Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/132

Այս էջը սրբագրված է

գործերից, որ կատարում էին իրենք, սաստիկ կսկծեցնում էր խոսքերով, վկայաբերում Եսայի մարգարեի ասածը, «Սոդոմայեցիների իշխաննե՜ր, լսեցե՜ք, գոմորացիների ժողովուրդ, ունկնդրեցեք աստծո օրենքներին»: Այսպես էր ասում ոչ թե այն պատճառով, որ սոդոմայեցի էին, այլ որովհետև ընկել էին սոդոմական պղծության, նույն մեղքերի մեջ։ Ուստի և նրանց անվանեց սոդոմայեցիներ։ Իսկ Եզեկիել մարգարեն ասել է. «քո հայրը քանանացի էր, մայրը՝ քետացի»: Դարձյալ նույնին հարեց, խնամ տարավ այլ հոգսերի մասին, մեղադրանքներ տվեց, մարգարեի սպառնալիքներով հանդերձ, «Ձեր իշխանները,- ասում է,— ապստամբներ են, գողերի ընկեր, սիրում են կաշառքը, վնասապարտ են: Որբերին իրավունքներ չեն տալիս, այրիների դատաստանին ունկն չեն դնում»։ Դարձյալ ասում է, «Թագավորը պետք է թագավորի արդարությամբ, իշխաններն իշխեն իրավունքով»: Եվ կրկին՝ «Կատարեք արդար դատաստան, ողորմություն, արդարություն և իրավունք արեք, քանզի ձեր մասին են իմ խոսքերը, ո՛վ բռնավորներ»,— ասում է Սողոմոնը։ Որովհետև աստված զորավորներին առաքում է զորավոր դատաստան, իսկ ռամիկների բազմությունը արժանի է ներելու ողորմության։ Հայոց մեծերի սուրբ հայրապետն ու քաջ Հովիվը՝ տեր Հովհաննես կաթողիկոսն այսպիսի և սրանից էլ առավել խրատներ էր տալիս և ուսուցանում։ Բայց նրանք չնայեցին վերև, տիրոջ օրենքներին և ականջները խուլ պահեցին, ինչպես ամենաչար իժը և մահացու վիշապը, հարբեցին հիմարության գինիով։ Ունեցան աչքեր, որոնցով չէին տեսնում և ականջներ, որոնցով չէին լսում։ Մինչև որ մեզ հասան այսպիսի մեծամեծ չարիքներ, գահավեժ անկում, որի մասին իր տեղում ցույց կտամ, առաջ տանելով պատմությունը։ Եվ կատարվեց Եսայի մարգարեի ասածը. «Լսելով պիտի լսեք, բայց չպիտի իմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չպիտի գիտենաք, քանզի թանձրացավ

-132-