապատ տեղերում աղբյուրներ անցկացնելը, որ ճանապարհորդները ջուր գտնեն խմելու։ Բարեգործություն էր համարվում և ջրանցքներ բաց անելը, որ դյուրացնեն երկրագործությունը։ Ամեն մի ջրանցքի, ամեն մի աղբյուրի հետ պահպանվել է բացանողի անունը և յուրաքանչյուր վայելող սրբազան պարտք է համարում «ողորմի» ասել հիմնողի հոգուն։

Երբ մի հասարակություն այնքան զարգացած չէ, որ համայնական ուժերով հոգա ընդհանուրի պետքերը, այդ դեպքում մասնավոր բարեգործների արածը ունի իր օգտավետ նշանակությունը: Բայց որովհետև բարեգործությունն ևս ունի իր հրապուրիչ կողմերը, այդ պատճառով բարեգործներն ունենում են շատ հետևողներ։ Օրինակ, մեկը մի վանք է շինում, ժողովուրդը շնորհակալ է լինում նրանից, օրհնում է և հարգում է նրան։ Այդ փառքը գրգռում է և մյուսների բարի նախանձը, և սկսում են բոլորը վանքեր շինել։

Այդ բոլորը շատ լավ է, բայց ունի և իր վնասակար կողմերը: Երբ մի բարեգործ, մյուսին հետևելով, անում է այն, ինչ որ մյուսն է արել, այսպիսով, միևնույն հիմնարկությունները այնքան բազմանում են, որ հասարակության պահանջի հետ համեմատելով, ոչ միայն ավելորդ են դառնում, այլ նրանց պահպանությունը մի ծանր բեռն է լինում հասարակության վրա։ Մի ժամանակ վանքերն ու եկեղեցիներն այնքան բազմացան, որ եթե հասարակությունը իր բոլոր միջոցները գործ դներ, հազիվ թե կարող էր պահպանել նրանց գոյությունը։ Եվ բարեգործության այդ այդյունքները ավելացրին Անդրկովկասի ավերակների թիվը։