2. «ՊԱՅՄԱՆԱԿԱՆ» ԹԱՏՐՈՆ

(Վս. Մեյրհորդի ռեֆերատի առիթով)

Մոսկվա, 13 դեկտեմբերի

Դեկտեմբերի 11-ին, Վս. Մեյերհոլդը մի ռեֆերատ կարդաց գեղ-գրակ.» կրուժոկում՝ թատրոնի մասին։

Վերջին տարիներում ռուսական թատրոնի կյանքում մի ուշագրավ կենդանություն է տիրում։ Ավելի քան երբևիցե սկսեցին գրել, խոսել և վիճել բեմի մասին։

Բելինսկու օրերից ի վեր գրեթե երբեք այնպիսի բուռն տենդ չէր նկատվում բեմական արվեստի կյանքում, ինչպես վերջին մի քանի տարիներում։

Որոնվում են «նոր» ուղիներ։ «Գեղարվեստական թատրոնը», որ մի քանի տարի է, ինչ սիրողների խմբից հասարակության լայն խավերին մատչելի է դարձել — մի ահագին դարաշրջան է ստեղծել բեմական կյանքում։

Սակայն այժմ այդ թատրոնն ևս չէ գոհացնում և առաջարկվում է նոր ուղի։ Նոր ձևեր ու պրինցիպներ են դրվում թատրոնով հետաքրքրվողների առջև։ Այս վերջին երկու տարվա ընթացքում, թեև «նոր» ուղղությունն ունի 4—5 տարվա պատմություն, ավելի կտրուկ կերպով այդ հարցը դրեց Վս. Մեյրհոլդը՝ իր համախոհների հետ, որ վերջին երկու տարվա ընթացքում աշխատում էր Կոմիսարժևսկայի թատրոնում (Պետերբուրգ)։ Նա «պայմանական թատրոնի» կողմնակից է, ինչպես ինքը նկատեց իր ռեֆերատում, ինչպես նաև հայտնի էր նրա վերջին տարիների աշխատությունից։

Ռեֆերենտը ընդհանուր գծերով ուրվագծեց «նոր թատրոնական պրինցիպների» ծագումը և զարգացումը և հետո անցավ ներկա թատրոնի քննադատությանը, զուգահեռաբար պարզելով այն պրինցիպները, որոնց հիման վրա պետք է կառուցվի ապագա թատրոնը: Մեյերհոլդը նկատում է, որ թատերական նոր ձևերի որոնումները իրանց արտահայտությունը, իրանց սկզբնական հաստատումը գտել են ընտանեկան, ինտիմ «Ստուդիա» թատրոնում, ուր սկսել են աշխատել ներկա «Գեղարվեստական թատրոնի» գլխավոր ուժերը:

«Ստուդիա» թատրոնի գործունեությունը ջերմ ողջունել է իր ժամանակին հայտնի բանաստեղծ ու տաղանդավոր արվեստագետ Վալերի Բրյուսովը, որը իդեական եռանդուն աջակցություն էր ցույց տալիս այն ժամանակ դեռ անհայտ, իսկ այժմ գրեթե համաշխարհային հռչակ վայելող դերասաններին։ Սակայն, նկատում է ռեֆերենտը, «Գեղարվեստական թատրոնը» ապագայում երկու կերպարանք ստացավ, երկու տարբեր ուղղություն ընդունեց, որոնցից ոչ մեկի մեջ չկարողացավ վերջնականապես հետևողական լինել կամ ավելի շուտ թեմական սիմվոլիզմը զոհաբերեց նատուրալիզմին:

Այդ թատրոնում զուգահեռաբար ներկայացվում էին Լև Տոլստոյի, Ալ. Տոլստոյի, Շեքսպիրի դրամատիկական գրվածքները և Չեխովի, Մետերլինգի ու Համսունի գործերը։

«Գեղարվեստական թատրոնը» տարվեց նատուրալիզմով և անընդունակ հանդիսացավ ձևակերպելու Չեխովի, Մետերլինգի և Համսունի, մանավանդ վերջինների նրբությունները։

Մեյերհոլդը նովատորի կրքոտությամբ հարձակվում է «Գեղարվեստական թատրոնի» նատուրալիզմի վրա, պատկերազարդելով իր խոսքերը սրամիտ համեմատություններով ու նկատումներով։

Սակայն որոնք են այն հիմնական պրինցիպները, որոնցով պետք է տարբերվի նոր բեմը հնից:

Այդ հարցին Մեյհոլդը պատասխանում է այսպես։

Թատրոնը պետք է լինի «պայմանական»։

Բեմը, պետք է լինի «անշարժ», ինչպես նկատում է Մորիս Մետերլինգը։

Ոչ մի որոշակի գիծ, աչք ծակող ժեստ, հիստերիկական լաց, բարձրաձայն ճիչ։

Էպիկական հանգստություն։ «Խոսքերը պետք է արտասանվեն անհույզ, որպես ջրի կաթիլներն են ընկնում անհատակ անդունդի խորքը»:

Պետք է հանդիսականին ստիպել երևակայելու, — այդպիսով մի կենդանի կապ հաստատելով հանդիսականի և դերակատարի մքիջև:

Ստատուար պլաստիկան պետք է փոխարինե ներկա բեմական ձևերը։

Ժեստը պետք է արտահայտե այն, ինչ խոսքերը չեն արտահայտում։

Ահավասիկ այն գլխավոր պրինցիպները, որոնց վրա ուզում է Մեյերհոլդը կառուցել նոր թատրոնը:

Ռեֆերենտը հիշեց մի խոսակցություն, որ տեղի է ունեցել Անտ. Չեխովի և «Գեղարվեստական թատրոնի» դերասաններից մեկի միջև։

Երբ դերասանները աշխատում էին որքան կարելի է մոտիկ լինել իրականությանը, վերոհիշյալ հեղինակի պիեսներից մեկը դնելիս՝ Չեխովը նկատում է, որ հարկավոր չէ չափազանց ռեալություն: Հարկավոր չեն այդպիսի մանրամասներ — նկատում է Չեխովը:

— Բայց չէ՞ որ դա իրական է:

— Ես հիշում եմ Կրամսկոյի մի նկարը, նկատում է Չեխովը, հիանալի կերպով նկարված են այնտեղ դեմքերը. երևակայեցեք, որ մեկը այդ դեմքերից մեկի քիթը կտրեր ու տեղը մի իսկական քիթ անցկացներ, չէ՞ որ դա ավելի իրական քիթ կլիներ, քան նկաովածը, բայց արդյոք գեղեցի՞կ կլիներ:

Կան պիեսներ, ուր չպետք է ցայտուն, որոշակի, աչքի ընկնող լինեն առանձին տիպերը, ուր հեղինակը իր տրամադրությունըն է արտահայտում.— ահա այդպիսի պիեսների թվին են պատկանում հենց Չեխովի գործերը, նկատում է ռեֆերենտը։

Պետք է թատրոնը մինիմում պարզության հասցնել, ազատել նրան դեկորացիաների բեռից, այնպես որ դերասանը կարողանա դուրս գալ հրապարակ և խաղալ իր դերը։ Ռեֆերենտին հակաճառեցին մի քանի հոգի, բայց որոշակի կերպով և բավականին հաջող խոսեց Յաբլոնովսկին։

Նա նկատեց, որ նախ և առաջ «պայմանական թատրոն» խոսքը անհաջող են գործածում բեմական իմպրեսիոնիզմի (տպավորականության) կողմնակիցները, որովհետև թատրոնը իր էությամբ մի պայմանական բան է, ուստի ասել «պայմանական թատրոն», միևնույն է թե ասել «ջրի ջուր»։ Դա բնորոշում չէ։ Մեյերհոլդը կոչում է դեպի հունական ամֆիթեատրը — սակայն դա չէ կարող իրականանալ և անիրագործելի է, քանի որ մենք չենք կարող հրաժարվել դարերով կուտակված կուլտուրական բարիքներից, որ այնպիսի դժվարությունով են ձեռք բերվել։ Դեկորացիաներից հրաժարվել անկարելի է, որովհետև այն ժամանակ անհնարին կլիներ ներկայացնել զօր օրինակ թեկուզ Տիրիկովի կամ մի այլ նույնպիսի պիես։ Մենք չենք կարող դառնալ դեպի Շեքսպիրի օրերի բեմը։ Սակայն, ընդունում է Յաբլոնովսկին, որ այնպիսի պիեսներ, ինչպես օրինակ Ալ. Բլոկի «Бала֊ганчик»-ը, պահանջում են այլ ձևեր, ներկա բեմի ձևերից տարբերվող միջոցներ իրանց արտահայտության համար:

Ռեֆերատին ներկա էին շատ հայտնի գրողներ, դերասաններ և մամուլի ներկայացուցիչներ։

Առ այժմ վերջացնում եմ նամակս, թողնելով մի այլ անդամվա իմ դիտողությունները և տպավորությունները առհասարակ արվեստի և մասնավորապես բեմական արվեստի «վերանորոգման» և «առողջացման» վերաբերյալ խնդիրների մասին: