Մոսկվա, դեկտեմբերի 12-ին

1. ՄՈՍԿՎԱ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

Գրեթե բոլոր հայ պուբլիցիստները ավել կամ պակաս եռանդով ու զայրույթով մտրակել են հայկական (ինդիֆերենտիզմը) անտարբերականությունը։

Ինդիֆերենտ վերաբերմունք դեպի ամեն ինչ — դեպի քաղաքական-հասարակական կյանքը, դեպի արվեստը, դեպի գրականությունը։

Երիտասարդ հայ պուբլիցիստներից մեկը շատ իրավացի կերպով նկատում է, որ մեր կյանքում գլխավոր դերը մանր բուրժուազիային է պատկանում. միայն պետք է ավելացնել, որ հայ խոշոր բուրժուազիան ևս դեռ մանրբուրժուական իդեոլոգիայի ու հոգեբանության հովանու ներքև է անցնում իր կյանքը։ Հայ խոշոր բուրժուան դեռևս չի ազատվել այն նեղ ու ծթրած մթնոլորտից, ուր գարշելի ծաղիկներ են բուսնում։ Դրա համար չպետք է զարմանալ, եթե դուք ընկնելով մայրաքաղաք, մի կենտրոն, ուր կյանքը ավելի ինտենսիվ կերպով է ընթանում առաջ, ուր կյանքի արտահայտությունները ավելի ցայտուն են, ասում եմ, ընկնելով մայրաքաղաք, չպետք է զարմանաք, եթե հանդիպեք Սունդուկյանի, Րաֆֆու չարչի-վաճառական տիպերին։

Չպետք է զարմանաք, եթե տեսնեք, որ այստեղ կյանքը պահպանում է իր սպեցիֆիկ հայ-գավառական կերպարանքը — գուցե ավելի շքեղ ու հարուստ հագուստով, ավելի ճոխ դեմքով, սակայն նույն մանրբուրժուական ներքինով։

Նման շատ ուրիշ գաղութների՝ ցրված Ռուսաստանի այլևայլ անկյուններում, այստեղի ազգայինները հարազատ են մնացել իրանց հայրենական սովորություններին։ Իբրև հայեր ընդհանուր ռուսական թե՛ քաղաքական և թե՛ կուլտուրական կյանքից դուրս են ապրում, միաժամանակ հեռու լինելով հայկական կյանքից, միայն մերթ ընդ մերթ ակամա աննշմար արձագանքելով այդ իրականությանը։

Ռուսաստանի ամեն մի հայ գաղութ — դա նույն գավառն է, նույն հետամնաց վայրը, ուր ամեն ինչ ներփակված է ընտանեկան շրջանում, ուր գրեթե գոյություն չունի որևէ հասարակական կյանք։

Մի որևէ բորսայական տուզի ամուսնությունը կամ մահը ավելի մեծ հետաքրքրություն է շարժում, քան ամենակարևոր ու նշանակալից հասարակական երևույթ։

Հայրիկի մահը եկեղեցում բավական խուռն բազմություն էր գումարել, սակայն դա մի պաշտոնական, գուցե շատերի համար ակամա մի այցելություն էր, որ այնուամենայնիվ կատարում էին ըստ ավանդության։ Նույն պապենական, նահապետական (ավա՜ղ, այնքան սիրելի շատ և շատ մարդկանց, որ մեզանում չեն քաշվում հեղափոխական կոչվելու) հոտն է փչում և այն ճառերից, որ արտասանեցին մի քանի ազգայիններ՝ դրվատելով Հայաստանյայց առաքելական եկեղեցվո պետին։ Թափվեց խոսքերի տարափը, ուր մտքերը համեստաբար անհետացել էին ճոռոմ ու փքուն խոսքերի անտառում, երևի վախենալով հանկարծակի լուսավորել այն հասարակությունը, որ այնքան սովոր է անմիտ ու բարձրակոչ բացականչություններ լսելու։

Կարիք չկա կրկնելու այդ ճառերի բովանդակությունը, երևի դուք լսել եք գավառներում երդվյալ հռետորներին, որ ամեն տարի խոսում են Վարդանանց տոնին և ուրիշ ազգային տոներին կամ հայ գործիչների թաղման ժամանակ։

— Վարդանը մեռավ, սակայն նա կենդանի է…

— Հայրիկը մեռավ, սակայն նա կենդանի է և այլն…

Շարունակությունը արդեն գիտեք, հազար անգամ լսել եք, մեծ մասամբ ոչ միայն «մտքերը» նույնն են, այլև բառերը, նախադասությունները։

Հոգեհանգստից հետո ժողով գումարվեց «Ս. էջմիածնի թափուր Աթոռի մասին խորհելու նպատակով»։ Հարյուրավոր ամբոխից մի 15—20 մարդ էր մնացել ժողովին և դրանից մի քանիսը ուսանողներ էին, որ շուտով հեռացան։ Խորհեցին, խորհեցին… և ցրվեցին իրանց տները, իրանց գործերին։ Ինչպես տեսնում եք, այնքան էլ խորը չեն մեր ազգայինների զգացմունքները։ Սակայն այդ զգացմունքները հանկարծ բորբոքվեցին, երբ հայ ուսանողությունը ուզեց երեկույթ սարքել ամսիս երկուսին՝ չքավոր ուսանողների օգտին։

— Ինչպե՞ս, դեռ կաթողիկոսի մահից 50 օր չի անցել, և դուք կամենում եք երեկո՞ւյթ սարքել…

Ահա հայ բուրժուաների գրեթե միաբերան բացականյությունը։ Իրավ որ, ինչպե՛ս կարելի է սոված ու տկլոր ուսանողներին օգնել, ի՞նչ վնաս, եթե մի 10—15 օր էլ սոված ման գան… չէ՞ որ նրանք սովոր են…

Եվ Հայ բուրժուաներից շատերը կարևոր համարեցին բոյկոտի ենթարկելու «մայիսյան երեկույթը», որպեսզի իրանց «ազգասիրական զգացումներին» բավարարություն տան, երբ ուսանողները նկատեցին նրանց, որ սոված մարդկանց հաց հայթայթելը չի վիրավորում և չի կարող վիրավորել ոչ ոքի հիշատակը…

Ավելի խելացի չէ՞ր վարվի արդյոք հայ հասարակությունը, եթե առաջարկեր ուսանողությանը այն գումարը, որ պետք է ստացվեր երեկույթից և պայման դներ երեկույթ չսարքել, կամ գոնե հանուն «սիրեցյալ Հայրիկի» մի գումարով ապահովեր չքավոր ուսանողներին… Բայց այստեղ արդեն գրպանի խնդիր է ծագում, իսկ այդպիսի դեպքերում լավ է լռել, որպեսզի չհիշենք մի քանի զզվելի դեպքեր, որոնց հերոսը հանդիսացան այլևայլ պատվավոր ազգայիններ։

Ի դեպ «երեկույթի» մասին։

Այս տարի «Հայկական երեկույթը» ավելի հաջող անցավ, քան շատ և շատ ուրիշ տարիներ։ Մելիքյանի պատրաստած խումբը շատ հաջող կերպով երգեց մի քանի հայկական երգեր, ինչպես «Գարուն ա»֊ն (Կոմիտասի) «Ջան֊գյուլում»-ը և այլն։ Սակայն պետք է նկատել, որ ժամանակ է վերջ տալ շաբլոնացած «Զեյթունցիներ»-ը և ուրիշ երգերի, որ ամեն տարի կրկնվում են։ Գեղարվեստական թատրոնի հայտնի դերասանուհի Սավիցկայան կարդաց ՀովՀ. Հովհաննիսյանի մի բանաստեղծությունը՝ Բայլմոնտի թարգմանությամբ և Ռ․ Պատկանյանի «Հիմի՞ էլ լռենք»-ը՝ Յու. Վեսելովսկու թարգմանությամբ։ Երգեցին և նվագեցին դերասաններ Ալչևսկի, Կամիոնսկի, Վլասով, տիկին Տերյան֊Ղորղանյան, տիկին Բրուն և այլք․ նվագեց պրոֆեսոր Կենեման։

Երեկույթն ընդհանրապես լավ էր կազմակերպված, և եթե մուտքը սպասածից պակաս է հաշվվում (մոտ 2000 ռ.), դա պետք է վերագրել հայ «ազգայինների» կաթողիկոսասիրական զգացմունքներին, որ ստիպել էին բոյկոտի ենթարկել երեկույթը։

Անցյալ կիրակի հոգեհանգիստ կատարվեց Պերճ Պռոշյանի համար։ Կիկնվեց այն ներկայացումը, որ կարելի էր վերնագրել — «Միշտ կրկնվող տեսարաններ հայ կյանքից» կամ perpetuum mobile։

Իրավ որ, ոչ մի ներկայացում այնպիսի մեծ հաջողություն չէ գտել հայ հասարակության լայն խավերում, ինչպես «Հայ գործիչների թաղման ու հոգեհանգիստների արձագանքը գավառներում» կոմեդիան, կամ եթե կուզեք, տրագի֊կոմեդիան։