«Փողոցում քեզ էի փնտրում»

***

Փողոցում քեզ էի փնտրում,
Փողոցում,
Ուր բազմության մեջ աղաղակվում էր միայնությունը,
Ինչպես ժխորի տեսքով մի անբուժելի ախտ:
Հարազատի, ծանոթի ու մտերիմի իմ որոնումը,
Քո հայացքն էր դաջում իմ աչքերին,
Որոնք փնտրում էին քո կերպարանքը`
Անհույս իղձերի փշոտ բավիղում...

Իսկ դու չես գալու...
Իսկ դու չես եղել...

Իսկ ես փողոցում աչքերս փակած
Երազ փնտրեցի,
Եվ երազներս եկան-բախվեցին
Քեզ,
Որ չես եղել,
Ու չես էլ գալու...

Ու ես գալիս եմ անհույս հավատով,
Կրծոտված սիրո պապակից մաշված,
Քեզ արարելու, որ դու
Ե՛վ լինես,
Ե՛վ ցանկանաս ինձ...
Բայց երազներս կախվում են
Չեղած ու չլինելիք
Երջանկությանս.
Որը չի եղել
Եվ ոչ էլ կգա...

16.09.2000

Երևան