Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/352

Այս էջը սրբագրված է

ՌՈՄԱՆՍՆԵՐ

Նվեր հայոց աղջիկներին

(էջ 36)

Առաջին անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 67), ապա՝ «Մեղու Հայաստանի», 1862, № 1, հետագայում՝ Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 37 և մյուս ժողովածուներում:

Ներկա բանաստեղծությունը յուրօրինակ չափածո նախերգ է «Ռոմանսներ» բաժնի համար։

Մի չքնաղ կույսի ալբոմում

(էջ 37)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 69)։ Ո՞ւմ ալբոմում է գրված կամ ո՞ւմ է ուղղված, պարզված չէ:

9 Ամարանոցում Շառ...—հավանորեն, Մոսկվայից արևելք ընկած Շառապովո ամառանոցային բնակավայրը։

Ռոմանս

(էջ 33)

Առաջին և միակ անգամ տպագրվել է «Ազատության ժամեր» ժողովածուում (էջ 71)։

Բնաբանի աղբյուրը պարզված ջէ։

Բանաստեղծության առաջին տողի «աստղիկ» բառը, որ հասարակ անուն է, տպագրված Է մեծատառով, որպես հատուկ անուն, որ անուշադրության վրիպակ է։ Ուղղում ենք։

1 Դու Աստղիկ թանկագին... — հավանորեն, նկատի ունի Աննային՝ առաջին սիրուն։ Եր. Շահազիզը վկայում է, որ «...այդ Աննան, որին նա այնքան դրվատում է իր ռոմանսներում, մի երևակայական անձն չէ, այլ իրոք գոյություն ունեցող մի մոսկվաբնակ, Աննա անունով գեղեցիկ, մատաղահաս աղջիկ, որին նա առաջին անգամ տեսնելով եկեղեցում՝ սիրահարվել էր և իր մտքում հարսնացու ընտրել իրեն։ Հետագայում, երբ նա 1862 թվին ավարտում է իր ուսման ընթացքը լիկեոնում և պաշտոն ստանում ճեմարանում, մոտ ծանոթանում է իր ընտրածի հետ, գնալ-գալ է ունեցել նրանց տունը, ստանում է աղջկա հավանությունը և փեսացու համարվում։ Բայց հանկարծ աղջիկը դրժում է իր խոսքը և ամուսնանում է մի ունևոր վաճառականի հետ, հավանորեն, ծնողների դրդմամբ՝ խաբվեք ով հարստությամբ։ Խորապես և դառնագին վշտանում է երիտասարդ բանաստեղծը և որոշում է այլևս ոչ որի չսիրել, այլ խեղդել իր մեջ անձնական սերը և նվիրել այն իր թշվառ հայրենիքին» (Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 223)։