ՏՈՒՆ ԴԱՐՁԸ

Դեպի ներս, դեպի ներս, պահ մըն ալ ծունկ-ծունկի ամփոփուկ կյանքը հոն, ուր առաջին ծիծեռնիկին դարձեն ի վեր անցած մեղվընփեթակի մը տրտում պարապությունը կա, կամ ամայությունը այնպես, ուր մարդ իր շունչին հետ վայրկյան մըն ալ իր ականջին խորքեն կոտրտած կիթառի ձայն մը, խղվրտյուն մը կլսե:

Դեպի ներս, ու վերջ մը տվեք այն հեղձ ու ցավագին թնծկանքներուն, որ ձեր տունին ստվերոտ անկյուններեն կերկննան։ Սարդը այն տեղերուն վրա պատեհություն գտեր ու հեք ճանճերուն վրա իր հաջողությունը կըմբոշխնե։ Դեպի ներս, ուր ծղրիթներն այնքան մեծ բազմությունով— մրջյուններեն շատ ու շամբուտին գորտերուն չափ ալ անհարկի ու խլացուցիչ իրենց ժխորովը ձեր բրշակը փլած ավերակի մը երևույթին մեջ դրած են: Ներսը մեզի կսպասեր ծերուկ մայրը, որ ամբողջ օրը ձեր դարձին կարոտովը աղոթեց, հորանջեց ու հետո երեսը պատն ի վեր ու պատին կպցուցած, հուսահատի մրափը անցուց, արթննալուն, երդիկին արևին հայեցավ մեյ մը ու անգամ մըն ալ ու էն վերջը տանիքն ելած ցվիքին եզերքը՝ ձեր գալիք ճամփան դիտեց անձկոտ:

Դեպի ներսը, դաշտի հեռավոր ծայրերեն ժողովված ու տղմուտ վտակներու ծանծաղ ափերեն անցած։ Ներսը, ներսի հանգիստ, փակ կյանքը պահ մըն ալ, կապելով ու մոռնալով վերքերը, որ մանգաղն ու փուշ-փուշ խոզիթուկները տվին ձեզի, ան ատեն, որ կանուխ դաշտ կվազեիք ուն մը ավելի հնձելու աճապարանքով։ Վերջին կեռնեխն ու կատարահավը գացեր են, ու դուք դուրսը կմնաք։ Ներսը ու դեռ քիչ մըն ալ եթե տնտնալ ուզեք դաշտին երեսը, մեռած արտին ու կոխկըռտված հնձաններուն քովերը, ուր ալ ոչինչ չմնաց ընելիք, կասկածելի էր, որ հոն ան տեղանքը գիժ գայլերու հանդիպիք, աղվեսին ու նապաստակին ստվերներն ու թերաստվերներն անգամ ճերմակ ձյունին վրա խոլ, շորժող սևեր մը ձգած՝ սոսկում դնեին ձեր սիրտը։ Ա՛լ ձմեռ է։

Ալ ձմեռ է, ձյունը Մաստառեն ու Չաղարի կատարներեն կամաց-կամաց դաշտը կիջնե ահա, որ մեռած մրշած ինչ-որ կար հոս ու ինչ-որ կերևար հունտ երբեմն աչքառու հեռապատկերի մը վրա, անոնք ալ ծածկե, անհուն, անծիր պատանքի մը արհավիրքը ցուցադրելով։

Ատեն մը դադար տայիք հևքերու և խոնջածի ձեր մուխ ծուխ փռնչումներուն, որ կհասկցվեր թե՝ ձեր պղնձի լայն կուրծքերեն դուրս կուտայիք։ Բայց ալ ատոնց ատենը չէր հիմա, ձմեռ է, քրտինքնիդ սրբեցեք կամաց մը ու առլի, գոհունակ շունչ մը քաշեցէք, քով քովի տաքուկ տումին բոլորտիքը շարված։

Տունդարձ, դեպի ներստանքը, տարվան աստծուն արևն ու անձրևները ձեզի աղվոր, առատ բարիքներ ընձեռեցին, անոնցմե ձեր դուռները աշխատող մշակներուն իրենց բաժինները տվեք, անցորդին ու աղքատին տվեք, գեղերեցին ու ժամուն տվեք, կայսերինը կայսեր, աստծունն ալ սա որբ լամուկներուն հանձնեցեք, որ ուղղակի տեղ տանին հասցնեն։

Ու դեռ պիտի ըսեմ, ափ մը բան ալ ցվքին եզերքները կծկտուլ ճնճղուկներուն առաջքը նետեցեք, անոնք ալ մեղք էին, «Ոչ կվարեն, ոչ կցանեն, ոչ ալ կալսել գիտեն»։ Ձեզի պես մտմտուք ալ չունին, երբ անոթնան, ցվքին ավազահատերը կկրկտեն։ Դուք քիչ մըն ալ այն ճնճղուկներուն տվեք։

Նե՛րս եկեք, խծկեցեք ձեր բրշակին հովանց ծակտիքը, դուռը միշտ փակ պահեցեք, որ հավն ու հավձագը ներս չի վազեն։ Պառավն արդեն շատ էր անոնց համար։

Գինիին կթղան, կրտիկը առջևնիդ առեք, քիչ մըն ալ զվարթ կատակները դրեք մեջտեղ։ Ըսեր թե՝ ինչպես օր մը, մեծ արական մը անցավ դիմացի Չելեմլիկի լեռնեն, ուր պահ մը ետքը ջուր տարափ մը սկսավ իջնել, հեղեղ մը փրթավ, Կարմրցոց էգիները ավրվեցան։ Խենթի մը ըրածը ատ ատեն, չէ՞իք հիշեր, որ դեղին ջոջերեն մեկը, Պիպի Հարոն, ինչպես հիմար վարանքի մը մեջ, գլխուն գտակը նետեց հոսանքին առջև, որ ընթացքը ծռե իր էգիին քովերեն գոնե հեռու անցնի, քիչ վերջը սակայն ինքն ալ, տղան ալ ու վարերը արծող իր ճեյրան եզներն ալ ջուրին երեսը՝ վերի թռչուններուն թև փետուր կաղաղակեին։

Ինքը՝ Պիպին ազատվեցավ թեև, բայց այդ դեպքեն վերջը, երբ իրեն պատահել անջուր առուե մ’իսկ անցնիլ ալքը պիտի կապեին։

Ատեն կանցնի, գեղին ստահակ տղաքը, երբ Պիպի Հարոն տեսնեին, որ տեղ մը կեցած է առանձին կամ երկու երեքներու հետ, ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր կպոռային, զոր լսելու ատենը, Պիպին ոտվներուն բութ մատներուն վրա՝ Թութիկան կհասներ: Դուք ուրիշ մը չպիտի՞ կրնայիք ըսել։

Դեպի ներս, թոնիրին բոլորտիքը ու տախտերուն վրա, ձեզի ի՞նչ չկար ըսելիք, խոսելիք։ Դաշտին ամեն մեկ կետը ձեզի համար պատմություն մըն է։ Հոն օր մը ձեր սիրած աղջկան ճամփուն նայած եք, որ չի դառնար, ուրիշ օր մը, բարևի խնձոր մը ղրկեցիք ու մերժում լսեցիք։ Կարոն այն փուլին վրայեն առևանգեց, փախցուց իր անուշ Նունուն։

Ա՛լ ձմեռ է, նե՛րս, դեպի նե՛րս, ու գինին առատ, ամբարները լիք, ձեզի կսպասեն, ձեզի համար են անոնք, ձեր հալալ վաստակին դուք եք տերը: Ալ ի՞նչ ունեիք մտմտալիք։ Միայն, ինչ որ պիտի խնդրեի ձեզմե, ձմեռը, սա մեր ծռուկ Ասատուրին կռնակն ալ իրեն պես ծռուկ, ճմռթկուկ բարձ մը՝ կնկուկ մը գտնեիք տայիք։