Ա՜Խ, ԱՍՏՎԱ՜Ծ, ԱՍՏՎԱ՜Ծ

«Թագավորն ի՛նչպես, Մամի՛, թագավորն ալ մա՞րդ է մեզի պես, ու ի՛նչպես, ան այլ հաց, ապուր կուտե՞, ջուր կխմե՞, բնակած տունն ալ ի՛նչչափ մեծ ու աղվոր արդյոք»։

Հարցումներ միշտ, այս կարգի տղա հարցումներ մը մեզնե։ Մեկը կթողնեինք, մյուսին կվազեինք, բայց շատ ավելի թագավոր Ապրայի մը առասպելական ապրելակերպն էր մեր երեք պզտիկներուս ալ մինչև մազերուն ծայրը հետաքրքրող պարագան։

Դրացի Մամիկը, քիչ մը մեզի ազգական ալ, ձմեռ երկար գիշերները, շատ լավ էր հասկցեր երեք փոքրիկներու սեղմ մը իր փեշերուն կապերու գաղտնիքը։ Նա ամեն իրիկուն նոր, պղպչուն ծրար մը կբանար մեզի, որ մենք երեկինեն քիչ մը արագ ու խանդավառ սիրով մը վերջացնենք մեզի բաժին հանած աշխատությունը։

Գիշերը կես չեղած տակավին, խճեճի ահագին բլուր մը կլմնցնեինք։ Մամին երբեմն, թեև ուրիշ դրացի փոքրիկներ ալ կունենար մեզի հետ, բայց երեք եղբայրներ անոնց հինգին, տասին չափ գործ կտեսնայինք մենք, որովհետև հոգիի սերով մը կաշխատեինք․ անոնք մինչդեռ մի որևէ բանի փոխարենով կուգային Մամիին ծառայություն մը ընել։ Տարիքն առած, բայց շատ ժիր կնկուկ մը աս Մամին, որ ինք մինակը սա չափ սեփական հող մը կմշակեր, հարուստ էր, իր մեծ դժբախտությունը այն, որ իր բոլոր գործերը ուրիշներու ձեռքով պիտի կատարվեին, իր կենճ-կենճ տղաքը, իր կակաչ կարմիր հարսները ամենքն ալ հուրն ու ջուրը տարեր, ինքն անոնց ետևեն մինչև կես մեջքով գերեզման թաղվողն էր, որ ողջ կմնար տակավին։ Օր մը ես ալ մեռնեի ու խալըսեի աս տերտերեն․ ես քար կապա եմ խածեր՝ կըսեր, բայց մեր ինչուն պետք, որ անոր տերտին տեսակներն ուզեինք գիտնալ։ Մերը այն ծրարները, Մամիին՝ սիրունիկ հեքիաթները, որոնց մեկուն կամ մյուսին մեջ աղվոր բաներ մը կելլային անպատճառ, աղջիկ մը, որ արևին հետ կմրցի, ան հովիվ տղան, որ կընե չըներ, թագավորին փեսա կըլլար, այն մյուսը, որ դեպի արևելք երկար ճանապարհորդություն մը կընե, Արևին իր ցավերը պատմելով՝ անկե դարման կխնդրե ու կհաջողի ալ։ Մեր ուզածներն ահա, որ նույն ատեն կսիրեինք հավտալ թե՝ ամենքն ալ ապրված ստույգ իրականություններ են։ Մամին ալ արդեն մեզմե ուրիշ կերպ չէր սպասեր։

Ուրիշ կերպ չէր սպասեր, իրավ է, բայց ըսի, թե մեր երեքներուս ալ ուզածը ու շատ փնտռածը թագավորի մը ինչպեսն ու իրականությունն էր ավելի։ Մենք կսիրեինք ավելի, որ նա իր մեղր ու շաքար «կար ու չիկարին» ետևեն անպատճառ սանկ սյուսլի սալթանաթլի փառավոր ծիրանազգեաց մը դուրս բերե, թագավոր մը, որ մեր ալ խելքին պառկեր ու մոտերնիս անմիջապես իրականություն մը շոշափեինք, աչքերով քիչ մըն ալ անոր պոյ պոսը տեսնայինք։

Թագավոր մը, որ իր տղան կարգելու համար քառսուն օր ու քառսուն գիշեր հարսնիք բռնել կուտա, էժտեհերի պես ձիերով կպտտի, ինք ու իրենները ոսկի կհագնին ու մեկ կտորե շողուն ադամանդով մը տունի մեջ կբնակին։

Անհուն զորություն մը անի ան, հենց որ մորուքը չանչե, լեռները ոտքի կելլան ու քաղաքներու վրա կիյնան, միայն շրթունք մը շարժելով կրնա աշխարհքը կործանել։ Ու մենք՝ պզտիկներս, անգամ մըն ալ կկրկնեինք մեր հարցումները, ան ալ մա՞րդ է մեզի պես, Մամի՛, ճիշտ մեզի պես քիթ, բերա՞ն ունի։

Դրացի կնկուկը, իրիկուն մը, ալ կերևա լմնցած տեսնելով խճեճին դեզը, որուն մենք վերջին հատն ալ բամբակի վերածեր էինք, կամ կերևա մեր հարցումներուն կարճ խոսքով վերջ մը բերելու համար. «Է՜հ, ի՛նչ գիտնամ, ըսավ, օղո՛ւլ, ես ալ մեկեն տեսե՞ր եմ մի թագավորը, թագավոր մը վո՞վ տեսած կըլլի, ան մարդու չերվար, էրվա ալ, մարդ անոր երեսին չիշխեր հայելու, հապա օր մը դուն…

— Հա՛, ես նորեն կըսեմ այնպես, ան ալ մեր գեղին պըզտիկ թագավորը ըսել է, չե՞ք տեսնար, անոր ալ հենց հովը աշխարհք կշրջե, ան ինչ հրաման որ ընե, անիսեթ կատարվի պիտի, հենց ըզունկին երեսը կգրե ու կըլլին բաները, թուր թֆենկ ունի, իրենն է գեղը, գեղին հողն ու ջուրն ալ իրենն է, մենք ամենքս ալ ծառաները անոր— ո՞ր բերնի ընկեր է, որ անոր առաջքը բերան բանա կամ ան խոսք մը ըսե ու մեկը թերս պատասխան մը տա անոր։ Ան իր մարդերով գիշերն ալ մեր դռներուն առաջքը կերևա, ու շատ հեղ ալ երդիքներուն վրայեն կանցնին, ես աս աչքերովս քանի֊քանի՜ անգամ տեսեր եմ, հանդիպեր եմ անոր, որ գլոխը շիշ սիվրի քեչե մը, վրան ալ գայլի փոստ մը առած կպտտի, ոտքեն գլուխը փիր սիլա ու կրակ, կրակ ամենքը։ Հասկցա՞ք մի, տղաքս իմ գիտցածս այսչափ միայն, դուք միայն թե՝ խելոք եղեք, անոր խոնախին առջևեն շատ մի անցնիք, անցնիք ալ նե, աչվընիդ շատ փենճերեները մի ձգեք, ես ձեզի կըսեմ, որ դուք անոր դռան շուներուն ու շանձագտոց պիլե քար քեսեկ մի՛ նետեք, ձեր անիսեթ մուժմեհել կընեն»։

Ան իրիկունն ահա Մամին ինչ հրաշեկ անուր մը կանցնե մեր շլլիքին, ու մենք վայրկյան մը իր ըսածներուն վերջինին շեշտովը ինչ մութ բարդ խոհերով մեր հոգիին խափանվիլը կզգանք ու ալ չենք իշխեր անգամ շունչ հանել։

Մամին մատնանշած այն զալըմ շահապը, գեղին մեծ Աղան, որ հունա այնքան ալ մեր մոտը կապրի ու մենք երեք պզտիկներ ալ ամեն մանրամասնություններով կհասկնայինք թե՝ ով պիտի ըլլա ան, որուն մեկ հրամանն ալ լեռները կդողացնե։

Ան իրիկունը ավելի սոսկալի հայտնություն մը, երբ այս կնիկը հանկարծ վեր կելլա տեղեն ու իր սև գոգնոցին տակեն ծրար մը քակելով, մեջեն արյունի լայն լերդ ցայտքերով կետկիտված շապիկ մը կքաշե, կնետե առջևնիս, ու առանց խոսելու վայրկյան մը շեշտ մեր երեսին կնայի,— աս ի՞նչ, Մամի՛, ա՛ս ինչ ըլլի, կծեքծեքեմ ես աչքերս այն շապիկին վրա լայնցնելով,— Դեհ, գացե՛ք տե հասկցեք, կըսե, տղաքս, գացեք տե դուք ըլ էն անօրենին մարիֆեթը հասկցեք։ Էն աղան ըսպանեց, գլխավորիս շապիկն է աս, երսուն տարի է, որ հուքումեթը կտանիմ, աչքերնին կկոխեմ էս շապիկը, էս արյունով, ու նորեն օգուտ չերաց ու չիներ։ Ու վերջին խոսքը, որ այս դժբախտ այրին արին արցունքի մը մեջ կհեծծե, դեռ մինչև հիմա ալ միտքս կմնա ու չեմ մոռցեր.— «Ախ, աստված, աստված, վաղը էս շապիկը պիտի հագնիմ գամ դեմդ, ան ատեն տեսնամ թե՝ դո՞ւն ալ կույր պիտի մնաս էն փաշին ու էն անօրեն դատավորին պես»։

1909