Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/286

Այս էջը հաստատված է

թագավորը (Գիորգին) հողերի այնպիսի զիջումներ աներ, որ մելիքների համար ամենաշահավետ պայմաններով լիներ. և որովհետև մի այսպիսի հասարակություն չէ կարող բնակության հաստատ հիմք ունենալ և ընդարձակել իր հառաջադիմությունը, մինչև որ պահպանված չլինեն նրա սովորությունները և կառավարության ձևերը, որոնք հին ժամանակներից հատուկ են եղել նրան,— այդ պատճառով և ցանկալի կլիներ, որ նա (հայոց հասարակությունը) ոչ այլ տեսակ կախումն ունենար Վրաստանից, բայց միայն վասալների տեսակով, վճարելով այնուամենայնիվ թեթև հարկ թագավորին, և բաժանելով նրա հետ այն ամենը, ինչ որ հարկավոր կլիներ թե ծախքերի վերաբերությամբ, և թե մարզիկների գործակցությամբ երկրի պաշտպանության դեպքում»։

Վրաստանն այդ ժամանակ այն աստիճան խռովյալ դրության մեջ էր, որ իշխան Գիորգին խիստ նպաստավոր համարեց հայոց մելիքների և նրանց հպատակների ահագին բազմությամբ վրաց հողի վրա բնակություն հաստատելը։ Մելիքները կարող էին նրան զորավոր դաշնակիցներ լինել։ Կովկասյան լեռնաբնակների հարձակումները մի կողմից, վրաց իշխանական գերդաստանի անդամների երկպառակությունները մյուս կողմից, երկիրը անդադար ալեկոծության մեջ էին պահում։ Գիորգիի եղբայրները, նրա ազգականները ամեն օր նորանոր խռովություններ էին հարուցանում: Եղբայրներից մեկը, իշխանազն Ալեքսանդրը, հակված էր պարսիկների կողմը և գործում էր հակառակ ռուսների և հակառակ իր եղբորը։

Այդ հանգամանքներն էին պատճառը, որ մելիքների պահանջը կատարվեցավ։ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը ստացավ Գիորգի իշխանից Լոռիի գավառը իր սահմաններով և Բորչալուի մի մասը, որոնց մեջ նա իր հպատակների հետ բնակություն հաստատեց։ Իսկ Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մնացած մասը և Աղջա֊Կալան։ Իսկ Մելիք֊Աբովը (Մելիք-Ֆրեյդունի հորեղբայրը) ստացավ Բոլնիսը իր սահմաններով։ Այնուհետև մելիքները ձեռք բերեցին և ուրիշ հողեր, այն չափով, ինչ չափով որ հետզհետե ավելանում էր նրանց հպատակների թիվը:

XXXVII

Երբ Ղարաբաղի հայ ժողովրդի մի մասը իրանց մելիքների հետ զետեղվեցան Վրաստանում, այդ ժամանակ Ղարաբաղի երեք