Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ

Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ

Արա Պապյան

Ո՛չ նախագահական «Օբամա, Սարկոզի, Մեդվեդև» եռյակը, ո՛չ հարևան և մեր հանրապետությունների պաշտոնյաները լիազորված չեն միջազգային իրավունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյություն ունեցող միջազգային իրավունքի դաշտում քաղաքական գործունեություն ծավալած պաշտոնյաներ են: Իհարկե, պաշտոնյաները կարող են սեփական տեսակետներն արտահայտել և դատողություններ անել, սակայն միջազգային իրավունքի հարցերի մեկնաբանությունը, ոչ իրենց երկրների օրենսդրությամբ և ոչ էլ միջազգային իրավունքով, բնավ վերապահված չէ իրենց:

Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտությունը հարաճուն կերպով սկսել է դիտարկվել միջազգային իրավունքի դաշտում, ապա հակամարտության կողմերը և միջնորդները, դատողություններ անելու փոխարեն և իրավական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազոր մարմնին: Ներկա միջազգային համակարգում միակ կառույցը, որն իրավասու է վճիռներ կայացնել միջազգային իրավունքի հարցերի վերաբերյալ և որոշել միջազգային իրավունքի ոտնահարման առկայությունը, ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանն է (International Court of Justice): Արդարության դատարանի կանոնադրության (Statute of the International Law) 36-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրել է նման լիազորություններ: Քանի որ, ըստ ՄԱԿ-ի Կանոնակարգի 92-րդ հոդվածի Արդարության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, ipso facto, ճանաչել են նշյալ դատարանի վերոհիշյալ լիազորությունները:

Արդեն առիթ ունեցել եմ գրելու (24.06.2010թ.)՝ որպեսզի որևէ իրավիճակ որակվի որպես ռազմակալում (օկուպացիա, occupation), ապա տվյալ իրավիճակը պիտի համապատասխանի մի շարք հատկանիշների: Այսպես կոչված, տուժող կողմը պիտի փաստի, որ մինչև տվյալ իրավիճակի առաջանալը խնդրո առարկա տարածքի վրա անվիճելիորեն առկա է եղել իր պետության տիտղոսը և ինքն է իրականացրել տվյալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control): Մեր դեպքում, մինչև մեղադրանք հնչեցնելը, Ադրբեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայումս ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա, մինչև գոյություն ունեցող վիճակի առաջանալը, աներկբայորեն առկա է եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը, և Ադրբեջանը խնդրո առարկա տարածքի վրա իրականացրել է լիակատար վերահսկում: Հակառակ դեպքում, առանց այս 2 փաստերի առկայության հաստատման, մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի՝ Ադրբեջանական Հանրապետությանը պատկանած լինելու բոլոր պնդումները, ըստ այդմ օկուպացիայի փաստի առկայությունը:

Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները պարզամիտ հայտարարություններ անելու փոխարեն ներկայումս պիտի հորդորեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության ղեկավարություններին՝ ՄԱԿ-ի Արդարության դատարանից պատասխան հայցելու հետևյալ հարցին.

Արդյո՞ք, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանական Հանրապետության տիտղոսն առկա է ներկայումս ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա:

Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում եռանախագահող երկրները, Արդարության միջազգային դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա, կարող են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից դիմել նշյալ դատարանին՝ հայցելով խորհրդատվական կարծիք (advisory opinion):

Առանց վերոհիշյալ հարցի պատասխանի հիմնազուրկ են բոլոր բայաթիները օկուպացված տարածքի և նման բաների մասին: Առանց իրավասու մարմնի համապատասխան դատական վճռի Ադրբեջանական Հանրապետությունը չի կարող որևէ մեկին մեղադրել օկուպացիայի մեջ: Ես էլ Ադրբեջանին եմ մեղադրում, որ բոլշևիկյան 11-րդ բանակի օգնությամբ 1920թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին օկուպացրել է ՀՀ տարածքները և դրանց մի մասն էլ դեռևս շարունակում է օկուպացված պահել: Թե՞ ոմանք կարծում են, որ Լենին-Ստալինի հետագա գործունեությունը օրինականացրել է կամ կարող էր օրինականացնել, Հայաստանի Հանրապետության տարածքների բոլշևիկյան օկուպացիան: Եթե այո, ապա ճանապարհները բացեք՝ ռուսական զորքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում:


30 հունիսի, 2010թ.