Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/105

Այս էջը սրբագրված է

Արտաշեսը մահվան անկողնի մեջ երգեց այդ երգը։ Հայրենասեր թագավորը, յուր կյանքի վերջին րոպեներում, խորին տենչանքով փափագում էր այն հանդեսներին, որ կատարվում էին Նավասարդի առաջին առավոտը։ Այն օրից անցել էր մոտ երեք հարյուր տարի։ Եվ ահա մահվան անկողնի մեջ դրած հեթանոսության երգիչը, քրիստոնեական դարում, երգում էր նույն երգը։

Տաճարի մեջտեղում դրած էր մարմարիոնի անշարժ սեղանը։ Նա երկայն ձև ուներ, այնքան երկայն, որ նրա երկու կողմերում կարող էին տեղավորվել ավելի քան հիսուն հոգի։ Բայց գեղեցիկ, քանդակագործ նստարանների վրա նստած էին հինգ հոգի միայն: Սեղանի գլխում, փառավոր բազմոցի վրա, նստած էր Մամիկոնյան տիկինը. նրա աջ կողմում Սահակ Պարթևը, իսկ ձախ կողմում` Մեսրոպ Մաշտոցը։ Սահակից ներքև նստած էր Սամվելը, իսկ նրա հանդեպ ծերունի Արբակը — Սամվելի դայակը։ Հյուրերի թվում պակաս էր Մուշեղ իշխանը — Սամվելի հորեղբոր որդին։ Պակաս էր և Որմիզդուխտ տիկինը։

Սեղանը լի էր զանազան խորտիկներով։ Արծաթյա բարձր ափսեների մեջ դրած էին պես-պես աղանդերներ — քաղցրավենիք, անուշեղեններ և չորացած մրգեղեններ։ Ամբողջ սեղանը զարդա- րած էր գույնզգույն ծաղիկներով և կանաչ տերևներով։ Հյուրերի յուրաքանչյուրի ետևում կանգնած էր մի֊մի ծաղկապսակ պատանի, շքեղ կերպով հագնված։ Նրանք բռնած ունեին մի ձեռքում գինով լի արծաթյա կահույրները, իսկ մյուս ձեռքում` նույնպես արծաթյա գավաթը, որ փոքրիկ թասի ձև ուներ։ Դրանք հյուրերի մատռվակներն էին, նույն թվով, ինչ թվով որ սեղան էին նստած։ Իսկ ավելի հեռու, յուրաքանչյուր հյուրի ետևում, կանգնած էին նրանց զինված թիկնապահները և հրեշտակի նման հսկում էին իրանց տերերի վրա:

Երգիչներին տեղ էին տվել սեղանատան դռան մոտ. նրանք անլռելի ձայնով երդում էին և ածում։ Մեկը երկու աչքերից ևս Հոմերոսի նման կույր էր, իսկ մյուսը` մեկ ոտքից կաղ։ Հագնված էին աղքատ կերպով։ Ժողովրդի սիրելիները ժողովրդի անշուք կերպարանքն էին կրում իշխանների սեղանի մոտ...

Թախծալի երգի ձայնը, Նվագարանների մեղեդին, ոսկյա պատառաքաղների աղմուկը, արծաթյա գավաթների լիահնչյուն ընդհարումները խլացնում էին խոսակցության ձայները, որ սկսել էին հետզհետե կենդանանալ: Լուռ էր միայն Սամվելը։ Դառն, հոգեմաշ մտածություններ ալեկոծում էին նրա սիրտը։ Երկու նրան