Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/397

Այս էջը հաստատված է

սերտ կապեր ունի և նրանցից ստանում է հարկավոր տեղեկությունները: Եվ այսպիսով, հիշատակարանի մեջ գործող անձը դառնում է, միևնույն ժամանակ, նրա գրողը, նրա հեղինակը:

Պատահում են շատ վեպեր, և իմ վեպերից մի քանիսը այդ ձևով է գրված, որ ամրողջ վեպը սկզբից մինչև վերջը պատմում է գործող անձինքներից մեկը։ Բայց այստեղ հեղինակը հայտնի է: Նա միայն յուր խոսքը յուր ստեղծած տիպի բերանն է դնում, և յուր վիպասանության վերաբերությամբ` բոլոր պատասխանատվությունը յուր վրա է առնում։

Բայց Մակար վարդապետը հրաժարվում է իրան «Գաղտնիք»-ի հեղինակ ճանաչել: Մնում են Բեկնազարյանները, որոնք թե անձամբ խառն են կատարված անցքերի մեջ և թե իրենց հիշատակարանի մեջ գրում են նույն անցքերը։ Եվ այսպես անցքերի ճշտության պատասխանատվությունը մնում է վերջինների վրա։ Ուրեմն, եթե հայտնվեն փաստերի մեջ զեղծումներ և խոշոր զեղծումներ, — պետք է ընդունել երկուսից մեկը, կամ Բեկնազարյանները ստախոսներ են և իրենց երևակայության ցնորքները տալիս են մեղ իբրև զուտ պատմական փաստեր, կամ նրանք բանաստեղծական անձնավորություններ են, այլ մի անհայտ հեղինակ գրել է այդ հիշատակարանը և Բեկնազարյանների անունով նույն զեղծումներն է անում,— աղավաղում է պատմությունը։

Վերջին դեպքում, «Գաղտնիք»֊-ը կկորցնե յուր հարազատությունը և կդառնա մի անհայտի կեղծ աշխատություն։ Թո՛ղ լինի այդ անհայտը Մակար վարդապետը, կամ մի ուրիշը, —միևնույն է:

Ահա ինչու ասում էի ես, թե երբ մի անգամ ապացուցվեցավ, որ Բեկնազարյանները երևակայական անձնավորություններ են,— իսկույն փուլ կգա և կփշրվի ամբողջ «Գաղտնիք»-ը։

Դիմենք փաստերին։

«Գաղտնիք»-ի մեջ գտնում ենք անթիվ գաղտնի թղթակցություններ կամ ամբողջապես, կամ նրանց բովանդակությունը։ Այս տեսակ գաղտնի թղթակցությունները թե պետությունների և թե մասնավոր բարձր պաշտոնակալների հարաբերության մեջ, սկզբում խստիվ պահվում են դիվաններում, քանի դեռ գործողությունները չեն վերջացած։ Իսկ գործողությունները վերջանալուց հետո, նրանք դառնում են հնադարանների (արխիվների) սեփականություն։ Ապագայում, շատ հեռավոր ապագայում, նրանցից սակավներին է վիճակվում պատմության նյութ դառնալ։