Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/327

Այս էջը սրբագրված է

անելու համար։ Զուր չեն այդքան կանայք հավաքվել այդտեղ և այլն և այլն...

Մենք հասել էինք բուլվարներին։ Նրանք գրեթե ամայի էին տակավին։ Նոր-նոր բացվում էին միայն լրագրավաճառ քիոսկերը, այն էլ առավոտյան լրագիրներն ընդունելու համար, որ բերվում էին սայլերով կամ ինքնաշարմներով։ Մտանք այնտեղ, պահանջեցինք մի-մի գավաթ տաք սուրճ ու բիսկվիտ...

Կաֆեն լեցուն էր հաճախորդներով։ Նրանց մի մասը նստած էր մարմարյա կլորիկ սեղանների քով, մյուսը ոտքի վրա էր, բուֆետի առջև։ Դրանք բանվորներ չէին, ոչ մեկի դեմքի կամ ձեռների վրա չէր երևում աշխատանքի դրոշը։ Ամենքը հագնված էին մաքուր, բոլորն էլ վերջին մոդայով։ Մի քանիսի վերարկուի օձիքը թանկարժեք մաշկերից էր, գրեթե յուրաքանչյուրի ժիլետի վրա փայլում էր ժամացույցի ոսկե շղթան։ Մի երկու-երեքի ձախ ձեռքի ցուցամատը կրում էր ադամանդազարդ մատանի։

Սոմիկոն, այդ տեսնելով, շտապեց մի ծխախոտ վառել և ոսկյա տուփը դնել սեղանի վրա։ Միևնույն ժամանակ, նա շուռ տվեց դեպի դուրս իր մատանու ադամանդը և ինքնագոհ դեմքով նայեց իր շուրջը...

Գրեթե առանց բացառության, բոլոր հաճախորդները գունատ էին և արտահայտում էին անքնություն ու հոգնածություն։ Բայց հուզված էին, խոսում էին արագ-արագ, բառերը արձակելով գնդացիրի նման։ Խոսում էին ֆրանսերեն, բայց տարբեր արտասանությամբ։ Մի բառ կրկնվում էր հաճախ rafale[1]։

Նրանք դատարկում էին սուրճի գավաթները շտապով և իսկույն դուրս էին վազում, հայհոյելով ոստիկանությանը, մինիստրներին, նույնիսկ հանրապետության նախագահին։ Հեռացողներին փոխարինում էին նորերը, ավելի վրդոված ու բորբոքված։ Ես նկատեցի, որ մեծամասնությունը գալիս է դեմուդեմի երեքհարկանի մի տնից։ Թե՛ խոսակցություններից

  1. rafale — իր իսկական իմաստով կնշանակե քամու հարված, փոթորիկ։ Ներկա դեպքում նշանակում է ոստիկանական հանկարծակի խուզարկություն։ Շ.