«Երեքը, դա մեկն է, չորսը՝ նույնպես, իսկ հինգը...» շարքից

«ԵՐԵՔԸ, ԴԱ ՄԵԿՆ Է, ՉՈՐՍԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ, ԻՍԿ ՀԻՆԳԸ...» ՇԱՐՔԻՑ


ՄԵԿ։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Եթե ես չեմ երեւում՝ աչքերդ փոխիր։ Եթե ես
երեւում եմ, բայց գեղեցիկ չեմ՝ աչքերդ փոխիր։
Եթե
աչքերդ փոխում ես, դարձյալ այնպես չէ ինչ որ բան,
ուրեմն, առանց ալյեւայլության, ինձ քեզ հետ փոխիր։

ԵՐԿՈՒՍ։ ԱՐԺԱՆԻ ԴԱՓՆԻՆԵՐ
Մրցույթ հայտարարվեց տարվա օրերի միջեւ եւ
դափնին շահեց մի շատ սովորական օր,
որը նշանավոր էր միայն աննշան լինելով։
Այդ օրն աշխարհում չէր ծնվել ոչ մի առաջնորդ։

ԵՐԵՔ։ ՈՍԿԵ ԽՆՁՈՐԸ
Փչում են հողմերը, ամպրոպները պայթում են, ճայթում են
կայծակները, ես արարվում եմ, ես բացում եմ աչքերս, ես արթնանում եմ,
ես լուսանում եմ, ես ափիս մեջ
«շուռումուռ եմ տալիս» ոսկե խնձորը, որը դեռ ինձ չի կերել։

ԵՎ՝ ՉՈՐՍ։ ԿԱՐՄԻՐԸ ԿԱՏԱՂԵՑՆՈՒՄ է
Ասացվածք կա՝ մի պատառ հաց գցիր
հաչող շներին եւ ճամփադ գնա։ Մինչդեռ ես՝ միամիտս, նրանց
անընդհատ վարդեր եմ նետում։ Կարմիր։

ԻՍԿ ՀԻՆԳԸ, ԴԱ ԱՆՄՈՌԱՑ ԴԵՊՔ Է
Տեսնելով մի վայրի բադի, որն իջնում էր ջրափին,
տատիկս խփեց ծնկանը.
-Քոռանամ, մենակ է։
Հետո գնաց տատս, զոհված պապիս հրացանը
ձեռնեց,
սպանեց շանը, որի բերանն արյունոտ էր։