Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/254

Այս էջը սրբագրված է

— Նրա համար, որ մենք դրանից հետո տղամարդիկ չենք, մենք կանայք ենք․․․ Կորցրի՜նք մեր պարծանքը, կորցրի՜նք մեր տիկնոջը․․․ Նրանց ամրոցները կրակի ճարակ դարձան։ Իսկ մենք ազատել չկարողացանք․․․ Արժե* այդ բոլորից հետո ապրել․․․ Այլևս ի՞նշ երեսով պետք է նայենք աշխարհին․․․ Ամեն մարդ կթքե, ամեն մարդ կմրե մեզ․․․ — ՈՒղիղ է ասածդ, բայց մենք ի՜նչ գիտեինք։ Մենք մեր տանը նստած, թշնամին գողի նման ներս մտավ և յուր ավարը տարավ։ Եթե այս րոպեին երկնքից հանկարծ մի քար ընկնի մեր գլխին, մենք կարո՞ղ ենք նրա առաջը առնել։ Այդպես հասավ փորձանքը։ Եթե առաջուց գիտենայինք, թշնամին չէր կարող ոտք դնել մեր հողի վրա։ — Հիմա խո գիտենք։ — Հիմա գիտենք, մեր վրեժը կառնենք և մեր նախատինքը մեր թշնամու արյունով կսրբենք։ — Այդ դեռ «սկիզբն է երկանց»,— մեջ մտավ մի ուրիշը, որ բոլորից ծեր էր և, որպես երևում էր, կարդացած մարդ էր։ — Մեծ փոթորիկը գալու է վաղը։ Մեր իշխաններին մեր ձեռքից խլելուց հետո, մեզ անգլուխ թողնելուց հետո, կփակեն մեր եկեղեցիների դռները, կպատառոտեն մեր ավետարանները, ոտնակոխ կանեն մեր սրբությունները, և ապա կասեն մեզ․ «Եկե՛ք կրակին ու արևին երկրպագություն տվեցեք, դրանք են ձեր աստվածները»։ Մեզ կստիպեն պարսկերեն խոսել և պարսկերեն աղոթել, որովհետև այդ է նրանց աստվածների լեզուն։ Մեր խրճիթները կծեփեն կովի աղբով, որովհետև այդ է նրանց սրբությունը։ Մեր մեռյալներին անթաղ կթողնեն, որովհետև այդպես է նրանց սովորությունը։ Եվ մեր տաճարները կպղծեն իրանց կրակի ծուխով ու մուխով․․․ — Հետո ո՜վ թույլ կտա, ո՞վ կընդունե,— պատասխանեցին միաձայն։ — Ընդունել կտան․․․ փայտի ու մտրակի ուժով ընդունել կտան․․․— ասաց ծերուհին, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։ Մի երիտասարդ, որ կողքի վրա պառկած էր խարույկի մոտ, գլուխը բարձրացրեց և աչքերը լայն բաց անելով ասաց. — Խոսք չկա, եթե մենք ձեռքներս ծալած նստենք մեր տանը, կբռնեն մեր ականջից, քարշ կտան կրակի մոտ և կասեն․ «Գլուխդ ծռի՛ր, դա՛ է քո աստվածը»։ Բայց ես թույլ չեմ տա,․որ նա իմ տունը մտնե և իմ ականջից բռնե․