Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/259

Այս էջը սրբագրված է

քաղաքում սպասում էր նրան անսպասելի մի ուրախություն. ռազմաճակատից հաղորդագրություն կար ստացված, որ հերոսական մի գրոհով նայիրյան ռազմիկները տասը վերստ ետ են քշել թշնամուն և գրավել միանգամայն կայան դիրքեր: Ավելին՝ տեղեկության մեջ ասված էր, որ շուտով հավանական է առաջխաղացում սկսեն և քշեն թշնամուն — մինչև Հայտնի Քաղաքը, Կարդաց Մազութի Համոն այդ հաղորդագրությունը, և նրա սրտից կապարե մի ծանրություն ընկավ գետին. կասկածն ու քիչ առաջ նրան պատող հուսահատությունը նրա սրտից, ինչպես ասում են, կարծես սրբեցին ջնջոցով. շտկեց իր, քիչ առաջ բերդում կորված, մեջքը Մազութի Համոն. աչքերը լցվեցին աշխուժությամբ ու կայտառությամբ։ Մինչ այդ քաղաքում սկսվել էր անօրինակ մի խուճապ. շրջանից փախածներն ու վերի թաղեցիք ամեն ինչ հավաքել՝ պատրաստվում էին գաղթի, հազարավոր խմբերով դրանք բռնել էին փողոցներն ու դեպի կայարան տանող խճուղին. քաղաքի քիչ թե շատ պատկառելի բնակիչներն արդեն գտնվում էին կայարանում, և մի երկու գնացք արդեն հեռացել էր՝ քաղաքի պատկառելի բնակիչներով բեռնված։ Թե ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ կայարանում— անհնարին է նկարագրել։ Խուճապի ենթարկված բազմահազար ամբոխը լցրել էր պլատֆորմը. տեղի էր ունենում այնպիսի մի իրարանցում, որի հանդեպ մանկական մի խաղ էր Բաբելոնի աշտարակաշինությունը, եթե միայն դա իրոք տեղի է ունեցել։ Մարդիկ կոխոտում էին իրար ու իրարու վրայով սողալով՝ առաջ անցնում, որպեսզի մոտ լինեն եկող գնացքին. մայրերն ամբոխի