«Այսօր չեմ խմել Աստծու թասից...»

«Ես միշտ խոսել եմ քեզ հետ...» Գրպանի բանաստեղծություններ («Այսօր չեմ խմել Աստծու թասից...»)

Աշոտ Գաբրիելյան

«Ես առաջին տողը չեմ գրում...»

Այսօր չեմ խմել Աստծու թասից.
Մի խոսք ավել-պակաս,
Ի ՞նչ նշանակություն ունի.
Տիեզերքն ընդամենը մի պահ ինձ չընկալեց`
Ինձ թողնելով սեփական թափանիվը խոսքի…

Ես գարեջրին տված փողի
Մանրադրամն եմ շարում մարմնիդ
Եվ փակում եմ համբյուրից մեծացած պտուկդ
Մանրադրամանոց կրքերի սիրապատրանքով…

Ես երգում եմ
Անհաղորդ
Աստծու տռփանքին…
Եվ ատում եմ աշխարհի իմաստուններին,
Որովհետև Գիրն իբրև չարտաբերված Սեր
Սպասում է վախճանին,
Ինչպես Աստծու ձեռքից
Չվերցրած թաս…

Եվ, ինչպես օրերի պես աննրբանկատ,
Շարժումը,
Որը անվախճան մահ է,
Կարոտ է պղծում ու անէանում,
Ինչպես փակ աչքերով երանության սլացքը
Առ երկինք…

Գիրն ինչպես արցունք թող մնա աչքերիս,
Որոնցից օղու համ է գալիս.
Ես լավ գիտեմ քո պորտը փակող
Մետաղադրամի համը,
Որը գրոշ չարժե,
Եթե հարբել չուզեմ…