ներքուստ գմբեթակիր անջատ չորս մույթեր (piller) և նույն մույթերու դասավորության եղանակեն առաջ եկած միջին լայն և կողմնակի նեղ թևեր (nef)` արևելքեն արևմուտք ձգված: Կիսաբոլորակ խորանի երկու կողմը առհասարակ երկու հավասարակողմ քառակուսի սենյակներ կան խորանին հավասար խորությունով: Արևելյան կողմի գմբեթակիր անջատ մույթերեն (piller) մինչև խորան եղած միջոցները[1] (transepte) հավասար լայնություն ունին արևմտյան անջատ մույթերեն մինչև արևմտյան պատը եղած միջոցին հետ:
Քառակուսի սենյակներու տեսակետով հայոց եկեղեցիները ունին ուրիշ այլազանություններ ալ, որոնք 7-րդ դարեն շատ առաջ սկսված կերևին, և տևած են մինչև 13-14-րդ դարերը, ձևի նպատակի առավել կամ նվազ փոփոխություններով: Հաճախ կպատահի, որ խորանին երկու կողմի սենյակները կրկնահարկ են. կան եկեղեցիներ ալ, որոնց չորս անկյուններուն վրա կան չորս սենյակներ, ասոնցմե ալ ոմանք կրկնահարկ, այսինքն՝ չորս անկյուններու վրա ունին ութ սենյակներ։ Չորս անկյուններու վրա չորս սենյակ ունեցող եկեղեցիներու ներսը ստացեր են իսկական խաչի ձև ու խաչաձևի թևերը սովորաբար կիսաբոլորակ վերջավորությամբ։
Երկրորդ զանազանությունը կսկսի ընդհանրանալ 9-րդ դարու վերջերեն կամ 10-րդ դարու սկիզբեն, որուն մեկ օրինակն է Անիի կաթուղիկե մայր եկեղեցին, Շիրակավանի եկեղեցին և ուրիշ նմաններ։ Այս զանազանության մեջ եկեղեցիներու ներքին բաժանումները զգալի չափով փոփոխության ենթարկված են։ Սեղանի և արևելյան գմբեթակիր մույթերու միջոցները (transepte) զգալի չափով նեղցած են: Կողմնակի սենյակները իրենց հավասարակողմ քառակուսի հատկութենեն դուրս գալով՝ երկարած և արևելքեն արևմուտք ձգված են խորանի խորության չափով, խորանները ևս ավելի լայնացած ու խորացած են կողմնակի սենյակների խորության հավասար չափով:
Երրորդ զանազանության կվերաբերին սովորաբար այն բոլոր միջակ մեծությամբ և փոքր եկեղեցիները, ինչսլես Անիի ս. Գրիգոր Լուսավորիչ (Նախշլի) եկեղեցին և յուր նմանները, որոնց մեջ գմբեթները առանց բացառության հանգչած են որմնամույթերու վրա: Արևելյան կողմեն որմնամույթերը կղված են խորանին, առանց միջոց (transepte) ունենալու: Ինչպես կերևի, այս ձևով եկեղեցիներու մեջ քահանայից և դպրաց դասի տեղը կամ խորանին մեջ էր և կամ իբրև տոհմային եկեղեցիներ, դրսի ժողովուրդ շատ չհաճախելով, քահանայից և դպրաց դասը կգրավեր գմբեթին ներքևի մասը, ետևը մնացած մասն ալ արդեն բավական էր մի տոհմի անդամներուն:
- ↑ Հայոց մեջ այս մասին դաս անունը կուտան. այս անունը ստացած է, անշուշտ, արարողությանց միջոցին քահանայից և դպրաց դասին այնտեղ կանգնելու համար ընդունված սովորության պատճառով: