Օրոր Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ալոճենին)

Վարդան Հակոբյան

Հորս աչքերը միշտ ժպտում են
ԱԼՈՃԵՆԻՆ


Իմ պապի այգին շատ հավքեր ուներ,
իմ պապի այգին շատ երգեր ուներ,
իմ պապը այգին հավքերին թողեց,
իմ պապը այգին երգերին թողեց
եւ ինքը գնաց։
Գնալիս կանգնեց Մեծ քարի վրա
ու դեպի այգին կանչեց ինքն-իրեն,
Եվ ինքն իրեն էլ,
իբրեւ ծառերից մեկի փոխարեն,
պատասխան տվեց.
- Մեզ թողեց-գնաց, կռիվ էր, գնաց...

Գնաց։ Կռվի կարճ դադարի պահին,
երբ նա ննջում էր, նիրհո՜ւմ էր իբրեւ՝
գլուխը թեքած վահանի վրա,
պիտի վերհիշեր այս ամենը նա։
Եվ դեմքի սպին,
որ հիշատակ է մնացել այգուց,
երբ հրաժեշտին ողջագուրվում էր
մեջքը չափարին դեմ առած-կանգնած
ալոճենու հետ,
պիտի կարոտի արցունքով շոյվեր...
Իմ պապը չեկավ։
Ընկավ ու հաղթեց։
Եվ ես մեծացա, շտապ մեծացա,
Իմ պապի վերջին նամակը, ահա,
ես ընթերցում եմ այգու ծառերին։
Ապա գնում եմ Մեծ ձորի գետից
մի առու բերում,
առուն կապում եմ նույն ալոճենուն,
նստում մանրամաղ ստվերների մեջ՝
կեսօրահացի։
Պողերի վրա թեժատաք արված,
մորս ձեռքերով վրան ջուր ցանված,
մորս փեշի մեջ փաթաթված-պահված
հացի բույրն անուշ աշխարհ է բռնում։
Հավքերը գալիս, բաժին են առնում,
երգերը գալիս, բաժին են առնում։
Պապս ապրում է հավքի, երգի հետ,
Ես հավքի երգին կանչում եմ՝ իմ պա՜պ...