Ագռավն ու աղվեսը


Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի...
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։