Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/247

Այս էջը հաստատված է

— Ահա այդ կանաչ գորտը՝ Իբլիսի որդին է. այդ կարմիր օձը՝ Բելիարն է, այդ դեղին կարիճր՝ Լեգեոնն է. և այլն, և այլն։

Բայց երբ նա մոմով կալում Հր սրվակի բերանը՝ հանկարծ մարախը թռավ:

— Դու փախա՞ր, ամբարիշտ,— ասաց նա,— վնաս չունի, քո ընկերները այստեղ են. դե՛ գնա՛ , դու մենա՛կ ոչինչ չես կարող անել։

Պառավները շատ տրտմեցան, երբ փախավ դևերից մեկը: Դերվիշը նկատելով նրանց վրդովմունքը, մխիթարեց նրանց, տալով մի թիլիսմանական թուղթ, որ դնեն հիվանդի բարձի տակ, և կապեց նրա բազուկին բամբակե մի թել, որը մի քանի րոպե բերանի դեմ բռնած՝ աղոթք էր կարդում նրա վրա։ Այնուհետև առնելով տասը կրանը, Դերվիշը հեռացավ միամտացնելով պառավներին, թե այդ թուղթը ու թելը հեռու կպահեն հիվանդը այն մի հատ դևից, որ փախավ, և կնքելով սրվակի բերանը մոմով, դրեց յուր մախաղի մեջ։

Երեկոյան պահուն, բժիշկը գալով հիվանդի մոտ, երբ շոշափեց նրա զարկերակը․ զարմացավ, տեսնելով նրա բազուկի վրա փաթաթված թիլիսմանական թեյը: Նա ժպտաց, ասելով.

— Կախարդությունը դեռ չի կորցրեք յուր հիմարական հետքերր խավար ազգերի միջից...:

Բայց և այնպես, Ռուստամի հիվանդությունը նույն երեկո բավական փոփոխություն էր արել—դեպ լավը։ Նա կամաց կամաց խոսում Էր, և հասկանում էր, ինչ որ ասում էին նրան: Եվ Հուրի Խան-Դայան, առանց տարակուսանքի հավատում էր, թե Դերվիշի ջանքերր իզուր չանցան:

Դեռ մըստր Սեյսունը նստած էր հիվանդի մոտ, երբ ներս մտան տեր Մարկոսը և Սոլոմոն-բեկը՝ Ռես Վասակյանի հետ։ Հետո եկան պարոն Արամ Աշխարունին և պարոն Խոսրով Մելիքզադեն:

Տեր Մարկոսը առանց լռելու խոսում էր։ Ռես Վասակյանը հանդես էր մտել յուր կեղծավոր զվարճախոսությամբ։ Հիվանդը գտնվում էր յուր հոգու բարվոք տրամադրության մեջ: Ինքնաեռը եփ էր գալիս սեղանի վրա։ Պարոն Մելիքզադեն ընտանեբար թեյ էր պատրաստում։

— Դե՛ , բավական է, օրհնած, որքան քնեք,— ասաց քահանան հիվանդին.— հիմա, փա՜ռք աստուծո, ձեր առողջությունը լավ է։

— Եթե կարողանայի իհարկե, ինձ ախորժելի չէ մաշվել այս տխուր ու տրտում մահճի մեջ,— պատասխանեց հիվանդը թուզ ձայնով։