Ակսել Բակունցի զեկուցումների ու ելույթների ամփոփումներ

Ակսել Բակունցի զեկուցումների ու ելույթների ամփոփումներ

ԵԼՈՒՅԹ ՀՕԿ-Ի 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

<16 հոկտեմբերի 1923 թ․>

Չնայած որ սա ՀՕԿ-ի 3-րդ համագումարն է, բայց ըստ իր աշխատանքների՝ կարելի է առաջին համագումարը համարել, որովհետև, երբ նկատի ունենանք բոլոր պատգամավորների զեկուցումները, պիտի տեսնենք, որ ամեն տեղ դեռ նոր են սկսում գործերը, և դրանք մեծ մասամբ արդյունք են անհատական ջանքերի, չունենալով միանման գործելակերպ. օրինակ Բաթումը մի գաղթականական մարմին է կարծես, Գերմանիայի օգնության մարմինը մի միսիոներական կազմակերպություն է, Պարսկաստանը ցանկանում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն հաստատել Թավրիզում, դա համարելով ՀՕԿ-ի գործը։ Մի այլ տեղ ՀՕԿ-ը վերածվել է մի առևտրական հաստատության և այլն, և այլն։ Ահա այս բոլոր այլազանությունները հետևանք են այն բանի, որ ՀՕԿ֊ը չունի միատեսակ կանոնադրություն։ Նույնիսկ անցագրերի խնդրով շատ անգամ ՀՕԿ-ին դիմումներ են լինում։ Պետք է ճիշտ որոշել ՀՕԿ-ի գործունեության սահմանները։ Մի քանի տեղերում նկատվում է, որ տեխնիկական գիտելիքներ տարածող ընկերություններ են կազմակերպվում: Ինչքան էլ դա բարի ցանկությունների հետևանք լինի, այնուամենայնիվ լավագույն կլինի, որ տեղերը նպատակ դնեն իրենց համար միայն նյութական օգնություն հասցնել Հայաստանին, ուրիշ ոչինչ։ Իսկ թե այդ օժանդակությունը ինչպիսի կարիքների վրա պիտի ծախսվի, դա ՀՕԿ-ը ինքը պիտի որոշի։

Պրոպագանդայի խնդիր.— Մոսկվայի կոմիտեն մի Վեստնիկ էր բաց թողել, որ ահագին դեր կատարեց պրոպագանդայի գործում։ Ես առաջարկում եմ նման լրաբերներ հաճախակի հրատարակել և ուղարկել հեռավոր վայրերը, որոնք և գրավոր դիրեկտիվների դերը կկատարեն ՀՕԿ-ի համար։ Պետք է ՀՕԿ֊ի տեղական մարմինների սահմանը որոշել` ըստ աշխարհագրական սահմանների, որպեսզի անախորժություններ առաջ չգան։ ՀՕԿ֊ը իր ուշադրությունը պիտի դարձնի նույնպես արևմտահայ գաղթականության օգնության գործի վրա։ Արևմտահայերով բնակված շրջաններում, Խարկով, Ռոստով և այլն, ուր գործում են մի քանի հայրենակցական միություններ, երբեմն հարց են բարձրացնում մեր առաջ, թե իրենց հայրենակիցներն օժանդակություն ստանո՞ւմ են արդյոք ՀՕԿ֊ից, այլապես կարող են դադարեցնել իրենց օժանդակությունը։

էվջիլարի ջրանցքը․-ՀՕԿ֊ի այս համագումարը հարվածային խնդիր պիտի դարձնի էվջիլարի ջրանցքի շինությունը և պիտի աշխատի անպատճառ գլուխ բերել այն, թեկուզ հավերժացնելու համար այս համագումարը։ Ուկրաինայի կոմիտեն ինձ լիազորել է 1500 ռ. ոսկով տրամադրել ՀՕԿ֊ին, եթե նա անպայման հանձն առնի ջրանցքի կառուցումը։

Ի վերջո ես առաջարկում եմ, որ մեր հետագա խոսողները Կենտր<ոնական> վարչության քննադատությունն անելիս միայն լուրջ առաջարկներ անեն։ Ես համաձայն չեմ ընկեր Դարբինյանի խոսքի առաջին մասերին, որոնք աններդաշնակ էին հնչում այս համագումարում։ Մեր բոլորիս նպատակն է համերաշխությամբ տանել շինարարական գործը Հայաստանում։ Ինչքան էլ ընկեր Դարբինյանի խոսքերը լինեն իրավացի, այնուամենայնիվ կարելի էր չասել այստեղ, համագումարում, այլ պահել մի ուրիշ առթիվ։ Ես վստահ եմ, որ ընկեր Դարբինյանի հոգին էլ պիտի ցավի, երբ իմանա, որ իր այս խոսքերի համար ՀՕԿ֊ը զրկվում է որևէ գաղութի օժանդակությունից, քանի որ այդ գաղութների ներկայացուցիչները ինչ որ լսեն այստեղ, կերթան ու կպատմեն[1] ։ (Ծափեր)։

<ԱԼԱԶԱՆԻ «ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆՈՒՄ» ՎԵՊԻ ԼԵԶՈՒՆ>

Հիմնական զեկուցումով հանդես եկավ ընկ. Ա․Բակունցը: Զեկուցման ներածական մասում նա շեշտեց, որ խոսելու է բացառապես վեպի լեզվական թերությունների և առավելությունների մասին, չշոշափելով երկի բովանդակության, գեղարվեստական կառուցվածքի և այլ հարցերը։ Այդ աշխատանքը հատկապես կարևոր է այն տեսակետից, որ մինչև այժմ մեր զեկուցումներն ու դիսպուտները, մեր քննադատությունը գրեթե չեն շոշափել գեղարվեստական որակի և հատկապես լեզվի որակի հարցերը։ Գրական երկի լեզուն, որպես գեղարվեստական ամբողջություն,— ահա ես ինչ պահանջով եմ մոտենում լեզվին,— ասաց զեկուցողը,— այս զեկուցումն ես համարում եմ մի տեսակ ներածություն մեր հետագա աշխատանքների. մեր դիսպուտներում և զեկուցումներում մենք հետզhետե քննության պիտի առնենք կոնկրետ հեղինակների կոնկրետ երկերի բովանդակության գաղափարական հարցերի հետ զուգընթաց գեղարվեստականության հարցերը, ոճի, կառուցվածքի, լեզվի և այլ հարցեր։ Նա ասաց, որ ինքը չի դնելու ընդհանուր խնդիրներ, զբաղվելու է միմիայն փաստական նյութով, որից և անելու է եզրակացություններ։ Ինչու՞ հատկապես քննության է առնվում տվյալ վեպը,— ասում է ընկ. Բակունցը,— որովհետև իր ծավալի, լեզվական նյութի թերությունների ու առավելությունների տեսակետից այդ գիրքը հնարավորություն է տալիս շոշափելու այն բոլոր հարցերը, որ կապված են մեր գրական լեզվի հետ:

Այնուհետև, ընկ. Բակունցն անցնում է կոնկրետ նյութի քննությանը, առաջին հերթին կանգ առնելով թերությունների վրա։ Նա օրինակներով ցույց է տալիս, որ ընկ. Ալաղանի վեպում կան լեզվական հետևյալ թերությունները.

1․Գավառաբանություններ, խրթնաբանություններ։ Հերոսները չեն խոսում իրենց համար տիպիկական լեզվով, տեղ-տեղ հերոսների և հեղինակի լեզուն չի տարբերվում իրարից։ Գավառաբարբառներից չեն վերցված տիպիկական արտահայտություններ և բառեր, բարբառները խառնված են, բացի այդ, վերցված են աղավաղված և օտար բառեր, որոնք ո՛չ միայն բնորոշ չեն տվյալ բարբառի համար, այլև աղավաղում են մեր գրական լեզուն։ Գրաբարից և արևմտահայերենից որոշ բառեր գործածվում են ոչ ըստ տեղի։ Կան վիճելի բառակազմություններ։

2.Կան սխալ պատկերացումներ, սխալ որակումներ, նախադասության ու պարբերության ավելորդ բարդացումներ։ Կան դարձվածքներ, պատկերներ և համեմատություններ, որոնք ընդհանրապես կարող են մերժելի չլինել, բայց տվյալ երկում տեղին չեն գործածվում, չեն միահյուսվում երկի բովանդակության ոգուն։

3.Կան անտեղի գործածված ռուսական բառեր, որոնց փոխարեն մեր լեզուն ունի միանգամայն հաջող և շատ տարածված բառեր։

4. Պատահում են սխալ կառուցված նախադասություններ։

5. Տեղ-տեղ նկատվում է տարրեր կուլտուրաներից վերցրած բառերի կուտակում,— իրար կողքի տեղ են գտել ռուսերեն, գրաբար, արևմտահայերեն և գավառաբարբառային բառեր։ Այդ հանգամանքը խոշոր թերություն է և խախտում է լեզվի գեղարվեստական ամբողջությունը։

6. Կան իմաստի սխալներ։ Կան և սխալներ, որոնք բխում են տվյալ երևույթին մանրակրկիտ կերպով ծանոթ չլինելուց։ Խոսելով և այլ կարգի մի շարք թերությունների մասին, ընկ. Բակունցը ընդգծեց, որ այդ թերությունները նկատվում են վեպի գլխավորապես առաջին մասում, երկրորդ մասը գրված է ավելի խնամքով և ուշադրությամբ։ Դա ցույց է տալիս, որ եթե ընկ. Ալազանն ավելի շատ աշխատեր, ավելի ուշադիր լիներ և խստապահանջ լեզվի նկատմամբ, վերոհիշյալ տիպի թերությունների մեծ մասը չէր լինի։

Այնուհետև՝ զեկուցողը շեշտում է, որ ինքը մանրամասնորեն խոսեց հատկապես թերությունների մասին, քանի որ այդ թերությունների վերհանումը կօգնի ինչպես գրքի հեղինակին, նույնպես և մեր մյուս գրողներին, հետագայում ավելի խստապահանջ լինել դեպի լեզուն, խուսափել արձանագրված թերություններից։ Եթե ես շեշտը գնում եմ թերությունների վրա, դա չի նշանակում, թե այս գիրքը չունի լեզվական առավելություններ, որոնց վրա ես չեմ կանգ առնում։ Հիմնական առավելությունն այն է, որ հեղինակն այս գրքում օգտագործել է մեր լեզվի գրեթե բոլոր աղբյուրները՝ և՛ բարբառները, և՛ գրաբարը, և՛ արևմտահայերենը, և այսօրվա խոսակցական ու գրական լեզուն։ Ես գտնում եմ, որ դա մեր նոր գրականության մեջ առաջին փորձն է և, որպես այդպիսին, շատ բանում հաջողված է։ Հեղինակը փորձել է օգտվել վերոհիշյալ բոլոր աղբյուրներից և ստեղծել է իր լեզվական ամբողջությունը։ Այդ փորձը տեղ-տեղ հաջողվել է, տեղ-տեղ մատնվել է անհաջողության։ Անհաջողության հիմնական պատճառն այն է, որ հեղինակն անհրաժեշտ ջանք չի գործադրել տարբեր աղբյուրներից վերցրած նյութերն այնպես ձուլել իրար, որ ստացվեր մի կուռ լեզվական ամբողջություն, գեղարվեստական ամբողջություն։

<ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

Ընկ. Ա. Բակունցը շեշտեց այն խստությունը, որ հրապարակ բերեց Մ․ Գորկին ռուսական գրականության լեզվի նկատմամբ, հայտարարելով որ Գորկու այդ խստությունը բխում է նրա սիրուց և հարգանքից դեպի գրականությունն ու ընթերցողը։ Լեզվի հարցերը քննելիս՝ ամենից առաջ պետք է նկատի ունենալ ընթերցողին։ Ապա ընկ. Բակունցը բնորոշում է մեր աշխատավորական ընթերցողների ներկա կուլտուրական մակարդակը և ըստ այնմ պահանջներ առաջադրում մեր դրական լեզվին։ Այնուհետև ընկ. Բակունցը հանգամանորեն կանգ է առնում ընկ. Զարյանի լեզվի բնորոշման շուրջ, շեշտելով որ ինքն այդ հարցը շոշափում է այն նկատառումով, որ Զարյանի լեզվի մասին դիսպուտին մասնակցողներից շատերը խոսեցին։ Ընկ․ Բակունցը Զարյանի լեզվի առանձնահատկությունները բխեցնում է բանաստեղծի գրական թեմայից, թեմայի գյուղական բնույթից և գյուղական հետամնաց շրջանների ազդեցությունից։

<ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

Անցնելով լեզվի շուրջը վերջերս տեղի ունեցած դիսպուտներին և, հատկապես, Չարենցի դրույթին՝ լեզվի խնդիրների մասին, ընկեր Բակունցը գտնում է, որ սխալ է Չարենցի դրույթը կենտրոնաձիգ և «մաքուր» հայերենի մասին։ Կենտրոնաձիգ լեզվի հարցը մեզ համար լուծված է։ Այժմ լեզվի հարցն այդպես չպիտի դնել։ Պայքարելով լեզվական մաքրության համար, դեն վանելով ավելորդ օտարաբանությունները և գռեհկությունը՝ պետք է խարազանել նաև արխաիզմը, սերը դեպի գրաբարյան խրթնաբանությունը, որ մեր լեզուն լայն մասսաների համար դարձնում է անմատչելի։ Զեկուցողը գտնում է, որ լեզվի ասպարեզում շեշտը պետք է դնել պարզության և մատչելիության վրա, խարազանելով նաև գրաբարայնությունը։

<ԵԼՈԻՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈԻՄԱՐՈԻՄ>

Ընկերներին հայտնի է, որ ես եղել եմ մեկը <այն> ղեկավարներից, որ միառժամանակ և երկար ժամանակ, պայքարել է ձախերի դեմ. հայտնի է նաև այն, որ ես իմ գրական երկերում կատարել եմ նացիոնալիստական-դեմոկրատական սխալներ. հայտնի է նաև այն, որ առհասարակ մեր սխալների մեծ մասը իմ զեկուցման ընթացքում ես փաստերով աշխատել եմ ապացուցել, և ես որպեսզի չկրկնեմ այդ զեկուցումը, կաշխատեմ տալ այն սխալների արմատները, որոնք կատարված են։ Թող ընկերները սա չհամարեն գլուխ փրկելու որևէ ձև, ո'չ ընկերներ. առաջին հերթին ես կանգ կառնեմ մեր քննադատության վրա՝ առանց անձնավորությունների անունները տալու։

Ընկերներ, ակնհայտ ճշմարտություն է մեր քննադատության ցածր որակը։ Ընկ. Խանջյանն այստեղից, այս ամբիոնից, մեր քննադատությունը որակեց հետևյալ ձևով. <«Բացառիկ է քննադատության դերը գրական ստեղծագործության որակի բարձրացման տեսակետից։ Իսկ քննադատությունը մեզ մոտ սաստիկ հետ է մնացել, ավելի հետ, քան գրականությունը։ Որո՞նք են մեր քննադատության հիմնական թերությունները։ Ամենից առաջ անբավարար պայքարը, իր խորությամբ անբավարար պայքարը թշնամի ու խորթ ազդեցությունների դեմ գրական ստեղծագործության մեջ։ Քննադատությունը պետք է լինի խիստ ու հարվածող, բայց չպիտի թույլ տա մակերեսային և անհանդուրժողական «ձախ» վարքագիծ։ Քննադատությունը պետք է լինի սկզբունքային և կոնկրետ, չի կարելի անվերջ կրկնել արդեն բերանի ծամոն դարձած ընդհանուր ճշմարտություններ, ինչպես նաև չի կարելի այս կամ այն գրողի գործերից երեք֊հինգ տող պոկելով փակցնել անմիջապես նրա ճակատին պատրաստի մակդիրը, ինչպես այդ փորձում էին դեռ վերջերս անել մի քանի ընկերներ։ Քննադատությունը չպետք է հրամայի և դեկրետավորի, նա պետք է կարողանա համոզել, նա միշտ պետք է հաշվի առնի գրական ստեղծագործության սպեցիֆիկումը, հետևաբար, մեր քննադատները պետք է ամենապատասխանատու վերաբերմունքն ունենան դեպի իրենց աշխատանքը։ Եթե սովորելու պահանջը մեր հիմնական պահանջն է գրական բանակին, ապա այդ պահանջը ամենից առաջ վերաբերում է մեր քննադատներին»>[2]:

Նույնիսկ այս որոշակի հայտարարությունից հետո, թե չի կարելի հեղինակի գրվածքից 3—4 տող վերցնել, եզրակացություններ հանել և մակդիրներ տալ հեղինակին, մենք տեսանք, որ այստեղ մեր քննադատներից մեկը նույն ձևով վարվեց, նույն մեթոդով վարվեց. կարդաց մինչև ստորակետը, առանց նույնիսկ վերջակետի հասնելու։ Ես սրա վրա կանգ չեմ առնի, որովհետև ընկ. Չարենցը խոսեց այդ մասին, և ասաց, որ սա պայքարի մեթոդ չէ։ Ես պետք է ասեմ, որ ռապպականության զարգացման աղբյուրներից մեկն էլ մեր գրաքննադատների ցածր կուլտուրական մակարդակն է։ Նրանք (գրողները — խմբ.) պարզ չեն պատկերացնում, թե ինչպիսի ժանրի հետ գործ ունեն՝ տեղական նացիոնալիզմի մեջ ընկնելիս։ Եթե մեկը կոնսերվ է բաժանում և Հայասսանին տալիս է շատ, Վրաստանին՝ քիչ, նրա խնդիրը հեշտ է լուծել, հեշտ է նրա դեմ պայքարել, աշխատանքից հեռացնում են, և հարցը վերջացավ։ Սակայն գրական երկի մեջ եղած դեմոկրատական-նացիո ֊ ւալիստական սխալները չի կարելի այս ձևով վերացնել, և եթե մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացություններ անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մեջ և երկի կառուցվածքից չեն բխեցրել այդ քննադատությունը, ինչպես ես իմ զեկուցման ժամանակ[3] վեր հանելով Թոթովենցի գրվածքի, ինչպես և իմ գրվածքի այս կամ այն կտորները, վերցնելով ամբողջ երկը, ապացուցեցի, որ դա առաջ է գալիս և՛ ձևից, և՛ թեմատիկայից, և լեզվից: Ես նորից եմ կրկնում, որ զանազան պայմաններում այդ իդեոլոգիան ներկայանում է զանազան ձևով. ես ուզում եմ մեկ ոտանավորով ասել, որ ստեղծագործողն ինքը հետին թվով համոզվում է, քան այդ կարողանում է համոզել մեր քննադատը, թե ինչպիսի սխալներ է ինքը կատարել։ Ես կկարդամ Ձեզ այդ ոտանավորները (կարդում է)։ Այն կսկիծը, որ կա այստեղ, սա առաջանում է այն ռիթմից և մետաֆիզիկայից, որ ստեղծագործության մեջ իբրև առանձնահատկություն երևան է գալիս։ Ես այս ասելով ուզում եմ ցրել այն միտքը, որ երբեք որևէ մի գրող գրիչը իր ձեռքը չի վերցնում նպատակ ունենալով տալ թշնամու իդեոլոգիան կամ գովել նրա անցյալը և այլն։ Պետք է սա ընդմիշտ հասկանալի լինի։ Սակայն սա, իհարկե, մեզ իրավունք չի տալիս մեր կատարած սխալներն արդարացնելու, և երբ մենք հետագայում, որպես ստեղծագործող, կարդում ենք մեր երկը, տեսնում ենք արդեն պակասը և մենք մեզ ներքուստ ավելի ենք քննադատում, քան որևէ քննադատ։ Ես հույս ունեմ, որ համագումարից հետո մեր քննադատությունը վերջ կտա քննադատական այն ձևերին, որ մինչև այժմ ունեցել է։ Մենք ինքներս սկսելով ինքնաքննադատությունը՝ կսովորեցնենք մեր քննադատներին մեզ մեր պահանջած ձևով քննադատել։

Երկրորդ խնդիրը, որ ես պետք է դնեմ, լեզվի հարցն է։ Դուք գիտեք, որ վերջերս գրողների միությունը լեզվի խնդիրների առթիվ ունեցավ դիսպուտներ, որոնց ընթացքում թույլ տրվեցին մի շարք սխալներ։ Այդ սխալներ կատարողներից մեկը ես էի, որ խիստ արտահայտվեցի Նաիրի Զարյանի լեզվի նկատմամբ՝ անվանելով այն փնթի։ Սրանով ես չեմ ուզեցել նրա լեզուն որակավորել, սակայն այդ ընթացքում մենք խմբակայնությամբ տարվելով, մոռացել էինք, որ կրակը պիտի ուղղել դեպի արխաիզմը, դեպի գրաբարը և ոչ միայն դեպի բարբառը։

Այս կապակցությամբ ես պետք է խոսեմ ընկ. Չարենցի զեկուցման դեմ։ Դուք հիշում եք, որ ընկ. Չարենցը լեզվի խնդիրների կապակցությամբ ունեցած իր զեկուցումով[4] ինչպես երկու ճյուղի օգտագործման խնդիրը դրեց։ Որպեսզի դուք վերհիշեք այդ զեկուցումը, ես ձեզ կկարդամ Վահան Տերյանից այն հատվածը, որի վրա կառուցված է այդ զեկուցումը. <«Մեր ռուսահայ կամ արևելյան լեզուն առաջ է գնացել երկու շավղով, երկու ճյուղավորությամբ. մի կողմիցս դա այն լեզուն է, որ դարձել է մեր մամուլի այժմյան լեզուն, այլ խոսքով՝ մեր գրական լեզուն, մյուս կողմից՝ այն լեզուն, որ գործածել են Աբովյանը և հետո Պռոշյանը, Աղայանը և Թումանյանը»։

«Այդ երկու ճյուղավորություններից մեկը դարձել է մեր մամուլի, գրականության խոշորագույն հատվածի, մեր ժողովների, գրագրության լեզուն, իսկ մյուսը կիրառվել է գլխավորապես գեղարվեստական գրվածքների շրջանակում, սակավ առ սակավ ելնելով այդ շրջանակներից և արշավանք գործելով ուրիշ գավառներ, այն էլ գլխավորապես միայն հրապարակագրության ու մամուլի գավառը։ Դրանից հեռու չի գնացել, գիտական առարկաների լեզուն լինելու փորձեր չի արել նա»։

«Աբովյանը վերցրել է մի բարբառ և, առանց այլևայլության գրել այդ բարբառով և հակադրել է այդ բարբառը գրաբարին։ Իսկ մյուս ճյուղը նույն նպատակին դիմել է մի ուրիշ ճանապարհով. նա կերտել է մի նոր լեզու, որի մեջ մտել են նյութեր և՛ գրաբարից, և՛ բոլոր այն ժամանակ հայտնի և գործածության մեջ գտնվող բարբառներից:

Իրավ որ, Նազարյանի լեզուն ավելի մոտ է հին լեզվին, այսինքն՝ գրաբարին։ Աբովյանի լեզուն հասկանալի էր, շատ դյուրըմբռնելի մեր ժողովրդի մի մասին, որովհետև նրա իսկ, ժողովրդի այդ հատվածի լեզուն էր, սակայն չպետք է մոռանալ, որ դա հայ ժողովրդի մի հատվածն էր միայն։ Մինչդեռ ախալքալաքցու կամ շիրակեցու համար այդ լեզուն գուցե ավելի դժվար ըմբռնելի էր, քան ո՛չ միայն Նազարյանի լեզուն, այլ նույնիսկ գրաբարը։ Այս մեկ։ Երկրորդ, եթե այդ լեզուն իրոք գրականության, մամուլի, գիտության լեզու լինելու ընդունակ լիներ, ուրեմն կդառնար այդպիսին, քանի որ նա մեր ժողովրդի ամենակոմպակտ ու ամենախոշոր հատվածի լեզուն էր։ Եթե չդարձավ, կնշանակե՝ չէր էլ կարող դառնալ։

Բայց նա տվեց Նազարյանի-Նալբանդյանի—Շահազիզի լեզվին իր հարստություններից այն, ինչ նրանք կարողացան վերցնել, ինչ կարևոր եղավ նրանց։

Թվում է, սակայն, որ Աբովյանով էլ պիտի վերջանար լեզվի այդ ճյուղավորումը, քանի որ դրանից հետո ծագեց մի ամբողջ գրականություն ու մամուլ Նազարյան շկոլայի լեզվով և, ըստ ամենայնի, այդ հյուսիսափայլյան լեզուն հաղթող էր հանդիսանում։

Սակայն ո՛չ։ Առաջ եկան, մի կողմից՝ Պռոշյան, Աղայան, մյուս կողմից՝ Սունդուկյան, որոնք շարունակեցին բարբառով գրել և ավելի ևս բարդեցին այդ խնդիրը։

Ըստ երևույթին, այդ մարդկանց չէր գոհացնում Նազարյանի և Շահազիզի, իրավ, որ անկենդան լեզուն։

Ճիշտ է, անկենդան էր այդ լեզուն, կիսամեռ էր նա, առկախ գրաբարից, լի խրթին ու չոր խոսքերով և դարձվածքներով։

Եվ շատ հասկանալի է, որ Սունդուկյանի նման մի անզուգական տաղանդ պետք է նկատեր, որ դրամայի ասպարեզում, թատրոնում այդ Նազարյան-Շահազիզյան լեզուն անկիրառելի է, անթույլատրելի, անհնար։ Որովհետև ոչ մի տեղ այնքան աչքի չի ընկնում լեզվի մեռածությունը, որքան թատրոնում և այն՝ կենցաղագրական-նատուրալիստական թատրոնում։

Մյուս կողմից՝ նույնը պիտի զգար և՛ Աղայանը, և՛ Պռոշյանը՝ ժողովրդական կենդանի կենցաղին մոտենալիս։ Այս ամենը պարզ է, սակայն ինչպե՞ս հաշտեցնել այդ երկու ճյուղավորությունը։ Չէ՞ որ մի գրականություն պիտի ունենա իր մի լեզուն։ Հո չէ՞ր կարելի պատմվածք, դրամա կամ հեքիաթ գրելիս մի լեզու գործածել, իսկ հոդված ու դասագիրք գրելիս կամ թարգմանություն անելիս՝ ուրիշ լեզու։ Ինչպե՞ս պիտի հաշտվեր հայ գրողն այդ տարօրինակ դրության հետ։ Մի կողմից, կարծես թե ստեղծվում էր Նազարյանի և նրա աշակերտների ձեռքով մի տեսակ արհեստական, շինծու լեզու, գրաբարի ու աշխարհաբարի մի խառնուրդ, մյուս կողմից առաջադրվում էր մի բնական լեզու, կենդանի մի բարբառ, ժողովրդի բերանից վերցրած։

Որի՞ն պետք էր առավելության տալ և որի՞ն պիտի պատկաներ ապագան։

Թվում էր, թե կենդանի, «բնական» լեզվին էր պատկանելու ապագան, որ նա պիտի տիրող հանդիսանար և հաղթեր։ Սակայն այդպես չեղավ։

Այստեղ ևս մենք պիտի գնայինք այն ճանապարհով, որով գնացել են բոլոր եվրոպական ազգերը։ Առանց այդ ճանապարհի վրա կանգնելու անհնար էր առաջ գնալ, որովհետև այդ է միակ ճանապարհը․ և իզուր չէր, որ այդպես էր գնացել բոլոր մյուս ազգերի զարգացման ուղին»[5]

Ուրեմն, Վահան Տերյանը, կամ Չարենցը՝ Վահան Տերյանի նման, գտնում է, որ այդ երկու ճյուղերը հարկավոր է միացնել, կազմել մի հստակ լեզու, և որ այդ լեզուն պետք է զարգանա եվրոպական ժողովուրդների ճանապարհով։ Հարց է առաջ գալիս, ինչու՞ Վահան Տերյանն այն ժամանակ լեզվի խնդիրն այս ձևով էր դնում։ Որովհետև Վահան Տերյանը, լեզվի <զարգացման մասին խոսելիս>, դնում էր բուրժուազիայի պրոգրեսիվ դերի պաշտպանությունը։ Այդ ժամանակ նրանք (հայ գրողները—կազմ․) պրոլետարական հեղափոխության մասին գաղափար չունեին, և պատահական չէ, որ ճիշտ նույն ժամանակ դաշնակցությունը ևս լեզվի մասին գրած իր հոդվածում արշավանք է գործում բարբառների դեմ, արշավանք է գործում ժողովրդական լեզվի դեմ։

Պետք է ստեղծել մի կենտրոնաձիգ լեզու, սակայն այդ կենտրոնաձիգ լեզուն չպետք է ստեղծել այնպես, ինչպես ընկ․ Չարենցն է դնում խնդիրը։ Դուք գիտեք, որ ներկայումս մեր գրական լեզվի մեջ բարբառը չի արտահայտվում։ Մեր մամուլը, ինչպես և մեր գյուղացիությունը աշխատում են այդ մաքուր լեզվով էլ խոսել։ Սխալ է ասել, որ Հոկտեմբերյան լեզուն զարգացել է Տերյանի ձևով․

ՏԵՂԻՑ—Չարենց — Դա տերմին է։

Բակունց—Հենց թեկուզ որպես տերմին էլ չի կարելի գործածել։

Եվ եթե հարցն այսպես դնենք, մենք կտեսնենք, որ այն կկանգնի գլխի վրա։ Թումանյանի լեզվի մասին Չարենցը իր տված զեկուցման մեջ ասում է․ <«Հանձին Հովհ․ Թումանյանի մեր գրական լեզվի շինարարության ասպարեզում մենք տեսնում ենք վերջին ամենացայտուն և ամենաբնորոշ ներկայացուցչին լեզվական այն տենդենցի, որի բնորոշ կողմն են կազմում լեզվական գավառական հատկանիշները (թե՛ բառակազմության և թե՛ համաձայնության մեջ)։ Լեզվական այս տենդենցը, սկիզբ առնելով Խ․ Աբովյանից, իր հետագա ներկայացուցիչների մոտ հետզհետե ազատագրվում է գավառական հատկանիշներից (առանձին է մնում Գ. Սունդուկյանը) և Հ. Թումանյանի երկերում դառնում է մի լեզու, որ կիսով չափ մոտենալով մեր ընդհանուր գրական լեզվին, կիսով չափ դեռևս պահում է իր մեջ գավառական հատկանիշները, և այս վերջիններս են, որ նրա լեզվի մեջ ստեղծում են այն ինքնուրույնն ու յուրահատուկը, որ մենք հասկանում ենք «Հ. Թումանյանի լեզու» ասելով։ Եթե մենք Հ. Թումանյանի լեզուն զրկենք այս հատկանիշներից, կստանանք մաքուր գրական լեզու, բայց սա արդեն չի լինի այս գրական լեզուն, որ բնորոշ է Թումանյանի համար: Թումանյանի լեզվի այդ յուրահատուկն ու բնորոշը, որ նրա լեզվին տալիս են գյուղական ինտոնացիա, մեր խորին համոզմունքով՝ պատմականորեն դատապարտված է մահվան, ինչպես այդ ցույց է տալիս մեր գրական լեզվի հետագա զարգացումը, մեր ներկա գրական լեզուն, առանց բացառության»[6]:>

Ուրեմն, Թումանյանի լեզվին յուրահատուկ և բնորոշը Չարենցը համարում է գյուղական ինտոնացիան։ Ես կկարդամ Տերյանի գնահատականը նույն Թումանյանի լեզվի վերաբերյալ. <«Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի։ Սակայն նա պահպանել է իր լեզվի մեջ դեռ երկու բառ՝ դա հռչակավոր էս-ն ու էն-ն է։ Այդ էս-ն ու էն-ը այս ու այն-ի հանդեպ մեր գրականության մեջ առաջին բարբառների գործածության վերջին զինվորներն են, վերջին բերդերն են և, ըստ իս, շատ խարխուլ ու անհաստատ բերդերը, որ դեռ պահպանում են իրենց գոյությունը և մինչև անգամ թշնամական բանակի մեջ իրարանցում գցելու անհաջող փորձեր էլ են անում։ Թումանյանի մի քանի շնորհալի և անշնորհք աշակերտները ճիգեր են թափում այդ էս-ն ու էն-ը ընդհանրացնելու, և պետք է խոստովանել, շնորհիվ մեր երկրում տիրող անտերությանը, որոշ չափով հաջողում են այդ բանում»[7]։> Այսպիսով, Տերյանը Թումանյանի լեզվի մեջ գտնում է երկու բացասական բառ՝ «էս» և «էն» բառերը։

Ինչո՞ւ եմ հարցն այսպես սուր դնում։ Սա մեր ներքին հարցերից մեկն է, և սա տեսության մեջ կարևոր խնդիր է, ուստի պետք է նույնպիսի քաղաքական բարձրության և նույն որակին հասցնել, ինչ որ մյուս տիպի սխալների <հարցերը>։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Յուրաքանչյուր տիրապետող դասակարգ իր հետ բերում է յուրահատուկ լեզու, և ճիշտ է այստեղ պրոֆեսոր Մանուկ Աբեղյանի ասածը, որ ժամանակակից առաջնակարգ լեզուն ազդում է մյուս լեզուների վրա. պրոլետարական հեղափոխությունից հետո մեր ժամանակակից լեզուն կրում է այնպիսի խոշոր ազդեցություն մի այնպիսի լեզվից, ինչպիսին է մեր Հոկտեմբերյան հեղափոխության հայրենիքի լեզուն։ Փոխառությունների խնդրում մենք ավելի իրավունք ունենք վերցնելու ռուսական լեզվից, քան մի ուրիշից։

Մաքուր լեզվի, կենտրոնաձիգ լեզվի խնդիրը պետք է դնել։ Ես գտնում եմ, որ այդ լեզուն խարսխված պետք է լինի ժողովրդական լեզվի վրա։ Սրա համար մենք պետք է ուսումնասիրենք Թումանյանի լեզուն <նկատի առնելով>, թե իր ժամանակին Թումանյանն ինչպես է կարողացել օգտագործել բարբառները և ժողովրդական լեզուն, գրաբարը, զանազան պատկերներ և այլն ու ստեղծել այնպիսի լեզու, որը հանդիսանում է, ես կասեի, նախահոկտեմբերյան պոեզիայի լեզուն։ Եվ այդպիսով՝ Թումանյանը դառնում է այդ լեզվի նախահայրը, որովհետև Թումանյանի փորձն այս կապակցությամբ ավելի շատ տվյալներ ունի օգտակար լինելու, քան Տերյանի լեզվաշինարարության փորձը։

Լեզվի դիսպուտների ժամանակ, զբաղված լինելով խմբակայնությամբ, գիտակցաբար, մենք անցանք մի քանի խնդիրների, որոշակի խնդիրների կողքով, ինչպիսին է գրաբարի օգտագործման խնդիրը։ Հարց է առաջ գալիս, ի՞նչ ասպարեզներում և ի՞նչ չափով կարելի է օգտագործել գրաբարը։ Ես կարծում եմ՝ այն կարելի է օգտագործել պետականության, փիլիսոփայության և ռազմական ասպարեզներում, և այս ուղղությամբ օգտագործված գրաբարը դրական հետևանքներ է տալիս։ Իսկ եթե գրաբարով ուզում ենք նկարագրել բնությունը, կամ <գրել> այս կամ այն ստեղծագործությունը, գրվածքը, տեսնում ենք, որ բացասական հետևանք է ունենում։ Այս իսկ տեսակետից՝ նայած նյութին. այս կամ այն չափով էլ դրվում է գրաբարի օգտագործման խնդիրը։ Իմ կարծիքով լեզվաշինարարության խնդիրներում մենք կանգ ենք առնում և դժվարությունների հանդիպում առարկաների <համար> բառեր <որոնելիս>: Այսպիսի խնդիրներում պետք է ելակետ ունենալ ժողովրդական բարբառը։ Դուք գիտեք, որ մենք հաճախ այս կամ այն բառը ճիշտ հայերեն գործածելու համար հանդիպում ենք դժվարությունների։ Այն նրբությունը, որ ուզում ենք այս կամ այն բառով արտահայտել, <ճիշտ, հարմար բառը> մենք չենք գտնում։ Դուք դիտեք, որ Գոգոլի ստեղծագործությունների մեջ փոքր, փոքրիկ և այլ գովասանական <իմաստները> ունեն իրենց հատուկ բառերը։ Հայոց լեզվի մեջ այդ տեսակետից մենք կանգնած ենք դժվարությունների առաջ։ Ես՝ ընկ. Խանջյանի այս ուղղությամբ ունեցած դրույթը սպառիչ եմ համարում, և որևէ տարակուսություն այստեղ ավելորդ եմ գտնում. <«Պայքարելով լեզվի մաքրության խնդրում նացիոնալիստական արտահայտությունների դեմ, միաժամանակ պետք է հարվածել մեծապետական շովինիզմը արտահայտող տենդենցները, պետք է հարվածել այն «ձախլիկներին», որոնք չեն ցանկանում ընդունել հայերենի (ազգային լեզվի) զարգացման անհրաժեշտությունը և օրինաչափությունը, ձգտում են գործնականում խոչընդոտներ հարուցել հայերենի զարգացման առաջ, անգամ թարգմանությունների մեջ թույլ չտալով հայերենում վաղուց գործածական և ընդհանուրին հասկանալի արտահայտություններ։ Օբյեկտիվորեն այս կարգի շեղմանն է նպաստում նաև գռեհկաբանությունը, լեզվի մեջ բարբառների անքննադատ օգտագործումը, լեզվի օրենքների ոտնահարումը։

Մենք ստեղծում ենք և ստեղծելու ենք այնպիսի հայերեն գրական լեզու, որը 1) կարողանա լրիվ արտահայտել բոլոր այն հասկացողությունների գումարը, որն անհրաժեշտ է արտահայտելու համար մեր ժամանակակից սոցիալիստական հասարակության բոլոր երևույթները, 2) որ լիովին հասկանալի լինի աշխատավորական մասսաներին, մի լեզու, որ հզոր զենք լինի մեր սոցիալիստական բովանդակությամբ ազգային կուլտուրան չտեսնված բարգավաճման հասցնելու համար[8]»>:

Այս երկրորդը, որ լեզուն հասկանալի պետք է լինի աշխատավոր մասսաներին, իմ կարծիքով, <եթե ճիշտ չհասկացվի> մեր գրականության համար վտանգավոր երևույթ կներկայացնի։ Որովհետև երբ այսպես ենք դնում հարցը, այն ժամանակ լեզուն սկսում են խառնել, և ժողովրդականը գռեհկացնում են։ Ես, դժբախտաբար, մեր գրողների մեջ չեմ գտնում մի այնպիսին, որը լեզվի տեսակետից օրինակելի լինի, բացի ընկ. Չարենցի լեզվից, և այդ պատիվը պատկանում է մեր մեծ գրող Չարենցին։

Այն բացասական նիվելիրովկան, որի <մասին> ընկ. Չարենցը <խոսեց>[9], առաջ է բերում լեզվի խառնվածություն, լեզվի թլվատություն և այլն։ Այնպես որ, պետք է բարբառները կշռել դեղատան կշեռքի ճշտությամբ և վարվել այնպես, ինչպես այդ անում են ռուսական գրողները, որից մի փորձ ես կբերեմ։ Նրանք վերցնում են ժողովրդական մի արտահայտություն, մեկնաբանում են այդ արտահայտության օրենքը, և հետո իրենք կառուցում այդ օրենքի հիման վրա այն նոր բառը, որ անհրաժեշտ է ստեղծել. այս տեսակետից՝ Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար։

Լեզվի ասպարեզում կատարված սխալները հետևանք են մեծապետական շովինիզմի. նրանք կարծում են, թե հայերենով ամեն ինչ չի կարելի արտահայտել, ուստի և հարկ չկա այդ հայերենի վրա աշխատանք թափելու։

Այս տեսակետից ես կարող եմ ասել, որ Տիգրան Հախումյանը «Ցասում»-ի թարգմանությամբ մեծապես վնասել է լեզվին։ Ես գտնում եմ, որ հայկական լեզվի այն պրովինցիալ տեսակը կորել է, և մենք ունենք այժմ մի լեզու, հարուստ լեզու, որը հնարավորություն ունի ոտքի կանգնելու, և շատ շուտով ոտքի կկանգնի։

Այժմ անցնում եմ իմ ելույթի հիմնական մասին։ Դա մեր գրողների ստեղծագործությունների մեջ արված սխալներն են։ Ընկ․ Խանջյանն իր ելույթի մեջ բավական սեղմ և ազդու ձևով նշեց այս բոլորը։ Ընկ․ Խանջյանն ասաց. <«Առանձնապես պետք է նշել, որ մեր գրականության մեջ դեռ արտահայտություն են գտնում խորթ ազդեցություններ, դասակարգայնորեն թշնամի ազդեցություններ։ Մեր գրողներից ոմանք այսօրվա մեր իրականությունից կարծես թե փախուստ են տալիս դեպի անցյալը։ Երբեմն իդեալականացնում են անցյալի ամենամռայլ էջերը (Մահարի, Թոթովենց), թախիծով և կարոտով են վերարտադրում անցյալի էջերը և օբյեկտիվորեն նույնիսկ նսեմացնում են մեր այսօրը (Բակունց-«Ծիրանի փողը»)։ Չափազանց հատկանշական է Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն։ Գեղեցիկ, հաջող, մնայուն կտորների կողքին այստեղ կան առանձին գործեր, որտեղ արտահայտված գաղափարները մերը չեն։ Սխալ է Չարենցի մոտեցումը դեպի մեր անցյալը («Պատմության քառուղիներով»). մեր ժողովրդի ամբողջ անցյալի մեջ նա չի գտնում ոչ մի լուսավոր կետ. նրա պոեմը վերածվում է մի նոր «ողբի» և, որ ամենից զարմանալին է ու պախարակելին, նրա «ողբը» տարածվում է ոչ միայն մեր անցյալի, այլ որոշ չափով նաև մեր ներկայի վրա։ Այստեղ արդեն այնքան լուրջ է Չարենցի կատարած սխալը, ըստ էության նացիոնալիստական շեղում, որ նա պետք է շատ լուրջ մտածի և անհապաղ ուղղի այն։ Մենք չենք ասում, թե չի կարելի գրել կամ չպետք է գրել անցյալի մասին։ Ոչ։ Մենք պահանջում ենք անցյալի մասին գրելիս՝ դիտել այն կոմունիզմի լուսարձակով, դիտել այն որպես դասակարգային պայքարի պատմություն, այլապես դուրս է գալիս կամ անցյալի լիրիկական իդեալականացում, կամ լալկան ողբ, կամ երկուսը միասին, այլապես դուրս է գալիս պատմական իրողության աղավաղում, իսկ պատմական իրողությունը աղավաղող գեղարվեստական ստեղծագործությունը, այդ շատ լավ հայտնի է ձեզ՝ գրողներիդ, անարժեք է նաև գեղարվեստորեն։

Վերը բերված սխալների նացիոնալիստական բնույթը պարզ է միանգամայն։ Ահա թե ինչու մենք խստապահանջ ու անխնա պետք է քննադատենք այդ սխալները՝ երևան հանելով նրանց սոցիալական-դասակարգային աստառը։ Առավել ևս անհրաժեշտ է խիստ և անհրաժեշտ է լինել, որովհետև նացիոնալիստական սխալներն ու սայթաքումները հանդես են եկել մեր գրականության երկու խոշոր վարպետների մոտ (Չարենց և Բակունց), այն էլ մեր մի շարք պարզորոշ նախազգուշացումներից հետո[10]»։>

Ես ամենևին միտք չունեմ այս դիտողության ճշմարիտ լինելը հայտարարելու։ Ես կուզեի ասել, որ նացիոնալիստական սխալները թե՛ Չարենցի մոտ, թե՛ ինձ մոտ և թե ուրիշների մոտ ինչից են առաջ եկել։ Իմ կարծիքով, եթե վերցնենք մեր սխալների հիմնական գիծը, կտեսնենք հետևյալը, որ մեր երկրում տեղի ունեցող մի շարք իրադարձերը՝ գյուղի վերակառուցումը, կոլխոզ շինարարությունը, [բաց] կտրված են իրականությունից։ Սրա հետ էլ եթե մենք հաշվի առնենք այդ հեղինակների վիճակը՝ անցյալը քրքրելու դժվարությունների հետ կապված, այդ կլինեն այդ սխալների արմատները։

Ճիշտ է, ընկերներ, որ անցյալի դեմոկրատական տարրերը պետք է օգտագործենք։ Սակայն մենք երևան չենք հանել այդ դեմոկրատական տարրերի պայքարը իրենց շահագործողների դեմ։ Ես մի քանի խոսքով ուզում եմ կանգ առնել Նաիրի Զարյանի «Ռուշանի քարափի» վրա. ես գտնում եմ, որ նա գրված է Թումանյանի «Անուշ»-ի ազդեցության տակ, ինչպես որ Նաիրի Զարյանը այստեղ աշխատեց ապացուցել, որ Չարենցի «Գովք»-ը նման է Շնորհալիի գրվածքներին՝ ոճի տեսակետից։ Ինչո՞ւ եմ ես խնդիրն այս կապակցությամբ դնում։ Իհարկե, չի կարելի ասել, որ Նաիրին անմիջականապես օգտվել է Թումանյանի «Անուշ»-ից կամ Չարենցը՝ Շնորհալուց, բայց հիմնականն այն սխալն է, որ երկու հեղինակներն էլ հին ձևի մեջ դրել են նոր բովանդակություն, և երբ դուք կարդում եք «Ռուշանի քարափը» և Թումանյանի «Անուշ»-ը, տեսնում և զգում եք այդ նմանությունը. ինչպես ձեթով ամանի մեջ եթե գինի լցնես և հետո այդ գինին գործածես, կզգաս ձեթի հոտը, այնպես էլ այս դրվածքի և Եղիշեի «Գովք»-ի մեջ տեսնում ենք <Թումանյանին և> Շնորհալիին։ Եվ այսպիսով՝ շատ անգամ հին ձևի մեջ դնելով նորը, <հինն> առանց քննադատաբար օգտագործելու, սխալներ ենք անում։

Մենք տեսնում ենք <նաև>, որ գրական ստեղծագործության համար ժանրի օգտագործումը ոչ թե առաջնակարգ խնդիր է, այլ երկրորդական։

Մի դիտողություն էլ, և ես կվերջացնեմ։ Ընկերներ, մենք խոսեցինք այստեղ մի հիմնական թերության մասին. որ մենք՝ գրողներս, չենք օգտագործել նորագույն ձևերը։ Ես պետք է ասեմ, որ մերն է մեղքը, որ մեր գրականության մակարդակը ցածր է, և մենք ենք մեղավորը, որ ընկնելով այս կամ այն ձախության կամ աջության մեջ քաղաքացիական ակտիվություն գրականության մեջ չենք ունեցել։ Մենք կարծես այդ գծից վախենում ենք, բայց չպետք է վախենանք և պետք է մոտենանք սոցիալիստական շինարարությանը, այդ գիծն ուժեղացնելու համար, որպեսզի կարողանանք այդ հիմնական նյութը գեղարվեստական գրականությամբ արտահայտել։

Ես ուղղակի ամոթով եմ հիշում ընկ. Խանջյանի ասածը, որ Շոլոխովի տիպերը Վաղարշապատում ավելի են մասսայականացված, քան մերը։ Ինչո՞ւ Նաիրի Զարյանի տիպերը չեն կարող Շոլոխովի տիպերի պես մասսայականացված, որովհետև նրան խանգարում է սխեմատիզմը, ան խանգարում է այն վերաբերմունքը, որ նա ունի դեպի անցյալի կուլտուրան։ Ես կարող եմ կարդալ ընկ. Զարյանի՝ իր մանկության մասին գրածը, որտեղ նա վախենում է իր անցյալից։ Նա այդ մանկության մեջ չի ուզում որևէ դեմոկրատական էլեմենտ անգամ տեսնել։ Սա ևս ձախ կարգի սխալ է, և սա մեր հեղինակներին զրկում է աչքի ընկնող տիպեր տալու հնարավորությունից։

Ես համոզված եմ, որ ընդհանուր օգնությամբ, ելնելով գրականության շահերից՝ մենք հնարավորություն կունենանք բարգավաճել այդ գրականությունը։

Այն <վախը>, որ մենք ունենք դեպի հինը, սխալ դրույթ է։

Ես համոզված եմ, որ մենք կարդարացնենք այն հույսերը, որ մեր ընթերցող սերունդը կապում է մեզ հետ։ Մենք այսուհետև կապվելով մեր իրականության հետ՝ կաշխատենք արդարացնել մեր նկատմամբ եղած պահանջը, մենք դեռևս շատ բան ունենք գցելու մեր պատմության անդաստանը, և մենք այնպիսի սերմեր կգցենք, որ պատմությունը կների մեղ մեր կատարած սխալների համար։

<ՀԱՅԿԻՆՈՅԻ ԳՈՐԾՈԻՆԵՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

Ընկ. Ակսել Բակունցը իր ելույթում ընդգծեց, որ Հայկինոյի արտադրությունների որակի ոչ բարձր հանգամանքը պիտի բացատրել ոչ միայն իդեոլոգիական և այլ սխալների, սցենարիստների կտրվածության և մեր կուլտուրայից անտեղյակ լինելով, այլև ժամանակի անխուսափելի պայմաններից, երբ Հայկինոն իր ժապավենների արտադրությամբ մրցման էր դուրս գալիս կարի գործարանի հետ։ Ընկ. Բակունցը շեշտեց, թե ինչպես ինքը և, այժմ, շատ գրողներ, սկզբնական շրջանում կինոդրամատուրգիան համարել են հեշտ և, միաժամանակ, գրողի համար անարժան մի գործ, իսկ այսօր նա ըմբռնում է կինոարվեստի՝ իբրև՝ սինթետիկ արվեստի ներկայացրած չափազանց մեծ դժվարությունները և սցենարիստի հաճույքը։ Ընկ. Բակունցը իր հերթին ընդգծեց սցենարիստի և ռեժիսորի կողմից մեր պայմանները և անցյալ կուլտուրան ճանաչելու անհրաժեշտությունը։ Դրանք նախապայմաններ են ձևով ազգային և բովանդակությամբ սոցիալիստական մեծ գործեր տալու, որոնք միաժամանակ դուրս գան միութենական կինոէկրանի վրա և հետաքրքրեն նաև միութենական դիտողին։ Պետք է շեշտել, որ Հայկինոյի ստեղծագործություններին նվիրված դիսպուտը մի շարք ելույթ ունեցողների կողմից վերածվեց արտադրական խորհրդակցության և անցավ շատ ընտանեվարի, անքննադատ մթնոլորտում։ Եթե գնահատելի է այն պարագան, որ անձնական հաշիվներ գրեթե տեղի չունեցան դիսպուտում, մյուս կողմից՝ կարելի էր ավելի սրելու զուտ ստեղծագործական բնույթ կրող հարցերը։

  1. 1
  2. 1
  3. 2
  4. 3
  5. 4
  6. 5
  7. 6
  8. 7
  9. 8
  10. 9