Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը/Ախալցխայի շրջապատումը Մեսխեթի թուրքերի կողմից

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄԸ ՄԵՍԽԵԹԻ ԹՈԻՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ

1917-ի նոյեմբերի 15-ին կազմակերպվեց Անդրկովկասյան կոմիսարիատը և փաստորեն Անդրկովկասն անջատվեց Խորհրդային Ռուսաստանից։ Երկրամասում ստեղծվեց ծանր ու բարդ իրավիճակ: Ազգային կուսակցությունների վարած ներհակ գործողությունների հետևանքով ազգամիջյան հարաբերությունները խիստ սրվեցին: Արտակարգ ծանրացավ երկրամասի քրիստոնյաների (վրացիների և հատկապես հայերի) վիճակը, երբ ռուսական բանակը Երզնկայի զինադադարի կնքումից հետո թողեց Կովկասյան ռազմաճակատի հսկայական գիծը և սկսեց հեռանալ:

Ճիշտ է, Թուրքիայի հետ 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքվել էր Երզնկայի զինադադարը, բայց այն ոչ մի երաշխիք չէր տալիս, որ Թուրքիան չի իրականացնի իր հեռանկարային պլանները՝ պանթուրքիզմը, որի ճանապարհին ընկած էին Հայաստանն ու Վրաստանը:

Ռազմաճակատը լքող ռուսական մեծաքանակ ու ընտիր բանակներին փոխարինում էին հայկական և վրացական նոր կազմավորվող փոքրաթիվ ուժերը։

Այդ ժամանակամիջոցում թուրքական հրեշը «շունչ էր քաշում» և հետևում իրադարձությունների հետագա զարգացմանը։ Նա միաժամանակ գործի դնելով իր դիվային մեքենայություններն ու բոլոր ջանքերը, լարվածություն էր ստեղծում Անդրկովկասում՝ հայերի և վրացիների դեմ հանելով տեղական թուրք բնակչությանը որպես «հինգերորդ զորասյուն»:

Օսմանյան Թուրքիան իր այդ նկրտումներն իրականացնում էր «մուսավաթ» կուսակցության պարագլուխների՝ Թոփչիբաշևի, Աղաևի, Ջաֆարովի, Խան-Խոյսկու, Ջավանշիրի, Սուլեյմանովի, զանազան բեկերի և իր այլ գործակալների միջոցով: Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ կատարված առաջին քայլերից մեկը եղավ Ախալցխայի գավառի (Մեսխեթ) թուրքերին ոտքի հանելն ընդդեմ տեղական վրացիների և հայերի: Այս մասին շատ դիպուկ է գրված Միխեիլ Յակովի Վելիջանաշվիլու գրքում. «Թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան հրամայում է Ախալցիխեի Սարվան բեգին, որ տեղական մահմեդականներից ավազակախմբեր կազմի՝ տեղի վրացիներին ոչնչացնելու համար… Այդ սև օրերը հիշելիս մարմինս դողում է… Անհավատները ոչ միայն ուզում էին կուլ տալ մեր այս անկյունը, այլև ամբողջ Վրաստանը»[1]:

«Մշակը» 1918-ի մարտի 9-ին, տեղական թուրքերի զինվելու և քրիստոնյաների դեմ դուրս գալու կապակցությամբ, գրում է. «…Շրջապատող թուրքերը գրեթե ուժի օգնությամբ են զինվում, խմբվում, այն էլ վերևից (Պոլսից) եկած հրամանի, եկած բեզերի շնորհիվ…»:

1917-ի դեկտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ախալցխայում լուր տարածվեց, որ քաղաքը պաշարված է 15 հազար զինված տեղական թուրքերի կողմից:

«Խանութները անմիջապես փակվեցին և քաղաքացիները խումբ-խումբ հավաքված փողոցներում աշխատում էին լուրը ճշտել և տեղեկություններ հավաքել: Պաշարումը փաստ էր…»,— գրում է Ախալցխայում այդ ժամանակ լույս տեսնող դաշնակցության «Շարժում» թերթը[2]:

Պաշարման ճշտությունը պարզելուց հետո քաղաքի բնակիչներն անմիջապես կազմակերպեցին ինքնապաշտպանության գվարդիա և հմուտ փորձված հրամանատարների ղեկավարությամբ դիրքեր գրավեցին քաղաքի մերձակայքում:

Տագնապը համակել էր ամբողջ քաղաքը և շրջապատի հայ-վրացական գյուղերը: Առանձնապես սարսափի մեջ էին կանայք։ Նրանք լավ գիտենալով իրենց բարբարոս հարևաններին, բնականաբար գտնում էին, որ թուրքերի հնարավոր մուտքը քաղաք դառնալու է մեծամեծ չարիքների պատճառ… Իսկ երբ այրերը զինվեցին և դուրս եկան պաշտպանելու իրենց կանանց պատիվն ու երեխաներին, հայ կանայք անմիջապես գտան իրենց և սատար կանգնեցին ամուսիններին ու եղբայրներին: Նրանք հանուն երեխաների կյանքի ապահովության, պատրաստակամություն հայտնեցին տալ իրենց բոլոր զարդերը և անգամ կյանքը, հայտարարելով. «…թշնամին մեր շեմքում էլ դիմադրության կհանդիպի և միմիայն մոր դիակի վրայով կհասնի երեխաներին»[3]:

Այդ դեպքերի մասին «Մշակ» լրագիրը գրում է. «Ախալցխայի քաղաքագլուխը հեռագրում է, որ քաղաքը շրջապատված է 10.000 զինված մուսուլմաններով, որոնք հավաքվել են շրջակա թուրք գյուղերից և դրությունը վտանգալից է: Անհրաժեշտ է շուտափույթ օգնություն։ Աբասթումանը կտրված է: Թուրքերը պահանջում են իրենց հանձնել թե՛ քաղաքը, և թե՛ նրա շուրջը գտնվող բոլոր ռազմական դիրքերն ու մթերքները»[4]: Նույն թերթի մեկ այլ համարում կարդում ենք. «Ինչպես կասկածվում է, Թուրքիայից եկած էմիսարները վաղուց գործում են Ախալցխայի իրենց հայրենակիցների մեջ, նրանք այն պրոպագանդան են մղել, թե Ախալցխան իր շրջաններով ոչ թե վրացական երկիր է, այլ՝ մուսուլմանական, հետևաբար, սահմանաբաժանումի ժամանակ այն պետք է մտնի մուսուլմանական ինքնավար միության մեջ…»[5]:

Նույն առավոտյան քաղաքում երևացին ռուսական ծառայության երկու թուրք սպաներ, որոնք, ըստ իրենց պատմածի, ուղարկվել էին Թիֆլիսի թուրքական ազգային խորհրդի կողմից Ախալցխայի 110 թուրք զինվորների համար ուսումնական խումբ ստեղծելու, որ իրենք քաղաքի շրջապատման հետ ոչ մի կապ չունեն։ Իհարկե, նրանք իրենց իսկական նպատակը թաքցնում էին: Նրանց քաղաքում երևալը մեկ ընդհանուր ծրագրի մի մասն էր, որ գործի էր դրվել Թիֆլիսի թուրքական ազգային խորհրդի կողմից…

Առավոտյան ժամը 10-ին քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցավ քաղաքի ներկայացուցիչների՝ քաղաքագլուխ Զորի Զռրյտնի գլխավորությամբ և քաղաքը շրջապատող թուրք ամբոխի պարագլուխների՝ Օմար Էֆենդու, Սարվարբեգ Աթաբեգովի միջև բանակցություններ:

Թուրքերն այդ ընթացքում քաղաքի ղեկավարներին ներկայացրին հետևյալ պահանջները.

1. Քանի որ հնարավոր է քաղաքի ռուսական կայազորի հեռանալը, իրենց հանձնեն բերդը (որտեղ տեղավորված էր կայազորը), այնտեղ եղած զենքն ու զինամթերքը.

2. Թույլ տան իրենց մտնելու քաղաք, որովհետև ինչպես Ախալցխայի գավառը, այնպես էլ Ախալցխա քաղաքը պատկանում են գավառի մուսոլլմաններին[6]. Ախալցխայի գավառում պետք է ստեղծվի թուրքական կանտոն (ինքնավարություն)[7]

Թուրքերը հիմնավորելու համար իրենց այդ պահանջները՝ «ապացուցում էին», որ Ախալցխան պատմականորեն ազգագրական տեսակետից մահմեդական կանտոն է և ոչ վրացական տարածք[8]:

Թուրք բեկերը՝ Օմար-էֆենդին, որն իրեն բոլշևիկ էր հայտարարում, և Սարվար-բեգ Աթաբեգովը, քաղաքի ղեկավարներին սպառնում էին՝ իրենց պահանջները չկատարելու դեպքում քաղաքը ենթարկել պաշարման և գրավել այն…

Դեկտեմբերի 27-ի ժամը 13-ին բանակցությունները շարունակվեցին Զինվորական խորհրդի սրահում, որտեղ բեկերը համառորեն կրկնում էին իրենց պահանջները: Ախալցխայի քաղաքագլուխ Զ. Զորյանը քաղաքային վարչության անունից պատասխանեց, որ գավառի թուրքական ինքնավարության հարցը կարող է լուծել միայն Կովկասյան կոմիսարիատը, իսկ ինչ վերաբերվում է զինված թուրքերի քաղաք մտնելուն, ապա այդ բանը քաղաքի բնակչությունն ու ղեկավարությունը երբեք թույլ չեն տա:

Թուրքերի ներկայացուցիչները քաղաքի ղեկավարներին ներկայացրին վերջնագիր՝ իրենց պահանջները կատարել մինչև հաջորդ օրվա (դեկտեմբերի 28ի) ժամը 14-ը. չկատարելու դեպքում սպառնում էին մտնել քաղաք:

Բանակցությունների ընթացքում քաղաքի բնակչությունը խռնվել էր դրսում և քաղաքի ղեկավարներից զենք էր պահանջում:

Իսկ թուրքական զինված ամբոխը քաղաքի ղեկավարների վրա ճնշում գործադրելու և բանակցությունների ելքը թուրքերի օգտին վճռելու նպատակով անցավ հարձակման: Լուր տարածվեց, որ թուրքերը շղթաներ կազմած մոտենում են քաղաքին:

Մարդիկ ուղարկվեցին թուրքերին ընդառաջ, որ դադարեցնեն առաջխաղացումը, քանի դեռ չեն վերջացել բանակցությունները… Թուրքերը այդ օրը բավարարվեցին քաղաքի մերձակայքի բլուրները գրավելով և նախապատրաստվելով հաջորդ օրը, քաղաքի ղեկավարների կողմից իրենց ներկայացրած վերջնադրի մերժման դեպքում, դիմել մարտական գործողությունների…

Երեկոյան Զորի Զորյանը հեռագրում է Թիֆլիս Կովկասյան կոմիսարիատին՝ ներկայացնելով Ախալցխայի ծանր կացությունը և օգնություն է խնդրում. «… Թուրքերը պահանջում են իրենց հանձնել բերդն ու զինարանը և թույլ տալ իրենց քաղաք մտնել: Զինված թուրքերի ըմբոստացման իսկական պատճառը էմիսարների դրդումներն են, որոնք ապացուցանում են, որ Ախալցխան պատմականորեն ազգագրական տեսակետից մահմեդական կանտոն է և ոչ վրացական: Անհրաժեշտ է շուտափույթ օգնություն ուղարկել՝ երեք կարգի զենք ունեցող խոշոր զինվորական մի մաս, Չխենկելին կամ իր օգնականներն անմիջապես թող արտակարգ միջոցների դիմեն: Վաղը ժամը 2-ին (14:00-ին) լրանում է թուրքերի ներկայացրած ուլտիմատումի պայմանաժամը: Տեղական զորամասը խիստ փոքրաթիվ է և անհուսալի: Քաղաքն անպաշտպան է… Տեղական ժողովրդի տրամադրությունն ընկճված չէ: Պիտի պաշտպանենք մինչև վերջին հնարավորությունը քաղաքացիների շահերը…»[9] - գրում է քաղաքագլուխն իր հեռագրում:

Հեռագրեր հղվեցին նաև հարևան գավառներն ու քաղաքները՝ Ախալքալաք, Բորժոմի և այլն:

Թուրքերի վերջնագրին պատասխանելու համար դեկտեմբերի 28-ի ժ. 10-ին նշանակված էր խորհրդակցություն, որին մասնակցեցին՝ քաղաքի ու գավառի զինվորների, բանվորների և գյուղացիների խորհուրդների ներկայացուցիչները, Կլդե շրջանի թուրք պատգամավորները, Աբասթումանից հրավիրված սահմանադիր ժողովի անդամ Բումիշվիլին, նախորդ գիշեր Թիֆլիսից, Ախալցխայի գավառում ազգային զորամասեր կազմակերպելու նպատակով, ժամանած հայ և ռուս ազգային խորհուրդների ներկայացուցիչները և վերջապես ժամը 13-ին բարեհաճած՝ քաղաքը պաշարող թուրքերի ներկայացուցիչները՝ Օմար-էֆենդին և Սարվար-բեգ Աթաբեգովը:

Խորհրդակցությանը ներկայանալով՝ անմիջապես Օմար էֆենդին գրգռված տոնով իր «վիրավորված» լինելու հանգամանքն արտահայտեց այն բանի համար, որ քաղաքի ղեկավարները Զորի Զորյանի գլխավորությամբ արհամարհել են իր երաշխիքներն այն մասին, որ քաղաք մտնելու դեպքում թուրքերը քաղաքի բնակչությանը վնաս չեն հասցնի, և հեռագիր են հղել Կովկասյան Կոմիսարիատին և օգնություն խնդրել…

Տեղի են ունենում տաք վիճաբանություններ: Ահա, այդ վիճաբանությունների ժամանակ է, որ, ինչպես վկայում է բոլշևիկ Հրաչյա Ղազազյանն իր հուշերում, Օմար-էֆենդին՝ իրեն բոլշևիկ հորջորջող այդ ավազակը (ի դեպ, Վրաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո դառնում է Վրաստանի Կենտգործկոմի անդամ, որից հետո գնդակահարվում է որպես դավաճան) խորհրդակցությունում հանդես էր գալիս ինչպես հաղթողը և իր ժողովրդի անունից իր կամքն էր փորձում թելադրել, իսկ երբ Համազասպ Ինճիկյանն ասում է, որ այդ սրիկայի հետ ոչ թե պետք է բանակցել, այլ ձերբակալել է հարկավոր դրան, Օմար-էֆենդին կատաղած արհամարհելով բոլորին, բարձրանում է սեղանի վրա և սկսում գոռգոռալ ու հայհոյել…[10]:

Խորհուրդների և քաղաքի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց միացած Կլդեի շրջանից եկած թուրք պատվիրակները խստորեն դատապարտեցին թուրք բեկերի կողմից զինված և ոտքի ելած թուրքերի քայլը:

Դրսում, բնակիչները նորից անհանգստության մեջ էին թուրքական հրոսակների քաղաքին մոտենալու կապակցությամբ և ղեկավարությունից զենք էին պահանջում թշնամուն հակահարված տալու համար: Բերդից քաղաքի գվարդիականները հրանոթային կրակ բացեցին մոտեցող թուրքերի վրա: Երկուստեք սկսվեց հրացանաձգություն, որի հետևանքով այդ օրը վիրավորվեցին քաղաքի ինքնապաշտպանության երկու հայ գվարդիականներ և սպանվեցին երկու թուրքեր: Թուրքերը, հանդիպելով հայերի համառ ու քաջարի դիմադրության, ստիպված նահանջեցին:

Խորհրդակցությունը հետաձգվեց հաջորդ օրվան, որպեսզի դրան մասնակցեին նաև Կովկասյան կոմիսարիատի ներկայացուցիչները, որոնք, ըստ քաղաքում տարածված լուրերի, շուտով կլինեին Ախալցխայում։

Երեկոյան ժ. 6-ին (18:00) տեղի ունեցած միտինգից հետո ժ. 7-ին լուր ստացվեց, որ Ախալքալաքի ճանապարհի վրա սպանված է երկու թուրք… Դեկտեմբերի 28-ի կեսօրին տեղի ունեցած առաջին հայ-թուրքական ընդհարման ժամանակ փոխհրաձգությունից սպանված այդ երկու թուրքը հետագայում բեկերի կողմից դարձան շահարկման միջոց:

Դեկտեմբերի 29-ի երեկոյան Ախալցխա հասան Անդրկովկասյան կոմիսարիատի ներկայացուցիչները՝ Ներքին գործերի կոմիսարի օգնական Կարցիվաձեն, խնամատարության կոմիսարի օգնական Ղազազյանը, Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչ՝ Բեգզադյանը և թուրքերի ազգային խորհրդի կողմից՝ Պեպինովը:

Տեղ հասնելուն պես նրանք զինվորական խորհրդի շենքում ժողով գումարեցին՝ զինվորական, բանվորական և գյուղացիական խորհուրդների, կուսակցությունների և քաղաքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ճշտվեցին փաստերը, և հավանություն տրվեց վելիկոռուս զինվորների որոշմանը՝ պահպանել կայազորի ռազմամթերքը, զենքը և ինչքը, մինչև իրենց օրինական փոխարինողների գալը…

Դեկտեմբերի 30-ին գիմնազիայի շենքում շարունակվեց խորհրդակցությունը, որին ներկա էին ինչպես նախորդ օրվա ժողովականները, այնպես էլ քաղաքը պաշարող թուրքերի ներկայացուցիչները:

Արտակարգ ժողովը նախագահում էր Ռուսական ազգային խորհրդի անդամ Օբուխովը: Նրա պահանջով խորհրդակցության սկզբին դահլիճ մտան Ասպինձայի էտապային (հանգրվանային) կետի զինվորները և պատմեցին, թե ինչպես Ասպինձայի զինված թուրքերը հարձակվելով իրենց վրա, խլել են 18 հրացան, ամբողջ ունեցվածքը, և իրենք փախչելով՝ հազիվ փրկվել են…

Խորհրդակցությունում խստագույնս դատապարտվեց թուրքերի կատարած այս քայլը:

Մուսուլմանների ներկայացուցիչ Օմար-էֆենդին տալով բացատրություն Ասպինձայի դեպքի կապակցությամբ, երկերեսանիորեն հայտարարեց, որ ռուս զինվորներից և կոզակներից խլված ինչքն ու զենքը կվերադարձվի, որ այդ մասին արդեն կարգադրություն է արված:

Օմար-էֆնեդին այնուհետև հանդես գալով գավառի մուսուլմանների (թուրքերի) անունից, իր ճառում ասաց, որ մուսուլմանների պահանջը հեղափոխության բերած իրավունքների և ազատությունների իրականացումն է, որ թուրք գյուղացիների շարժման պատճառն այն է, որ նրանց ճակատագիրը տնօրինում են առանց նրանց հաշվի առնելու, ինչպես նաև այն լուրը, թե ռուս զինվորների հեռանալուց հետո գնդի ամբողջ ինչքը, զենքը և բերդը տրվելու է քաղաքի բնակչությանը (նկատի ունի հայերին): Հենց շարժման սկզբից (1917-ի դեկտեմբերի 27-ից) իրենք՝ մուսուլմանների ներկայացուցիչները, դիմելով քաղաքային ինքնավարությանը, հայտարարել են, որ շարժումը կրում է զուտ քաղաքական բնույթ, առանց որևէ ազգային կոտորածի վտանգի, որ իրենք թվով 15 մարդ, մշտապես եղել են քաղաքում որպես պատանդ, և որ քաղաքին ոչ մի վտանգ չի սպառնում… Օմար էֆենդին ճառի վերջում ներկայացրեց հետևյալ պահանջները.

1. Գավառային իշխանությունը լինի ազգային, այսինքն որպեսզի ադմինիստրացիան և պաշտոնյաները ընտրվեն ժողովրդի կողմից… (այս դեպքում գավառում իշխանությունը կանցներ իրենց՝ թուրքերի ձեռքը, որովհետև բնակչության մեծամասնությունը թուրքերն էին կազմում—Ա. Ս.):

2. 24 ժամ հետո հեղափոխական դատարանին հանձնել երկու թուրքերին սպանողներին.

3. 116-րդ գունդը դարձվի մուսուլմանական՝ գավառի թուրքերից հավաքագրված զինվորականներով…[11]

Առաջին և երկրորդ պահանջները պետք է բավարարվեին անմիջապես, իսկ երրորդը՝ պետք է վճռեր Անդրկովկասյան կոմիսարիատը:

Քաղաքագլուխ Զ. Զորյանը իր ճառում, Օմար-էֆենդու միջոցով թուրքերի ներկայացրած պահանջներից երկրորդ կետի կապակցությամբ ասաց հետևյալը, որ այդ երկու թուրքերը փոխհրաձգության ժամանակ են սպանվել, մարտի դաշտում, ոչ հայերի մեղքով, որովհետև թուրքերն են նախահարձակ եղել, քաղաքի հայերից անհայտ կորել են մեկ կին և 11 տղամարդ…

Այնուհետև նա պաշտպանեց իր առաջին օրն արտահայտած տեսակետը: Իր ճառով թուրքերի ներկայացրած պահանջների կապակցությամբ բացատրություն է տալիս ներքին գործերի կոմիսարիատի ներկայացուցիչ Կարցիվաձեն: Նա գտնում է, որ առաջին պահանջը կկատարվի, երբ Անդրկովկասում մտցվի զեմստվո, իսկ վերջինը (երրորդը)՝ պետք է լուծվի Անդրկովկասի բարձրագույն իշխանությունների կողմից միայն: Այնուհետև ելույթներ ունեցան քաղաքական կուսակցությունների և դեմոկրատական կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության վերջում ստեղծվեցին հանձնաժողովներ՝

ա) հարուցված մանր գանգատներն ու վեճերը քննելու համար.

բ) սպանությունների գործը քննելու համար:

Որոշեցին՝ քաղաքի պաշարումը վերացնելու համար հաջորդ օրը թուրքերի ներկայացուցիչները իշխանության ներկայացուցիչների հետ միասին գնան պաշարող թուրքերի մոտ և նրանց բացատրելով իրերի դրությունը, ուղարկեն իրենց տները:

Ճիշտ է, թուրքերը ժամանակավորապես վերացրին քաղաքի պաշարումը, բայց չզինաթափվեցին և իրենց գյուղերում զբաղված էին զորավարժություններով:

Քաղաքացիներին շատ էր մտահոգում ռուս զինվորների քաղաքից հեռանալու հարցը և դրա համար էլ քաղաքի ներկայացուցիչները 1918-ի հունվարի 1-ի երեկոյան որոշեցին այդ հարցով հանդիպել դեռևս քաղաքում գտնվող կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Առաջարկվեցին մի շարք ժամանակավոր միջոցառումներ:

Թուրք ներկայացուցիչները գտան, որ իրենք դեմ չեն լինի, եթե ռուսական կայազորի փոխարեն քաղաք հայկական զորամաս գա: Սակայն քաղաքի ղեկավարները ճիշտ հասկանալով թուրքերի այս «նվիրատվության» իսկական նպատակը (թուրքերը դրանով ուզում էին առճակատում ստեղծել հայերի և վրացիների միջև)՝ չընդունեցին այն, հայտարարելով, որ գերադասելի է չեզոք զորքը…

1918-ի հունվարի 2-ին կենտրոնական իշխանության և ազգային խորհուրդների ներկայացուցիչները վերադարձան Թիֆլիս: Նրանց հետ միասին գնացին նաև գավառի թուրքերի ներկայացուցիչները՝ այնտեղ Անդրկովկասյան կոմիսարիատին իրենց պահանջները ներկայացնելու համար:

Այդ օրը՝ հունվարի 2-ին, Քոբլիանում (այժմ՝ այն մտնում է Ադիգենիի շրջանի մեջ)[12] լուր է տարածվում, թե Ախալցխայի հայերը հարձակվել են Ղարաթուման և այլ թուրքական գյուղերի վրա, ավերել դրանք, որ իբր հայերը թուրքական գյուղերի բնակիչներին կոտորելով՝ շարժվում են Քոբլիանի (գրվում է նաև՝ Կոպլիանի) խորքերը:

Քաղաքի մոտի թուրքական գյուղերի բնակիչները ահաբեկված փախչում են: Քոբլիանի գյուղերի 3000 թուրքեր զինված գալիս են Քոբլիան և Փոցխով (այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում): Նրանք այստեղ պարզում են, որ հայերը թուրքական գյուղերին վնաս չեն տվել…

Այս սադրիչ լուրը հասել էր մինչև Աճարա: Ներքին Աճարայի բնակիչները Քոբլիանի թուրքերին օգնելու նպատակով՝ զինված խմբերով գալիս են Վերին Աճարա: Սակայն նրանք այստեղ լսելով, որ լուրերը սուտ են, որոշում են ձեռնունայն չվերադառնալ և թալանում են Ղուլայի (ըստ երևույթին՝ Խուլո) հույների խանութները, որը առաջ է բերում վերինաճարացիների արդարացի զայրույթը…

Այդ օրերին Ադիգոն (Ադիգեն) էին հավաքվել հազարավոր թուրքեր գավառի տարբեր մասերից՝ միտինգ անցկացնելու համար: Այդ միտինգին մասնակցում էին նաև հայերի 3 ներկայացուցիչներ:

Միտինգում ելույթ ունեցող բոլոր ճարտասանները գտնում էին, որ Ախալցխայի 116-րդ գունդը պետք է թուրքացվի, Ախալցխա քաղաքը և ամբողջ գավառը պետք է լինի թուրքերի գերիշխանության տակ: Նրանք առանց թաքցնելու ասում էին, որ իրենք (Անդրկովկասի թուրքերը) զորք չեն ուղարկի Թուրքիայի դեմ, իրենք կմնան թիկունքում, իսկ ռազմաճակատ՝ թող գնան հայկական և վրացական զորքերը… Իսկ, եթե հայերն ու վրացիները պատերազմեն իրենց (թուրքերի) հավատակից և արյունակից եղբայր օսմանյան Թուրքիայի դեմ, իրենք անտարբեր չեն մնա…[13] Միտինգի մասնակից թուրքերի (ընդհանրապես Անդրկովկասի թուրքերի) այս սպառնալիքը միանգամայն հիմնավորված էր: Նրանք այդպես էին վարվել նախկինում և վարվեցին նաև դրանից հետո…

  1. Մ. Յակ. Վելիջանաշվիլի. Խիզաբավրայի ուղեցույցը, հր. «Մեցնիերա» Թբիլիսի, 1974 թ., (վրացերեն), էջ 37-38:
  2. «Շարժում», 1918 թ., № 1:
  3. «Շարժում», 1918 թ., № 2:
  4. «Մշակ», 1917 թ., № 274 (29 դեկտեմբերի) — թուրքերի թվաքանակի հարցում ըստ իս ճիշտ է «Շարժում» թերթի տվյալները՝ 15 հազար (Ս. Ա.):
  5. «Մշակ», 1917 թ., № 276 (31 դեկտեմբերի):
  6. «Кавказское слово» 1918 г., № 2.
  7. «Շարժում», 1918 թ., № 1:
  8. «Արև» (Բաքու), 1918 թ., № 2
  9. «Արև» (Բաքու), 1918 թ., № 2։
  10. Ахалцихский Самцхе- Джавахетский исторический музей (այսուհետև АИМ), д. 3835, л. 7
  11. «Кавказское слово», 1918 г., № 5.
  12. Ախալցխայի գավառը բաժանված էր երեք ենթաշրջանների՝ ա) Քոլիանի, բ) Ուրավելի, գ) Ածղուրի:
  13. «Շարժում», 1918 թ., № 2: