Լավ վերաբերմունք դեպի ձիերը Ա՛յ քեզ

Եղիշե Չարենց

Պատերազմ և խաղաղություն

[ 290 ]

Ա՛Յ ՔԵԶ



Մի ժամ անց — այստեղից դեպ մաքուր նրբանցքը
Կհոսի ձեր ճարպը լույծ, բաժին—բաժին․
Իսկ ես բացի ձեր դեմ այնքա՜ն երգեր—գանձեր,
Ես — անգի՜ն խոսքերի վատնիչ ու տրանժիր։

Ա՛յ, դուք — տղամարդ եք։ Ձեր բեխերին նստել է
Թափթփած մնացորդը լավ չկերած բորշչի։
Իսկ դուք ահա, որ կին եք — այդ ինչքա՜ն եք

քսել։

Ոստրեի պես նայում եք դուք իրերի որջից։

Բոլո՛րդ էլ պոետի սրտի թիթեռնիկին

Կոխոտում եք, կեղտոտ, ու կեղտոտում միջինը։
Ամբոխը, զայրացած, կբարձրանա ոտքի,
Կգալարե ոտները բյուրոտանի ոջիլը։

Իսկ եթե ես այսօր չցանկանամ քծնել,
Եթե կոպիտ հոնիս համբերությունն հատնի —

Ես կքրքջամ, ուրախ, ու կթքե՛մ,
Կթքեմ դեմքի՛ն ձեր,
Ես — անգի՜ն խոսքերի տրանժիր ու վատնիչ։