Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/143

Այս էջը հաստատված է

Այդպիսի պարագաներում պետք է կամ չաշխատակցել, կամ մի որևէ ուրիշ հաշիվ ունենալ աշխատակցելու համար։ Անշուշտ, քանի որ դու կարիք ես զգում խնդրելու, ես ստիպված, քեզ չմերժելու համար, կարող եմ անել (գուցե դու ունես որևէ հաշիվ, գուցե դու որևէ միտք գտնում ես այդ բանում), բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ դու- չես ուզում տեսնել այն, ինչ ես տեսնում եմ, և ոչ միայն ես։ Վերջապես ինձ զարմացնում է, որ մարդիկ սկսում են թերթ հրատարակել — լավ ձգտումով ոգևորված, բայց չգիտեմ ինչու երբեք չեն մտածում այն բանի մասին, որ ձրի բանը լավ լինել չի կարող, իսկ եթե լավ է, ուրեմն ձրի չպիտի լինի, որ իրավունք չկա ուրիշի հաշվով ազգը լուսավորելու։ Օրը մեկը մի թերթ է ձեռնարկում (ի՞նչ դժվար բան է, բավական է մի քանի մանեթ ճարել — տպարանին ու գրաշարին տալու) հույսը դրած «գրողների» վրա, իսկ եթե լավ գրողներ չկան, նա առանց այլևայլության սկսում է «խրախուսել»— դա որ կա ու կա — տիրացուները շա՜տ, թերթում իրանց անունը տպված տեսնելու սնափառության ստրուկներ ավելի ևս — ի՞նչ դժվար բան է այդպիսով թերթ հրատարակելը: Ահա Սահակ Մեսնիկյանն էլ է ձեռնարկել մի այդպիսի թերթ և, ինչպես գրում ես, անունս մտցրել է աշխատակիցների ցանկը։ Արքան և «лестно» լինի ինձ համար այդպիսի ուշադրությունը, այնուամենայնիվ միայն ցավ է պատճառում ինձ այդպիսի թեթև վերաբերմունքը և այդ համարձակությունը (ինձ գրել է Սահակ Մեսնիկյանը, բայց, ըստ երևույթին, ինձնից դեռ պատասխան չստացած արդեն մտցրել է ինձ իր աշխատակիցների ցանկի մեջ։ Երևի կարծում է, որ հենց այդ «դիմելը» միայն և անունս տպելը մի այնպիսի՜ մեծ պատիվ է, որ «մեր մեջ խոսելն անգամ ավելորդ է» (թեև գրում է. «գուցե» հաջողվի վարձատրել, а la «Նոր հոսանք»-ի կոմբինացիան երևի)։ Այդպիսի «պատիվը», ըստ իս, ցույց է տալիս, որ մարդիկ չեն հասկանում, թե ի՞նչ են անում։ Չեն հասկանում, որ երբ ես այստեղ 50 կոպեկ եմ որոնում և երբեմն չեմ գտնում, ինձ մեծացնելն ու այդ ձևով խրախուսելը առնվազն կոպտություն է, կամ եթե մի քիչ խիստ ոճ բանեցնենք՝ ցինիզմ։ Չկարծես թե ես էլ ինձ չգնահատված հանճար եմ զգում—քա՜վ լիցի։ Ես իմ ուժերն ու ընդունակությունները վերագնահատելուց (переоценивать,) շատ հեռու եմ, բայց ուզում եմ, որ մարդիկ խոսքերի արժեքն իմանան և զգան իրանց ասածի պատասխանատվությունը: