Ախ, դեռ հպարտ էիր դու...
* * *

Ախ, դեռ հպարտ էիր դու,
Չէ՛իր դեռ թեք,—
Եվ տալիս էր խնդում
Քեզ— արևը շեկ:—
Քեզ ո՞վ— խոնավ շրթերով—
Մաշեց այնքան,—
Որ թեքվեցիր դու անզոր
Եվ ընկար— անկամ…
Էլ ո՛չ մի շոգ չըշիջեց
Տեգըդ, որ բարձրանա:—
Միայն մշուշն հիշեց
Քո բարձր ու անահ—
Ոսկե հասակը կանգուն՝
Գգված հովերից,
Երբ՝ ծարավով անգոհ՝
Դու խինդ էիր վերին:—
Ախ, եթե քեզ գգվեր
Մի շող արևող—
Եվ քո հասակը ձգվեր՝
Կրկին արևոտ…
Բայց… մշուշն է միայն
Քեզ արդ համբուրում…
Միայն նա՛ է, միայն նա՛
Քեզ օրորում օրերում…