— Ռուսներն ո՞վքեր են։ Ա՛խ, ով գիտե նրանք էլ Մահմեդ խանի նման թալանում են... գերի են տանում...
Չէ՛, Ալմաստ,— հանգստացրուց նրան Քերիմ-բեկը, ռուսները մեզ նման քրիստոնյաներ են, նրանք գերի չեն առնում և պարսիկների նման չեն թալանում...
Նրանք մեր խաչը և պատկերները պաշտո՞ւմ են։
— Պաշտում են։
Ալմաստը մի փոքր սիրտ առավ, հանգստացավ։
— Ամբողջ Թեհրանն այսօր խռովության մեջ է,—շարունակեց Քերիմ-բեկը, շահը հրամայել է բոլոր զորապետներին հավաքել յուրյանց դոշունը։ Մեծ Մուշտեիդն առավոտյան դուրս եկավ մեչիդից քաղաքի հրապարակը, քարոզեց ջըհաթ[1] անել իրանց կրոնակիցներին օգնելու համար։
— Այդ լավ չելավ մեզ համար...— ասաց Ալմաստը հուսահատ կերպով։
— Դու չես հասկանում, Ալմաստ, շատ լավ էլավ։
— Ի՞նչպես։
— Որպես քո ամուսին իշխանը, նույնպես իմ տերը— Սեր-Ասքերը՝ երկուսն էլ մեծ զորապետներ են, նրանց հրամայված է գնալ պատերազմ։ Մենք երկուսս էլ ազատված կլինենք։
— Ո՞րպես։
— Այնպես որ, եթե մենք թողնենք այդ քաղաքը և հեռանանք այստեղից, էլ նրանք չեն կարող մեր ետևից ընկնել։
— Ինչո՞ւ։
— Նրա համար, որ նրանք զբաղված կլինեն յուրյանց պատերազմական գործերով։ Նրանք այստեղ չեն լինի։
Ալմաստի հուսահատ դեմքը զվարթացավ ուրախության լուսով, և նա հարցրուց անհամբերությամբ.
— Բա՛, ինչո՞ւ ենք ուշանում։
— Գնանք, Ալմաստ, չուշանանք, ամեն մի րոպեն թանկ է մեզ համար,— խոսեց Քերիմ-բեկն ոգևորված կերպով։— Գնա՛նք, մեր վրեժն առնենք այն ազգից, որոնք թափեցին մեր հոր, մեր մոր ու մեր ազգականների արյունը...
— Եվ այդքան տանջեցին մեզ...— հարեց Ալմաստը։
Սույն միջոցին երիտասարդի դեմքն ընդունեց խիստ վշտահար
- ↑ Ջըհաթ նշանակում է ընդհանրական զինվորություն: Կրոնական պարտավորություն է մուսուլմաններին ջրհաթ կազմել, երբ վտանգ կա կրոնքի կամ պետության դեմ: