«ՄԻՍՍ ԱՐՑԱԽ»


Արցունքի մեջ օդ չկա, հետեւապես նրանում
ձկներ չեն աճում։ Դու կարող ես
ինչ որ բանի մասին ճչալ կամ
գուցե խոսել շշուկով՝ հարգելով
ամայությունը կուսական վայրերի։

(Ի դեպ, պոեզիան անհաղթահարելի,
անընդգրկելի մի երեւույթ է, որ թույլ
չի տա ոչ մի պոետի՝ մեծ լինել)։

Ճերմակ ու փոքրիկ գետաքարերի մեջ՝
ջրի հատակում, ժամերով հաշվել
կարելի է ընկույզի ու կարմիր մասուրի
հատիկները։ Իսկ խնձորները հովի
թեթեւ շարժումից ընկնում ճյուղերից, թեք
լանջերն ի վար գլորվելով այստեղ-այնտեղ,
այնքան հեռու են գնում, որ հնարավոր չէ
մատնել արդեն խնձորենու տեղը։

Մի հավք վաղ առավոտից երկնքում
է։ Իսկ Էքզյուպերին միշտ գնում է
այնտեղ, ուր ինքը մաքուր է։

Քարերի, ծաղիկների ու թիթեռների
հասարակությունը վերցրել է ամբողջ
դաշտը, եւ արեւը աննահանջ «քշում» է
իր կարմիր ու սեւ ձիերը։ Անդրե Մորուան՝
հագին եգիպտական փարավոնի զգեստներ,
իմ խենթ ապուպապերի
շառավիղ Ակուփի հետ,
ընդունում է շքերթը լույսի եւ հասուն սիրո,
գույների մրցույթն աշնան՝ «Միսս Արցախ»,
ապա, ով գիտե, գուցե եւ՝ «Միսս Արեւելք»։

Հավքը տերեւի հետ իջնում է
խոտերի վրա, իսկ
առուն ամբողջովին ծածկված է աշունով։