«Մենք տեսնում ենք, զգում»

***

Մենք տեսնում ենք, զգում և շոշափում ենք անգամ
Օրինաչափությունները բնության,
Եվ այդ համաչափության մեջ մեր բռնկված ուղեղը
Գովաբանում է Աստծո կանաչ մատները,
Որ կավ են հունցել.
«Փա՜ռք Վերին Բրուտագործին»...

Իսկ ես ասում եմ,
Հայտարարո՜ւմ եմ՝
Մենք ենք հարմարվողները ամենայն գոյին,
Մենք ենք, որ ապրելու մարմաջը դրոշ դարձրած'
Մեր մաքառումը հրաշքով օծեցինք,
Եվ մենք ենք, որ հազար հարցեր ծնեցինք,
Բայց ոչ մի հարցին աներկբա պատասխան
Չկարողացանք տալ...

Ուսուցանո՜ւմ եմ...
Նայեցեք ծիծեռնակին,
Նա բոլոր հարցերի պատասխաններն ունի,
Բայց նա իմաստուն չէ,
Նա հենց իմաստն է...
Պատասխան մի՛ ակնկալեք ծիծեռնակից...

17.07.2001

Սուրենավան