Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/77

Այս էջը հաստատված է

պարսիկների կյանքը, իսկ հայերի կյանքի նկարագրությունը թույլ է գտնում, որովհետև հեղինակը իր տեղեկությունները հայերի մասին, նրա կարծիքով քաղել է լրագիրներից և մի քանի անկատար անճիշտ գրքերից։ Հանկարծ այդ բոլորը մոռանալով, մի այլ տեղում ասում է, որ «Կայծերի» մեջ բոլորովին կյանք չկա։ Ահա նրա խոսքերը.

«Նրանում («Կայծերի» մեջ) չկա կյանք, ոչ անցյալի և ոչ էլ ներկայի։ «Կայծերը» ոչ պատմական վեպ է, ոչ էլ ժամանակակից: Այլ նա մի վեպ, մի գրվածք է հայ ապագա կյանքից։ «Կայծերը» — եթե կարելի է այսպես ասել — իբր մի ծրագիր է տաճկահայերի ապագա կյանքին, գործունեությանը։ Եվ որովհետև նա մի ծրագիր է, ուրեմն վեպ, գեղարվեստական գրվածք կոչելու իրավունք չունի» և այլն։

Այդ խոսքերից երևում է, որ «Կայծերը» հեքիաթ չէ, ինչպես պ. կրիտիկոսը իր հոդվածի սկզբում ամենայն ջանքով աշխատում էր ապացուցանել։ Այժմ պ. կրիտիկոսը «Կայծերի» համար մի նոր անուն է հնարել «ծրագիր»։

Կրիտիկոսի պարտավորությունն է ցույց տալ իր քննության առարկա ընտրած գրքի գրականության որ ճյուղին պատկանելը: Պ. Հայկունին ևս այդ պայմանը ի նկատի է ունեցել, որ «Կայծերը» առաջ կոչել է հեքիաթ, իսկ հետո ինքն իրան հակառակելով, կոչում է ծրագիր։ Ես այդ ծրագիր բառի վրա էլ պիտի կանգնեմ։

Ի՞նչ է նշանակում ծրագիր։ — Առանց բացատրելու, ամեն մարդ գիտե ծրագրի նշանակությունը։ Բայց մի վեպի համար ասել ծրագիր, ես կարծում եմ, պետք չէ հասկանալ մի որևիցե կանոնադրություն գանազան հոդվածների և պարագրաֆների թվանշաններով։ Վեպը այդ ձևերը չունի իր մեջ։ «Կայծերի» մեջ ևս այս տեսակ պարագրաֆներ չկան։ Այսուամենայնիվ, ամեն մի վեպ, որ բովանդակում է իր մեջ որոշ տենդենցիա, կարելի է փոխաբերական կերպով ծրագիր կոչել, թեև այդ անունը շատ անհարմար է: Շպիլհագենի «Անտառապահի ընտանիքը» կոչված վեպը նույնպես մի ծրագիր է մշակների հարցի վերաբերությամբ։

Բայց վեպի ձևով գրված ծրագիրը բոլորովին ուրիշ կերպարանք ունի։ Նրա մեջ պարագրաֆների տեղ ծառայում է նույն իսկ կյանքը իր բազմակողմանի երևույթներով։ Ուրեմն, եթե «Կայծերը» պ. Հայկունու կարծիքով մի ծրագիր է նրա մեջ ևս անպատճառ պետք է կյանքի նկարագրությունները լինեն։ Այլևս ի՞նչ