Բելային՝ իր ծննդյան օրվա առթիվ, որ Հարութի, Նարեկի ու Տիգրանի համար կարդա, Սարգիսն ու Քրիստինեն եկան, նրանց համար էլ թող կարդա...

Հեռադիտակով նայեց տղան ու դիմացի շենքի պատուհանով տեսավ մի աղջկա՝ այնքան սիրուն, այնքան սիրուն, ինչպիսին կարող է լինել միայն հեքիաթներում։ Տղան, չհավատալով աչքերին, նորից նայեց՝ չէ, հեքիաթ չէ։ Պարզապես աղջիկն այն շորերով էր, որ ունենում են միայն լողափին, ծով մտնելուց առաջ։ Շոգ էր։ Բնակարանների պատուհանները իրար էին նայում, տղայի սենյակը երկնաքերի 19-րդ հարկում էր, աղջկանը՝ մյուս շենքի 17-րդ հարկում։ Ի՞նչ անել։ Մտածելու բան չէ։ Պիտի հանդիպել եւ ասել, որ... Որ՝ ինչ։ Տղան դես մտածեց, դեն մտածեց, որոշեց, այնուամենայնիվ, ծանոթանալ։ Եվ երբ մի գեղեցիկ օր աղջիկը վերելակից դուրս եկավ առաջին հարկ, տղան դիմավորեց անակնկալ ողջույնով.

-Բարեւ, ես Վահեն եմ, իսկ դո՞ւ։

-Բարեւ։ Ես... Բայց դուք ո՞վ եք։

-Ես ասացի։ Վահեն ես եմ։

Աղջիկը ժպտաց.

-Ի՞նչ է պետք։

-Չգիտեմ, գուցե սխալվում եմ, անունդ Հասմիկ չէ՞,- Վահեն հասկացրեց, որ պատահական չեն իր հարցումները,- ես գիտեմ քեզ, ամեն օր տեսնում եմ եւ...

-Բայց որտե՞ղ...

-Ձեր տան մեջ։

-Մե՞ր։

-Այո, պատուհանով... Ապրում ենք դեմ-դիմաց։

-Հա՜,- նորից փորձեց ժպտալ աղջիկը,- դա ուրիշ է։

-Առավոտյան միշտ միասին ենք մարզանքներ կատարում...,- զրույցը շարունակեց տղան։

-Ուրեմն, շատ լուրջ հետախուզության մեջ եմ,- կատակեց աղջիկը,- բայց չգիտեի։

-Ո՞ւր եք գնում, եթե գաղտնիք չէ... Գուցե դեմ չլինե՞ք, որ ցանկանում եմ ուղեկցել...

-Խնդրեմ... Տիեզերագիտության խմբակի պարապմունքներին եմ մասնակցում, ոչ հեռվում է մեր համալսարանը...

Անցան օրեր, ամիսներ։ Վահեն խնդրեց Հասմիկի ձեռքը։ Երկուսի ծնողներն էլ տարիներ առաջ են վերաբնակվել Լոս-Անջելեսում։ Ընդհանուր շատ բան կար, բայց... Աղջիկը իր պայմանները դրեց.

-Կհամաձայնեմ մի դեպքում, եթե...

-Հո՞ւր բերեմ երկնքից... -Դա հիմա դժվար չէ, հրթիռներից մեկը գալիս է ամեն օր, մեկը երկինք գնում։

-Անմահական խնձորնե՞ր բերեմ գուցե...

-Չէ՛, մեր խանութները լիքն են դրանցով։

-Բա ի՞նչ։ Սրտիդ ուզածն ասա։

-Ուզում եմ մի կտոր ջրաղացի բաղարջ բերես ինձ համար, պայմանով, որ ցորենը դու լինես ցանած-հնձած, կալսած, ջրաղացում աղացած, քո ձեռքով թխած...

Աղջիկը բաղարջի մասին լսել է իր մորից, մայրն՝ իր տատից, տատն էլ՝ իր նախատատից... Այդպես, ջրաղացում թխած բաղարջի համբավը սերնդե-սերունդ եկել, հասել էր այս քաղաքը։ Բայց հիմա ով է տեխնիկայի մեր դարում նման հաց պատրաստում։ Ամեն ինչ մեքենայացված է։ Մեկ-մեկ էլ, երբ Հասմիկի մեծ տատն ասում էր՝ ես մեր Քոլեն տափի փայտով կրակին եփած կորկոտ եմ ուզում, տնեցիները զարմանում էին. կրակը կրակ է, էլի, դա ինչ կապ ունի կորկոտի համի հետ։ «Չէ, ունի, ունի... Էն էլ ոնց». իրենն էր պնդում տատը։

Վահեն տխրեց՝ դժվար խնդիր է դրվել իր առաջ։ Բայց որ սիրում է, հալումաշ է լինում նրա կարոտից, ի՞նչ անի, պիտի գնա, ինչ գնով լինում է՝ բերի։ Խորհուրդ է նստում հոր հետ։ Վերջինս, տեսնելով, որ՝ չէ, տղան իրասածի է եւ խոսքից ետ չի կանգնելու, ստիպված ասում է, թե ինչպես պիտի տղան բաղարջը բերի։ Ու պատմում է՝ այսպես ու այսպես։

Տղան ճանապարհ է ընկնում, ծովեր ու օվկիանոսներ է անցնում, գալիս հասնում է Հայաստանի Արփագետուկ գյուղը, որը գտնվում է Արցախի ամենածայրում։ Այստեղ դեռ ջրաղացը գործում է։ Վահեն հերկ է անում իր ձեռքով, ցորեն է ցանում Մեծ քարի հայացքի տակ, գալիս է ամառը, հենց կանաչը հողից ելնում է թե չէ, Խումհարագոմերի կողմից չարքը վրա է տալիս։ Այդպես է, ամեն լավ գործեր անելու ժամանակ դեւը եւ սատանան խոսքները մեկ են անում, որ խանգարեն։ Նրանց հաճույքն էլ խանգարելու մեջ է։ Ամպերը սեւանում են հանկարծ։ Վահեն տեսնում է, որ սատանան ու դեւը թխպերի մեջ են մտել եւ ուզում են կարկուտ տեղալ, արտը տանել։ Վահեն կայծակե սուրն առնում է ու կռիվ մտնում։ Մեկ-երկու, մեկ-երկու... Տուր թե կտաս... Զարկում է այնքան, որ ամպերը ջուր դառած թափվում են... Դրանից հողը ավելի է պարարտանում, արտը աճում ավելի։

Գալիս է հնձելու ժամանակը։ Վահեն հենց ուզում է հունձը սկսի, մի վիշապ օձ կտրում է ճամփան.

-Քանի ամիս է՝ ես արտում պառկած, հսկում-պահում եմ քեզ համա՞ր...

Վահեն նորից է սուրը հանում ու կռվի մեջ մտնում։ Մեկ-երկու, մեկ-երկու... Տուր թե կտաս... Կտրված մի գլխի տեղ, ինչպես հեքիաթներում է լինում, բուսնում է յոթ գլուխ։ Վիշապը սակայն խորամանկ է լինում, պահը գտնում եւ իր երկար պոչը բերում է Վահեի թիկունքից ու հանկարծակի խփում։ Վահեն ընկնում է։

-Վահ,- մտածում է նա,- երազանքս կիսատ մնաց, Հասմիկս մնաց աչքը ճամփին...

Բայց հենց որ Հասմիկին հիշում է, նորից ուժ է առնում ու ելնում։ Մի զարկ է զարկում, որ խոսքով չի ասվի... Վիշապը միանգամից հազար կես է դառնում։

Վահեն սուրը դնում է պատյանի մեջ։

Մեկ էլ կալսելու ժամանակ են գալիս չարքերը։ Երբ Վահեն կալսում-կապում է ցորենը եւ սկսում է էրել՝ դեւի ու սատանայի ընկերները մտնում են քամու մեջ.

-Ոնց թե, մենք այստեղ, դու մեր միջով ցորեն կալսես-տանե՞ս...

Ու Վահեն նորից սուրը առնում է ու դարձյալ կռվի մեջ մտնում։ Ասեմ, որ այդ սուրը նրա պապերն էին Էրգրից տարել իրենց հետ։ Մեկ-երկու, մեկ-երկու... Տուր թե կտաս... Չարքերի լեշը փռում է։ Վահեն ցորենը տանում է Թինունց ջրաղացը, որ աղա։

Ջրաղացպանը մի կայտառ մարդ էր, այնքան, որ Վահեին թվաց, թե երիտասարդ է, պարզապես միրուքի եւ գլխի վրա նստած ճերմակ ալրափոշին չի սրբել... Վերջինս սիրով ընդունում է Վահեին.

-Բեր, տղա ջան, ջահելները անհամբեր են լինում, բեր քո ցորենը աղամ, առ ու գնա։

-Չէ, Խաչի պապի,- Վահեն ջրաղացպանի անունը իմացել էր մինչեւ գալը,- ճիշտ է՝ վռազում եմ, բայց մի գիշեր ուզում եմ մնալ քեզ մոտ, համ կօգնեմ քեզ, համ էլ իմ ցորենը իմ ձեռքով կաղամ։

-Տղա ջան, որ այդքան բարի ես, արի... Արի ցորենդ աղա։

Ու Խաչի պապը մի կողմ է կանգնում, վառում չիբուխը, որ հանգստանա։ Տղան էլ իր գործին է կպչում։ Ցորենը առավոտյան դեմ աղած-պրծած է լինում։

-Դե, լավ, հայրիկ, գնամ իմ ձեռքով մի բեռ ցախ բերեմ, որ բաղարջ թխենք,- ասում է Վահեն ու մի պարկ ալյուր էլ նվիրում ջրաղացպանին,- ինձ մի բաղարջը հերիք է...

-Շնորհակալ եմ, տղաս,- ասում է ջրաղացպանը,- մուրազդ թող կատարվի... Մենակ թե՝ զգույշ եղիր, աշխարհս գող-ավազակով լցված են...

Ջրաղացաձորի հովերը խոսում էին տերեւների հետ, վայրի ծառերի վրա բույն դրած մեղուները բզզում էին աշխարհի ամենաերփներանգ ու սիրուն ծաղիկների շուրջ, հավքերը ճյուղից ճյուղ թռչկոտում ու երգում էին, աղբյուրները շշուկներ էին փոխանակում, իսկ Վահեն էշը չոր ցախով բարձած տանում էր ուրախ-ուրախ, որ հաց թխի ու տանի Հասմիկին։

-Ամենադժվարը արել եմ... Մի քանի օրից բաղարջը ձեռքիս կլինեմ Լոս-Անջելեսում։

Երբ Վահեն ջրաղացի մոտ էշի բեռը վար է բերում, տեսնում է՝ ինչ... Ավազակները հավաքվել են, մի քանի րոպեում թալանել-տարել իր ալյուրն էլ, ջաղացում եղած ցորենն էլ, ջրաղացպանին էլ կապկպել, թողել են ընկած...

Ներս է վազում Վահեն, ջրաղացպանի թեւերը արձակում, բերանի լաթը հանում... Ինչ անել, ո՞ւմ դիմել։ Եղածը եղել է։

-Հիմա ես ինչ եմ անելու,- նեղսրտած ասում է Վահեն։

-Ոչինչ, որդիս,- հույս է տալիս ջրաղացպանը, քո ուզած մի բաղարջը ջրաղացքարի վրա եղած փոշին հավաքելով էլ կթխենք...

Ջրաղացպանը ալյուրը հավաքում է բուռ-բուռ, լցնում փայտե գուշի մեջ, որ ջուր լցնի...

-Հիմա ես աղբյուրից ջուր կբերեմ,- ասում է Վահեն ու դուրս վազում։

Որտեղից-որտեղ դեւերի ու սատանաների ձեռքով մի այնպիսի հողմ է բարձրանում, մի այնպիսի սամում, որ ամեն ինչ խառնում է իրար, ջրաղացպանի ձեռքի գուշն էլ ընկնում-ջարդվում է, ալյուրը աշխարհով մեկ դառնում։ Վահեն գալիս, տեսնում է, սկսում ձեռքերը դես ու դեն մեկնել, ծռվել մեկ այս, մեկ այն կողմ, որ ալյուրից գոնե մի բուռ ետ խլի...

-Վահե,- կանչում է ջրաղացպանը,- տղաս, այս ի՞նչ եղավ...

Բայց ոչ մի պատասխան չի լինում։ Միայն ծմակի խորքերում ջարդուփշուր լինող չոր ճյուղերի ձեն է գալիս՝ կանաչ խշշոցների հետ... Տխուր-տրտում ջրաղացպանը դուրս է գալիս, տեսնի ինչ դառավ Վահեն, ոնց կարող է անհետանալ մի վայրկյանի մեջ... Եվ ի՞նչ է տեսնում։ Տղան թեւերը ալրոտ մի ջահել փշատենի ծառ է դարձել ու ճյուղերով քամու հետ կռիվ է տալիս...

Հասմիկը հեռավոր Լոս-Անջելեսում իրենց պատուհանի մոտ նստում ամեն իրիկուն, սպասում է, սպասում, Վահեն չի երեւում։ Գիշեր-ցերեկ հանգիստ չունի։ Քանի- քանիսն են ոտքը եկել, ձեռքը խնդրել, մերժել է բոլորին։ Գնալով օր-օրի հալումաշ է լինում աղջիկը։ Ծնողները անհանգստացան։ Ի՞նչ անել։ Որոշեցին ամենալավ բժշկին կանչել։ Բժիշկը եկավ, զարկերակը ստուգեց, աչքերին նայեց, անգամ ռենտգենի դիմեց, բան չհասկացավ, ասաց.

-Ձեր աղջկա ցավը սրտումն է, բայց ռենտգենն էլ բան չի ցույց տալիս, ինչքան նայում ենք՝ սրտի մեջ մի նշան է երեւում, ոչ այն է՝ ծաղիկ է, ոչ այն է՝ ծառ, ոչ այն է... Մի խոսքով, մեր ուժերից վեր է բուժելը։

Ոչ ոք բան չհասկացավ բժշկի ասածներից։ Միայն Հասմիկը գիտեր, որ սիրո ցավով է տառապում։

-Չէ,- մի օր էլ ինքն իր համար վճռում է Հասմիկը,- տեսնում եմ, որ պիտի գնամ Վահեին փնտրելու։ Համ էլ իմ պապերի երկիրը կտեսնեմ։

Ճանապարհ է ընկնում Հասմիկը, ծովեր, օվկիանոսներ, հազար լեռ ու ձորեր է անցնում, մինչեւ հասնում է Արփագետուկ։ Իմանալով բանն ինչումն է, գեղացիք նրան տանում են ջրաղացպան Խաչի պապի մոտ։

-Հա,- ասում է ջրաղացպանը,- ամեն ինչ իր ձեռքով արել էր, ասպետ տղա էր, բայց վերջում...

Ու պատմում է տղայի գլխով եկածը։

Հասմիկը քանի որ մեծ գործարարի գերդաստանից է լինում, մի օրվա մեջ ջրաղացը վերակառուցում է, դարձնում մի չտեսնված ապարանք։

-Որ այդքան բարի մարդ ես,- ասում է սպիտակամորուս ջրաղացպանին,- այս շինությունն էլ ինձնից քեզ նվեր։ Ես պիտի գնամ։

-Ջահել ես,- երախտիքով ասում է ջրաղացպանը,- գուցե մի տղայի հավանեիր, մնայիր մեր գյուղում...

-Իմ հավանածը Վահեն է... Ուրիշի սիրտս չի բռնում...

Զրույցն ընթանում էր ջրաղացի մոտ վեր խոյացած ընկուզենու տակ, ծաղիկների մեջ։ Հանկարծ մի թիթեռ թռչում-գալիս, իջնում է Հասմիկի կրծքին... Հուզմունքից Հասմիկի կուրծքը վերուվար է ելնում, թիթեռն էլ՝ հետը, սպիտակ, սպիտակ, ալյուրոտ։ Փշատենի ծառից էր թռել թիթեռը, տեսնես ինչ էր ասում։ Մեկնելուց առաջ Հասմիկը որոշեց այցելել եւ հրաժեշտ տալ փշատենուն կամ, ինչպես տեղաբնակներն են կոչում՝ ալրասպիտակ պտուղների եւ տերեւների համար, Ալրենուն։ Մոտեցավ։ Ալրենին դալարաշատ շիվերով ասես փարվում էր Հասմիկի դեմքին, տարիների կարոտը առնում։ Իսկ պտուղները պայթել էին ճերմակ-ճերմակ ալյուրով, տերեւներին սպիտակ-սպիտակ փոշի էր նստել, որով ոչ թե մեկ, մի քանի բաղարջ կարելի էր թխել։ Հասմիկը համբուրեց Ալրենու ճյուղերը ու շշնջաց ինքն իրեն.

-Ես գնում եմ... Քո սերը հավերժ կապրի իմ մեջ... Վահե։

Եվ հենց այս բառերը լսեց թե չէ, Ալրենին կերպարանափոխվեց մի վայրկյանում ու... Հասմիկի առաջ կանգնեց նույն ինքը Վահեն։

-Վահե՜...,- աչքերին չի հավատում Հասմիկը,- այնքան եմ սպասել... սիրելիս։ Այս ի՞նչ հրաշք է։

Ուրախությունից չեն իմանում, թե ինչ անեն։ Ջրաղացպանը ներս է հրավիրում Վահեին ու Հասմիկին։

-Քո ալյուրից, որ ինձ նվիրել էիր,- ասում է Վահեին,- մի քիչ մնացել է... Պահել եմ քարե գուշի մեջ, դրա համար քամին չկարողացավ տանել։ Մոռացել էի...

Վահեն աշխարհով մեկ է դառնում ուրախությունից։ Իր ձեռքով բաղարջ է թխում թեժ կրակի վրա, ջրաղացաբաղարջը կիսում ու քեֆ են անում։ Գեղացիք լսում են այս ամենի մասին, թե՝ չեք ասի բա, որ Ալրենին նորից մարդ է դառել, որ... այսպես ու այսպես...

...Ջրաղացպանը գնում, իր տնկած ծառից երեք խնձոր է բերում։ Թե ում կհասնեն խնձորները, կորոշի ինքը՝ ջրաղացպան Խաչի պապին. նրա ձեռքից վերցված խնձորներն այնքան համեղ են լինում...