Երկու լույս էին վառ նրանք,
Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր—հրաշքներ լուսե։
Մեկի բոյը— սեգ մինարեթ,
Մյուսինը— սև մի սոսի․
Մեկը— վառ, անմար մի արև,
Մեկը— կաթ, արծաթ մի լուսին։
Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
Մյուսի աչքերը— տխուր
Միրաժներ էին անմեկին։
Մեկի կուրծքը մզկի՛թ, էր սպիտակ,
Մյուսինը— սե՛գ մի տաճար,
Մեկը— բիլ գազե՛լ էր կապուտաչ,
Մեկը— հուր—նժո՛ւյգ սևաչյա։
Մեկը թիռ քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել,
Մյուսի քայլքն հրաթև—
Թռի՛չք էր դաշտերում ավազե։
Աշխարհում դեռ չի՛ երազել
Նման բախտ և ո՛չ մի արքա,
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՜լ էր Անդոն չարկամ․․․
Ես կարող էի նրանց հետ
Աստծու գահին տիրանալ,