Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/222

Այս էջը հաստատված է

եկած մելիքները։ Կաթողիկոսներն ընտրվում էին դարձյալ միևնույն տոհմից։ Եվ այսպիսով քահանապետությունը և մարմնավոր իշխանությունը գտնվում էր միևնույն տոհմի ներկայացուցիչների ձեռքում։

1651 թվին խոտորաշենցի Սիմեոն անունով մեկը (որը Հասան֊Ջալալյանների տոհմից չէր, այլ մի հասարակ քահանայի որդի էր) է Մռավ լեռան մթին ձորերի մեկի մեջ հիմնեց մի վանք Երիցմանկաց անունով և այդ վանքի կաթողիկոսը դարձավ։ Նրանից սկսվեցավ մի նոր և Աղվանից վաղեմի կաթողիկոսարանին հակաթոռ կաթողիկոսություն[1]: Այդ երկու միմյանց հակառակ կաթողիկոսարանները (Գանձասարի վանքը և Երիցմանկաց վանքը) կանգնած էին միմյանց հանդեպ, ոչ ավելի, քան 24 ժամ ճանապարհի հեռավորությամբ։ Առաջինը գտնվում էր Խաչենի գավառում, իսկ երկրորդը` Ջրաբերդի գավառում։

Երիցմանկաց վանքհ կաթողիկոսների աթոռակալությունը տևեց 1651 թվից մինչև 1800 թվականի վերջը։ Դա այն ժամանակամիջոցն էր, երբ Ղարաբաղի հայերի ամեն մի իզուր վատնած րոպեն նրանց համար մեծ կորուստ էր։ Այդ ժամանակամիջոցում զարթնել էին Ղարաբաղի մելիքների անկախության ձգտումները, նրանք, սկսյալ Պետրոս Մեծի օրերից, ծանրակշիռ բանակցություններ ունեին ռուսաց արքունիքի հետ, պատերազմում էին պարսիկների և օսմանցիների հետ. ամբողջ Ղարաբաղը շարժման մեջ էր։ Այդ տարիները Ղարաբաղի պատմության ամենատագնապալի ժամանակներն էին…

Բայց ի՞նչ էին շինում կաթողիկոսները։

Բաղդասար միտրոպոլիտի կազմած և մեր ձեռքում այժմ գտնված զանազան ֆիրմանների և հրովարտակների հավաքածուից երևում է, որ Գանձասարի և Երիցմանկաց կաթողիկոսարանների միմյանց հակառակ աթոռակալները[2], հիշյալ ժամանակամիջոցում, երբ Ղարաբաղի ժողովուրդը զբաղված էր իր հայրենիքի անկախության խմբերով, կաթողիկոսները, ընդհակառակն, զբաղված են եղել կռիվներով, միմյանց վրա գանգատներ անելով, միմյանց ձեռքից վիճակներ խլելու համար։

  1. Սիմոնին հաջորդեց նրա ազգական Ներսեսը, հետո Ներսեսի քրոջ որդի Իսրայիլը, հետո Սիմոնի եղբորորդի փոքր Սիմոն կաթողիկոսը, որ վերջինն էր:
  2. Երիցմանկաց վանքի կաթողիկոսների ժամանակակիցները Գանձասարի վանքում էին՝ Երեմիա, Եսայի, Հովհաննես և վերջինը Սարգիս, որ վախճանվեցավ 1828 թվին։ Բոլորը Հասան-Ջալալյան իշխանների տոհմից էին: