«Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ...»

«Երբ քունս տանի...» Գրպանի բանաստեղծություններ («Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ...»)

Աշոտ Գաբրիելյան

«Կամակատար շուրթերս...»

Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ,
Իսկ պապս ծաղիկ-խոտ է հնձում՝
Նայելով գառան աչքերին,
Որտեղ Աստծու աչքերն է որոնում...

Ես քո կլոր բիբերի մեջ մոլորակն եմ պտտում
Եվ հույսի հանգրվան փնտրում
Պապուս մատաղացու աշխարհում...
Ես գնում եմ որդիներիս հետքերով,
Որպեսզի նրանք վերադառնան իմ չանցած ճանապարհով...

Ես հավասարապես գիտեմ բոլոր լեզուները,
Որոնք հնչյուններ չունեն
Եվ ապրել եմ բոլոր ժամանակները,
Որոնք ինձ չեն պատկանում։
Ես քո նշաձե աչքերի միջից
Իմ արցունքներն եմ քամում
Քեզ չխոստացած մատաղի համար...

Քո անցած ճանապարհը
Անհնար է գտնել
Համակարգչի արցունքոտ աչքերում...