Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/282

Այս էջը հաստատված է

— Ուրեմն, ով որ չընդունի սուրբ հաղորդությունը՝ նրա հոգին կմեռնի՞,— հարցրուց Հուրի Խան−Դայան։

— Ոչ միայն հոգին կմեռնի, այլև տկարանալով՝ կմեռնի նրա մարմինը, որպես օրինակը տեսնում եք ձեր թոռան մեջ,— պատասխանեց տեր Մարկոսը։

Երկրորդ անգամն էր, որ Ռես Վասակյանը մտնելով հիվանդի մոտ, գտավ նրան միայնակ քնած։ Իսկ պարոն Մելիքզադեն հեռու, մի այլ սենյակում՝ խռխռում էր խորին քնի մեջ։

* * *

Վաղուց արդեն աքաղաղները սկսել էին խոսել։

Գիշերային լռության այդ պահուն, երբ բոլոր խրճիթների գերդաստանները գիշիրվա հանգիստն էին վայելում՝ Հովասաբենց տան մեջ վառվում էր մի ճրագ։ Օրիորդ Սալբին, տխուր և հուսահատ, միայնակ նստած էր յուր քնարանում։ Նա անխորհուրդ կերպով ականջ էր դնում ժամացույցի չկչկոցին, որ ահա զարկեց տասնևերկուսը։

Նրա ննջարանի դուռը ներսից կողպած էր։ Բայց ո՛րքան մեծ եղավ նրա զարմացքը, երբ երեսը թեքեց, տեսավ դռան մոտ կանգնած մի բարձրահասակ, թխազգեստ կին։ Սարսափը և զարհուրանքի սարսուռը ցնցեց խղճալի օրիորդի բոլոր անդամները. և նա զգաց մի անսովոր երկյուղ, կարծելով՝ թե դա ղույլաբանին էր։

Մի քանի աղոթքներ կարդալով, օրիորդը զորություն առավ, և ժողովելով յուր ուժը, հարցրուց.— Ո՞վ եք դուք։

Հսկայամարմին ոգին շարժվեց դեպ առաջ, և միևնույն ժամանակ նրա երեսից վեր առած դիմակի տակից, երևան եղավ նրա թուխ, որպես թե արևից այրված— զարհուրելի կերպարանքը, որ լուսափայլում էր նրա ճրագի նման վառվող աչքերից։ Օրիորդ Սալբին յուր բոլոր հոգեկան կարողությամբ դարձյալ դողդողում էր երկյուղից, կարծելով, թե արդեն մահը, յուր սև կերպարանքով՝ եկել է առնելու նրա հոգին։

— Չքնաղագեղ օրիորդ, մի երկնչիք,— խոսեց ոգին մեղմ և գրավիչ ձայնով— արդարև, իմ արտաքին կերպարանքը զարհուրելի է, բայց, հավատացնում եմ, որ այդ սարսափելի կերպարանքի մեջ, ամենաքնքուշ սիրտ՝ ջերմ զարկում է ձեզ համար։