Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/106

Այս էջը սրբագրված է

սիրելի անձնավորություններ, զանազան պատճառներով, չմասնակցեցին սեղանին։ Իշխան Մուշեղը և Որմիզդուխտը։ Երկուսի բացակայության պատճառներն ևս նրա համար խիստ ծանր էին։

Խոսում էր ըստ մեծի մասին Մամիկոնյան տիկինը և խոսում էր ավելի Սահակ Պարթևի հետ։ նա իրան առհասարակ լավ պահել գիտեր հյուրերի շրջանում, բայց այսօր նրա խոսքերը կցկտուր էին և, կարծես, չէին կապվում միմյանց հետ։ նա տանջվում էր այն մտքով, արդյոք Սամվելը հայտնե՞լ էր նրանց յուր հոր վերադառնալը Տիզբոնից, և եթե հայտնել էր, արդյոք ի՞նչ ձևով էր հայտնել։ Հյուրերը այդ մասին չէին խոսում և ինքը, տիկինը, աշխատում էր խույս տալ այդ հարցից։ Բայց բոլորովին լռելն ևս անպատշաճ էր։ նա դիտավորություն ուներ՝ մոտ օրերում Սամվելին ճանապարհ դնել հորը ընդառաջ էրթալու և դիմավորելու նրան՝ նախքան Տարոնի սահմանից ներս մտնելը։ Ինչպե՞ս կարելի էր, որ այդ տան ամենամոտ բարեկամները չգիտենային այդ, և որքան էլ որ ինքը թաքցնելու լիներ վերջապես Սամվելը կասեր նրանց։ Իսկ ինքը Մամվելի հետ դեռ որևէ համաձայնություն չէր կայացրել, թե որպես պետք էր հրատարակել նրա հոր գալստյան համբավը կամ ի՛նչ ձև պետք էր տալ նրա ընդունելությանը։ Մյուս կողմից տանջում էր նրան այն միտքը, թե ինչո՞ւ Մուշեղը ճաշի չեկավ։ Միթե յուր տան մեջ լրտեսնե՞ր կային․․․ միթե ներքինի Բագոսը դավաճանե՞ց նրան․․․ իրան խոսք տվեց, իսկ ծածուկ իմացում տվեց Մուշեղին պատրաստված դավադրությունը․․․ «եթե նրան հայտնեցին, հետևանքը շատ վատ կարող է լինել»․․․ մտածում էր նա և յուր կսկիծը թաքցնում էր արտաքին կեղծ ուրախության ներքո։ Նա ոչ ոքից այնքան երկյուղ չուներ յուր ձեռնարկությունների խափանման մասին, որքան այդ համարձակ և անվախ երիտասարդից...

Տիկնոջ նման մի ամուր բնավորություն միայն կարող էր այդ բոլոր մթին տարակուսանքներից հետո՝ պահպանել յուր սառնասրտությունը և իրան չմատնել հյուրերի առջև։ Այսուամենայնիվ, նրա դրությունը խիստ դժվարին էր։ Նա չգիտեր, թե ի՛նչպես պետք էր դուրս գալ իրերի այդ խառնաշփոթ հանգույցներից։

Նա աշխատում էր խոսել ավելի հեռավոր առարկաների վրա։ Մի քանի անգամ, զանազան ձևերով, հիշեց յուր ցավակցությունը Սահակի հոր, ներսես Մեծի աքսորանքի մասին։

— Այն օրից,— ասում էր նա հեկեկալով,— որ ինձ հասավ այդ տխուր լուրը, ես հանգստություն չունեմ․ ամեն անգամ, որ