Ոչ մի «այո» եւ ոչ մի «ոչ» Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Փլուզում)

Վարդան Հակոբյան

«Միսս Արցախ»
ՓԼՈՒԶՈՒՄ


Բուրժուական հովերով սնված, լրտեսատիպ մի քամի՝
Սանկտ-Պետերբուրգի բանվորական թաղամասերից մեկում,
դավադրաբար թռցրեց
Վ. Ի. Լենինի գլխարկը,
որը նա միշտ պահում էր
ոչ թե գլխին, այլ աջ ձեռքում ամուր սեղմած, իսկ
ձախով ցույց էր տալիս ժողովրդի անշեղ ճանապարհը։

«Կեցցե բոլշեւիզմը, կորչի մենշեւիզմը»,
«Կեցցե կոմունիզմը», «Կեցցե ժողովուրդների հայր...»,
«Կեցցե»...
տեսնես մինչեւ Լենինը «Կեցցե»-ներ
եղել են, արդյոք, աշխարհում, թե դրանք եւս
հիմնադրվել են Մեծ Առաջնորդի կողմից։
 
Օրը սուզվում է դեպի հատակները։
Տղմուտ է։
Քաղաքական ռինգում ջարդված ծանր քաշայինի
քթին իջնում է, զինվորական ուղղաթիռի նման,
զոլավոր կանաչով ներկված մի մոծակ,
                          օդանավակայանից դուրս,
հարկադիր վայրէջքի ծանր պայմաններում։

Հորիզոնում կուտակված ամպերը խտացել են խիստ եւ
գրեթե չեն շարժվում՝
երակների մեջ հանկարծամահ եղած սեւ արյան նման։