Որսորդ նապաստակը

Զանազան
Տեսակ գազան
Մի օր արջին
Դաշտի միջին
Կալմեջ արին, խեղդոտեցին
Ու բաժանել սկսեցին:
Նապաստակն էլ դրանց միջից,
Քաշեց արջի մի ականջից:

— Սրա՜ն մտիկ,
Է՞ս ինչ, Շլդիկ,
Դո՞ւ որտեղից մեր մեջ ընկար,
Որս անելիս հետքդ չկար:

Է՛, եղբայրներ, զարթնե՜ք քնից...
Բա ո՞վ էր, ո՞վ՝
Արջին զոռով
Սարից, ձորից,
Խոր անտառից
Հանեց, գցեց ձեր ճանկերը.
— Էն ես չէի՞ ձեր ընկերը, —
Պատասխանեց նապաստակը,
Կես ականջը թաթի տակը:
Սուտ պարծանքը անվիճելի
Թվաց խմբին շատ հաճելի,
Ուստի տվին իր պահանջը՝
Թաթի տակի կես ականջը: