Գուցե սառը ջրի գրգռումից հիվանդը մի փոքր զվարթաթև զգաց, սկսեց շարժվել, աչքերը բացել, հազալ ապա երկու անգամ փռշտաց։
— Փա՜ռք աստծո, «ջահտ բերեց»[1] (այսինքն երկու անգամ փռշտաց),— ասաց պառավ Մարթան ուրախանալով։ Աստուծով խեյր է երեխադ կփրկվի սուրբ տիրամոր շնորհիվ։
— Սուրբ տիրամոր ձեռքը թող ամեն անճարների վրա լինի, ասաց Խաթուն-Բաջին։— Աստված քեզ էլ հանգիստ, արքայություն թող պարգևե, քու՛յր Մարթա... Նուբարի երեսը թող սևանա, որ այդ չարը բերեց երեխիս գլխին...
— Ի՞նչ է արել Նուբարը,— հարցրուց պառավը։
— Չէ՞ որ ասացի, թե վախեցրեց երեխիս մարդագայլի անունով։
— Ի՞նչ մարդագայլ։
— Բա, չե՞ք լսել, ասում են գիշերով մարդագայլը ման է գալիս։
— Տեր ողորմյա,— գլուխը շարժելով կրկնեց պառավը։— Դեռևս շատ այդպիսի բաներ կլսեն մեր մեղավոր ականջները...։ Բայց դուք ե՞րբ եք լսել Խաթուն-Բաջի, խոսքը փոխեց պառավը։
— Արդեն մեկ շաբաթ է, այդ զարհուրելի լուրը պտտվում է,— շարունակեց Խաթուն-Բաջին․ ասում են մի քանի գյուղերից մարդագայլը հափշտակել է գառներ, ոչխարներ, այլև՛, քա՛ր դառնա նրանց ծնողների սիրտը...— խլել է օրորոցներից տղաներ...
Պառավ Մարթան վերջին խոսքը լսելով զարհուրեց։
— Այդ աստուծո պատիժն է, որով կամենում է խրատել մեղավոր մարդոց,— ասաց նա.— մի անգամ ևս մարդագայլը երևաց, երբ ես իմ հոր տանը աղջիկ էի։
— Բայց այս վերջինը խիստ շատ կատաղի է,— պատասխանեց Խաթուն-Բաջին։
- ↑ Մի անգամ փռշտալը հայոց մեջ նշանակում է է մի չար նախագուշակություն. Պարսկաստանում այդ կոչում են սաբր, այսինքն համբերություն։ Այդ պատճառով, ով որ մի գործի և մի խորհրդի սկզբում ինքը, կամ իր մոտ մի այլ մարդ մի անգամ էր փռշտում, իսկույն սաբր է անում, համբերում է, հետաձգում է իր գործը և խորհուրդը։ Մինը մի անգամ փռշտալու միջոցին ամեն կողմից՝ ասում են նրան «առողջությունն, կարծելով, միևնույն րոպեին մի բան էր պակասում նրա կյանքից։ Բայց երկու կամ երեք անգամ փռշտալը գուշակում է հաջողություն, դրան ասում են այսինքն փույթ և հոգս։ «Ջահտ անել» ասել է փույթ ունենալ, հոգս տանել և սկսել գործը։