«Թող փչե քամին» երգի եղանակավ
«ԹՈՂ ՓՉԵ ՔԱՄԻՆ» ԵՐԳԻ ԵՂԱՆԱԿԱՎ
Լուսնկա գիշեր.
Պայծառ երկնքում
Չկային սև ամպեր.
Աստղերն էին փայլում։
5
Հանդարտ ու տխուր
Լուռ էր բնություն,
Զի ամենայն ուր
Մորփեն էր տիրում։
Այդ ժամին, ընդարձակ
10
Արարատ դաշտով,
Մի տխուր էակ
Գնում էր ճեպով։
Մոտեցա նորան.
Ա՜խ, տեսնում եմ մի
15
Գեղեցկատիպ ու
Զվարթ պատանի։
Ո՞ւր ես շտապում,
Ասա՛, պատանի,
Անունդ, ազգանունդ,
20
Այսպես հարց արի։
— Դեպի Հայաստան,
Պատասխանեց ինձ,
Նորան օգնության,
Ցավին կարեկից։
25
Դեպի սրտիս միակ
Սիրած առարկան.
Անունս՝ Աղեքսանդր,
Ազգավ՝ Գոլոշյան։
Երբ «դեպ Հայաստան»
30
Բառը լսեցի,
Զարմանք ինձ պատեց,
Շվարած մնացի։
Փա՛ռք քեզ, տեր աստված,
Մտքումս ասացի.
35
Տաքացավ սառած
Արյունն հայ ազգի։
Եվ էլի դարձա
Ես դեպի նորան,
Այսպես խոսեցա
40
Ձայնիվ հեգնական.
Դարձի՛ր, պատանի,
Փոխի՛ր ընթացքդ.
Համապաստասխան
Չէ ուժիդ միտքդ։
45
Ձմեռն է սաստիկ
Հայաստան երկրի.
Դու միակ ծաղիկ,
Գարուն չես բերի։
Ամայացած է
50
Հայաստան աշխարհ․
Հայը ցրված է
Երկիրներ օտար։
Անցյալն է ողբում
Անդ բուն չարգուշակ.
55
Գյուղեր, քաղաքներ
Կան ողջ ավերակ։
Ծնողք, ազգական,
Եղբայր ու քույրեր,
Քեզ են սպասում
60
Անդուլ, անհամբեր։
Դարձի՛ր, պատանի,
Թո՛ղ այդ մտքերդ,
Քեզ են միշտ խնդրում
Բարեկամներդ։
65
Բացեց բերանը,
Խոր հոգվոց հանեց,
Երկու աչերից
Զույգ արցունք կաթեց։
— Ընկերությանն այն,
70
Որին երդվեցա,
Սրտովս ամենայն
Հպատակ, ծառա։
Ա՜խ, չկա հնար
Այլևս բաժանման.
75
Վճռած է արդեն՝
«Դեպի Հայաստան»։
Ես իրագործել
Կամիմ մի սուրբ միտք,
Միայն քավ մոռնալ
80
Ծնողք, ընտանիք։
Այսուհետ պիտ լինի
Իմ բարձս չոր քար
Ու վառ լապտերս՝
Լուսինը պայծառ։
85
Շքեղ դահլիճս՝
Սոսկ անտառները.
Փափուկ մահիճս՝
Կանաչ խոտերը։
Փափուկ վերմակս՝
90
Մռայլ ամպերը.
«Ղույթուկ դոշակս»՝
Կանաչ ղաշտերը։
Մայրական «որդյակ»
Քաղցր բառի տեղ,
95
Լսեմ որոտ, կայծակ
Այսուհետև թող։
Եվ զի այն որոտ
Հայաստանինն է.
Ինձ համար անշուշտ
100
Հարաժամ քաղցր է։
Որոտք ծեր Մասյաց
Ճերմակ գագաթեն
Թե լսեմ, անկասկած
Ինձ համար քաղցր են։
105
Դե՛հ, գնաս բարյավ,
Գնա՛, Տեր ընդ քեզ,
Միայն հեգացյալ
Մորդ միշտ հիշես։
«Նատալիա» անունն
110
Մտքումդ ունենաս,
Ժամեժամ սպասում
Է քեզ, իմանաս։
Արև է մտնում,
Իրիկուն գալիս,
115
Միշտ քեզ է հիշում
Աստղեր տեսնելիս։
Ամեն իրիկուն
Լուսնին նայելով
Անունդ է հիշում
120
Ու ասում լալով.
«Ա՜խ, երանի քեզ,
Ո՜վ պայծառ լուսին,
Որ միշտ տեսնում ես
Իմ Աղեքսանդրին»։