Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/73

Այս էջը հաստատված է

Նրա հոդվածը տպվում է, համարները մինը մյուսի ետևից դուրս են գալիս, դեռ ճշմարիտ կրիտիկական ոչինչ չկա։ Փողոցում նրան դարձյալ նկատողություն են անում. «Պարոն, այդ ինչ տեսակ կրիտիկա ես գրում. քո ասածները ոչ մեկը վեպին չէ վերաբերում. դու «Կայծերի» մեջ գործող անձինքներր, նրա տիպերը չքննեցիր, նրանց բնավորությունների, նրանց մտավոր և հոգեբանական կողմերի մասին ոչինչ չասեցիր»։ Դարձյալ դժվարություն։ Պետք է մի բան ասել։ Բայց որտե՞ղ ասել, հոդվածը արդեն վերջանալու վրա է։ Որտեղ էլ որ լինի, միևնույն է, և պարոն կրիտիկոսը մի տեղում մտցնում է այս տողերը.

Ես իմ հոդվածումը մի խոսքով անգամ չշոշափեցի «Կայծերի» հերոսների հոգեբանական կողմերը, որովհետև այդ կողմերը թույլ շատ թույլ էին և կարծես թե չկային»։

Ուր մարդիկ ապրում են, մտածում են, գործում են, սիրում են, ատում են, տրտմում են, ուրախանամ են,— ուր մարդիկ գազանների կատաղություն ունեն և աղավնու հեզություն, չէ կարելի ասել, թե նրանց մեջ չկան հոգեբանական կողմեր։ Առանց հոգու մարդը ոչինչ զգացմունք չունի, նա անշունչ դիակ է։ Բայց կարծեմ ինքը պ. Հայկունին հակառակում է իրան, որ «Կայծերի» հերոսներին բոլոր հոգեկան զգացմունքներից զուրկ դիակներ է համարում, որովհետև մի տեղում նա համեմատում է այդ վեպի հերոսներին այնպիսի անձնավորությունների հետ, որոնք մի ամբողջ աշխարհ սուգի մեջ դրին…

Պ. Հայկունու հոդվածում ոչ մի միտք իր տեղում չէ. նրա մեջ կարգ, դասավորություն չկա. նա անդադար մեկ միտքը թերի թողնելով, դեպի մյուսն է թռչում։ Եվ այդ առաջ է եկել նրանից, որպես վերևում ցույց տվի, որ նա իր տեղեկությունները հավաքել է ուրիշների նկատողություններից, և այդ արել է այն ժամանակ, երբ նրա հոդվածը արդեն սկսել էր տպվել, հայտնի բան է, որ դասավորություն չէր կարող լիներ: Այդ հոդվածը կարդալիս հիշեցնում է այն մուրացկաններին, որոնք փողոցներում ինչ, շորի կտոր որ ընկած են տեսնում, վեր են առնում, բերում են տուն և կարում, կարկատում են իրանց քրքրված վերարկուի վրա, այսպիսով դառնում է մի խայտաճամուկ բան։

Ասածներիս իբրև ապացույց, ես մատնացույց կանեմ մի ավելի հատկանիշ կետի վրա։ Պ. Հայկունու կրիտիկան տպվել, ստորագրվել և վերջացել էր արդեն: Անցել էին շաբաթներ, անցել էին ամիսներ։ Հանկարծ նրան հիշեցնում են, թե «Կայծերի» մեջ