Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/35

Այս էջը հաստատված է

ՆՊԱՍՏԵՆՔ

Երբ Կ. Պոսում կազմվեցան զանազան ընկերություններ «Արարատյան», «Կիլիկյան», «Դպրոցասիրաց արևելյան» — Հայաստանում ուսում տարածելու նպատակով, մեզանից շատերը սկսեցին մտածել ինչ հարկավոր են այսքան ընկերություններ, միթե նպատակը միևնույնը չէ, ավելի լավ չէր լինի, եթե բոլորը միանային, կազմեին մի ամբողջ և ավելի հիմնավոր ընկերություն։

Մտածությունները իրավացի էին։ Ընկերությունները կազմրված էին բարեգործական հիմունքների վրա և պիտի պահպանվեին նվիրատվություններով։ Բայց մեր հասարակությունը չգիտեր, որը մեկին նվիրել յուր հանգանակությունները։ Բոլորը միևնույն ասպարեզում, բոլորը միևնույն նպատակի համար էին գործում։ «Մշակը» որպես արձագանք մեր ժողովրդի պահանջների, բարձրացրեց ընկերությունների միացման հարցը։

Կ. Պոլսի հայերը, որոնք ավելի մեծ հույսեր, ավելի մեծ ակնկալություններ ունեին մեզանից, ռուսահայերիցս, իհարկե նյութական օժանդակությունների կողմից, ընկերությունների միացնելու հարցի մեջ ոչ միայն մեզ հետ համաձայն գտնվեցան, այլ լիապես կատարեցին մեր փափագը, «Մշակի«» վերջին համարներում հրատարակվեցավ, որ ընկերությունները արդեն միացել են ընդունելով «Միացյալ ընկերությունք» անունը։

Այժմ ի՞նչ է մնում մեզ անել։

Այժմ մնում է մեզ կրկնապատկել մեր բարեգործական եռանդը, և մեր նյութական զոհաբերություններով միացյալ ընկերություններին ուժ և խրախույս տալ։

Մեզանից ամեն մեկը համոզված է, որ ուսումը, կրթությունը ամենագլխավոր միջոցներն են, որոնք, թեև փոքր—ինչ ուշ, թեև դանդաղ կերպով, բայց վերջապես կհարթեն ավելի հիմնավոր ճանապարհ տաճկահայերի առջև մի ապագա բարօրության հասնելու համար։ Մենք համոզված ենք, որ Թուրքիայի հայը դպրոցի մեջ պիտի գտնե յուր վերածնությունը, յուր բախտը։ Եվ այն բարիքները, որոնցից մինչև այսօր զրկել էր հային բարբարոս Թուրքիան, այն բարիքները, որ եվրոպական դիպլոմատիան այնքան ժլատությամբ է բաժանում հայերին, հայի որդիները պիտի ստանան դպրոցական վարժապետների ձեռքից: