Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը/Պատմական համառոտ ակնարկ

Գլուխ առաջին
ԱԽԱԼՑԽԱՅԻ 1918—Ի ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ


ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ


Ախալցխայի գավառը հայկական և վրացական աղբյուրներում հիշատակվող Սամցխեն է: Այն կոչվում է նաև Մեսխեթ՝ մոսոխների կամ մեսխերի երկիր, որտեղ անհիշելի ժամանակներից ի վեր ապրել են հայերն ու վրացիները[1]: Սամցխեն հարևան Աճարայի հետ Արտաշես Ա-ի օրոք (մ.թ.ա. մոտ 185 թ.) միացվել է Մեծ Հայքի թագավորությանը և կազմել նրա վարչական մեկ միավորը` Գոդերձական անունով։ 37 թ. Սամցխեն միացվեց Վրաստանին։ 1236-ին մոնղոլները տիրելով Ախալցխային, ավերել են քաղաքը և բերդը: Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին 1266-ին, մոնղոլների օգնությամբ, Վրաստանից անջատել է Սամցխեն և ստեղծել Սամցխե իշխանությունը, որը ենթարկվում էր մոնղոլների Հուլավյանների իշխանությանը, կիսանկախ էր: 14-րդ դարում Սամցխեի աթաբակություն էր, կառավարիչներն ունեին աթաբակի տիտղոս: Ախալցխան ծաղկել է Մեսխեթի Զաղելիների նստավայրը դառնալով։ 1416-ին Կարա-Կոյունլու ցեղապետ Կարա-Յուսուֆը ավերել է Ախալցխան: 1579-ին Ախալցխան ընկել է Թուրքիայի տիրապետության տակ, որպես Ախալցխայի փաշայություն։ Ախալցխան և ամբողջ փաշայությունն (Ախալքալաքի հետ միասին) 1829-ին միացվեց Ռուսաստանին։ 1830-ին Կարինից (Էրզրում) գաղթեց և Ախալցխայում բնակություն հաստատեց 2536 հայ ընտանիք, մնացած գաղթականները բնակություն հաստատեցին Ախալցխայի գյուղերում և Ախալքալաքում[2]: Կարնո գաղթականությունից առաջ Ախալցխայում 1833-ի մարդահամարի համաձայն ապրում էին՝ 411 հայ ընտանիք (385 ընտանիք կաթոլիկ հայեր, 26 ընտանիք լուսավորչական հայեր), 44 ընտանիք՝ վրացի, 117 ընտանիք՝ հրեաներ և 24 ընտանիք թուրքեր[3]:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ախալցխայի գավառն ունեցել է 189 գյուղ՝ 72.051 բնակիչով, Ախալցխա քաղաքը և Աբասթուման առողջարանը՝ 23.924 բնակիչով։ Գավառում ապրել են 95.975 բնակիչ: 1913-ի տվյալներից են վերցված այս թվերը: Ախալցխայի գավառը ազգային կազմով բազմազգ էր: Բնակչության մեծամասնությունը թուրքերն էին (56,100 մ.), նրանցից քաղաքում ապրում էին ընդամենը 26 մարդ:

Գավառի հայերը թվաքանակով երկրորդն էին (28.000 մարդ), որոնցից 18.000-ն ապրում էին Ախալցխա քաղաքում (քաղաքի բնակչության մոտ 80 %-ը), իսկ 10.000-ը գյուղերում: Գավառում ապրում էին 9500 վրացիներ, որոնցից 7500-ը՝ գյուղերում, 2000-ը՝ քաղաքում։ Քաղաքում ապրում էին նաև 3000 վրացախոս հրեաներ։ Քաղաքի բնակչությունը 23.924 մարդ էր։

Գավառի գյուղերում ապրում էին նաև մուսուլման քրդեր[4]:

  1. Տե՛ս «Պատմա-բանասիրական» հանդես, 1967 թ., 1, էջ 117: (Կ. Գ. Ղաֆադարյան. «Նյութեր Ախալցխայի հայ համայնքի պատմության վերաբերյալ»):
  2. Տե՛ս ՀՍՀ հ. 1., էջ 196: Նաև «Հայաստանի և հարակից շրջ. տեղ. բառ.», հ. 1, էջ 107:
  3. Տե՛ս Հ. Ս. Էփրիկյան բնաշխարհիկ բառարան Հ. Ա. Վենետիկ
  4. Տե՛ս Կ. Գ. Ղաֆադարյան, «Ախալցխայի 1917—1918 թթ. ինքնապաշտպանական կոիվները» «Բանբեր Հայաստանի արխիվների», 1988 թ. 1, էջ 143)